ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել hանրակրթական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգի նախագիծը: Առաջարկվում է վերախմբագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի «Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 47-Ն հրամանը՝ համապատասխանաբար փոխելով նաև անվանումը:
Հրամանում փոփոխություն կատարելը պայմանավորված է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների համար փոխհատուցում ստացող սովորողների մասին տեղեկատվության թվայնացմամբ. այդ նպատակով նոր կարգավորումներ են նախատեսվելու:
Ըստ նախագծի հիմնավորման՝ մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման վերաբերյալ գործող կարգավորումները հրամանից հանելու անհրաժեշտությունը բխում է «ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը սահմանելու մասին» N 40-Ն հրամանի կարգավորումներից, որով սահմանված է մանկավարժների համար տրանսպորտային ծառայությունների փոխհատուցում: Առաջարկվող փոփոխությամբ հրամանում առկա կարգավորումները պարզեցվել և հստակեցվել են, որի արդյունքում վերախմբագրված հրամանով կկարգավորվեն միայն սովորողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը կթվայնացվի՝ հնարավորինս զերծ մնալով անճշտություններից: Սովորողներին առաջարկվող փոխհատուցումները.
Կփոխհատուցվի սովորողների տրանսպորտային ծառայությունների ծախսը՝ անկախ հեռավորությունից, եթե աշակերտը, իր փաստացի բնակության վայրում ուսումնական հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ կրթական ծրագրի բացակայությամբ պայմանավորված, ուսումը ստանում է այլ բնակավայրի կրթական հաստատությունում: Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր սովորողի համար չի կարող գերազանցել 20 հազար 200 ՀՀ դրամը: Ուսումնական հաստատությունը մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում մուտքագրում է տվյալ տարվա ընթացքում համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվություն, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը՝ տվյալ տարվա ընթացքում փոխհատուցում ստացող անձանց մասին ճշտված տեղեկատվություն: Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղի լինելու դեպքում՝ փոխհատուցման գումարը տրվում է համապատասխան երթուղիների համար սահմանված սակագների չափով, միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ՝ բայց ոչ պակաս 200 ՀՀ դրամը:
Եթե բացակայում է միկրոավտոբուսային կամ ավտոբուսային երթուղին, և տվյալ բնակավայրից տրանսպորտային փոխհատուցման ծառայություններից օգտվող սովորողների թիվը փոքր է չորսից (այսինքն` ենթադրաբար, անգամ համատեղ տաքսուց օգտվելու տարբերակն արդյունավետ չի լինի), ապա տրամադրվող փոխհատուցման չափը կկազմի նվազագույնը 1000 ՀՀ դրամ` ներկա ստացած յուրաքանչյուր օրվա համար։Այս գումարը հավասար բաժանվում է բոլոր օգտվողներին: Հաշվարկված գումարների շրջանակում (բացառությամբ կարգի 15-րդ կետով սահմանված դպրոցի շենքի հիմնանորոգմամբ, վերակառուցմամբ կամ նորի կառուցմամբ պայմանավորված այլ բնակավայրում տեղակայված դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպելու դեպքերի) կարող են ձեռք բերվել նաև ուղեփոխադրման ծառայություններ՝ պայմանով, որ դրանցից պարտադիր կարգով օգտվեն շահառուները։ Քաղաքացիները և շահառու խմբերը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև դեկտեմբերի 10-ը: