«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը երեկ հայտարարեց խորհրդարանում իր գործունեությունը դադարեցնելու մասին:
Կուսակցության անդամ պատգամավորներ Վահե Հակոբյանը, Ելենա Կիրակոսյանը և Հռիփսիմե Ստամբուլյանն էլ վայր դրեցին մանդատները:
Թեև շատ են խոսում, որ «Վերածնվող Հայաստանի» և «Հայաստան» դաշինքի մյուս անդամների մեջ լուրջ տարաձայնություններ են եղել, բայց ArmLur.am-ի հետ զրույցում կուսակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը վստահեցրեց, որ միակ անհամաձայնությունը եղել է ԱԺ նիստերին մասնակցել-չմասնակցելու հետ կապված. «Թիմակիցների հետ գաղափարների և մոտեցումների առումով որևէ տարաձայնություն չի եղել, եղել է պարզապես մոտեցումների տարբերություն՝ խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու հետ կապված:
Մենք խորհրդարանից չէինք էլ հեռացել, խորհրդարանական գործունեությամբ շարունակել ենք զբաղվել, բայց ԱԺ նիստերին մասնակցելուն դեմ ենք եղել»,-ասաց Ստամբուլյանը՝ հավելելով, որ «Վերածնվող Հայաստան»-ում այս առումով համընդհանուր կոնսենսուս է եղել:
ԱԺ նախկին պատգամավորը վստահեցրեց, որ թեև հեռացել են խորհրդարանից, բայց համագործակցությունը «Հայաստան» դաշինքի և մյուս բոլոր առողջ ուժերի հետ շարունակվելու է. «Մենք նույն գաղափարներն ու մոտեցումներն ունենք, դրանցում ոչինչ չի փոխվել: Մեր բոլոր թիմակիցները, առհասարակ, Հայաստանի համար անհանգստացող մարդիկ, կարծում են, որ մեր ժողովրդի փրկությունն այս իշխանությունների մեկ օր շուտ հեռացմամբ է պայմանավորված, այս առումով որևէ տարաձայնություն չկա»,-ասաց նա:
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ «Վերածնվող Հայաստան»-ը շարունակելու է իր գործունեությունը խորհրդարանից դուրս որպես ընդդիմադիր ուժ. «Մանդատով, թե առանց մանդատ, մեր մոտեցումները չեն փոխվում»,-հավելեց նա:
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ Վահե Հակոբյանի ու թիմակիցների խորհրդարանական գործունեությունը դադարեցնելը կոնկրետ նպատակներ ունի. «Չի բացառվում՝ իշխանության հետ համագործակցության արդյունք է մանդատներից հրաժարվելը, այսինքն՝ Վահե Հակոբյանն ունեցվածքը փրկելու ու կալանավորվելու վտանգից ազատվելու համար համաձայնության է եկել Փաշինյանի իշխանության հետ, որ լռելյայն հեռանալու է ԱԺ-ից: Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Վահե Հակոբյանի նկատմամբ ունի տարբերակված մոտեցում, ակնհայտ է»:
Հարցին՝ արդյո՞ք իրենց այս որոշումը իշխանությունների հետ համագործակցության արդյունք է, կամ որևէ կաշկանդվածություն ունեցել են որոշում կայացնելիս, Ստամբուլյանն արձագանքեց. «Նոնսենս է, իշխանությունների հետ համագործակցությունը բացառված է: Մենք վախենալու կամ մտահոգվելու բան չունենք, ինչպես իրենք էին ասում, թե մանդատներից ենք կառչած, հիմա մանդատից ոչ ոք կառչած չի, ոչ էլ անձեռնմխելի ենք»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասաց նա: