Առանց ողջամիտ պատճառ ներկայացնելու՝ նիստը հետաձգել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ այսօր՝ նոյեմբերի 30-ին, նախանշված նիստը հետաձգվել է: ArmLur.am-ի տեղեկություններով՝ նիստի ժամանակ պետք է դեկտեմբերի 2-ին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի հետ կապված հարցերը քննարկվեին: Բայց մեր տեղեկություններով, առանց ողջամիտ պատճառ ներկայացնելու՝ հանձնաժողովի նախագահությունը հետաձգել է այն:

ArmLur.am-ի ունեցած տեղեկություններով՝ նիստը վաղն է տեղափոխվել:

Նշենք, որ մինչև Ազգային ժողովի լիագումար նիստեր հասնելը՝ նախագիծը նախ պետք է խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում քննվի: Եվ քանի որ արտահերթ նիստն Ադրբեջանի խորհրդարանի նոյեմբերի 8-ի հայտարարությանն է վերաբերում (այսինքն՝ արտաքին հարաբերություններին վերաբերող թեմա է), ապա այն խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պետք է քննվի:

Հանձնաժողովն, ի դեպ, այս նախագծին նկարող է թե՛ դրական, թե՛ բացասական եզրակացություն տալ: Բայց անկախ եզրակացությունից՝ ցանկացած նախագիծ կարող է քննարկվել ԱԺ-ի արտահերթ կամ հերթական նիստերի ժամանակ: Տվյալ նախագծի դեպքում ամենահետաքրքիրն այն է, թե արդյո՞ք իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը» կգա ու բավարար քվորում կապահովի հարցի քննարկման համար:

Սևակ Վարդումյան




Լրահոս