Վահե Հակոբյանի ու թիմակիցների հեռանալը կոնկրետ նպատակ ունի. գործա՞րք իշխանության հետ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության թեւը լքել է խորհրդարանը: Այդ մասին երեկ կուսակցությունն էր հայտարարություն տարածել՝ հստակեցնելով, որ ԱԺ-ից հեռանում են ու վայր դնում պատգամավորական մանդատները:

Կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանի հետ մեկտեղ մանդատից նաեւ 2 պատգամավորներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանն են հրաժարվել: «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից միայն Զեմֆիրա Միզոեւան է պահպանել մանդատը, դա էլ՝ այն պատճառով, որ ազգային փոքրամասնություններին հասանելիք քվոտայով է պատգամավոր ընտրվել, հետեւաբար մանդատից հրաժարվելը նաեւ քվոտան կորցնել ու այն իշխող մեծամասնությանը՝ ՔՊ-ին հանձնել կնշանակի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վահե Հակոբյանի ու թիմակիցների խորհրդարանական գործունեությունը դադարեցնելը կոնկրետ նպատակներ ունի: Չի բացառվում՝ իշխանության հետ համագործակցության արդյունք է մանդատներից հրաժարվելը, այսինքն՝ Վահե Հակոբյանը ունեցվածքը փրկելու ու կալանավորվելու վտանգից ազատվելու համար համաձայնության է եկել Փաշինյանի իշխանության հետ, որ լռելայն հեռանալու է ԱԺ-ից: Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Վահե Հակոբյանի նկատմամբ ունի տաբերակված մոտեցում, ակնհայտ է:

Օրինակ՝ Արմեն Աշոտյանին, որ որեւէ քրգործով չուներ դատավարական կարգավիճակ, արգելվեց երկրից դուրս գալ, սակայն Վահե Հակոբյանը, որը նույն կարգավիճակով մի քրգործով անցնում է, ազատ ելումուտ է անում Հայաստանից: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւ քննչական մարմիններն ակնհայտորեն Վահե Հակոբյանին «փրկում են»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս