«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին կմասնակցի Ազգային ժողովի արտահերթ նիստին: Այն նախաձեռնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Այս պահի դրությամբ հստակ առաջարկներ չկան։ Նիստի օրակարգում ընդգրկված հայտարարության նախագծի մեջ կան կետեր, որոնք ընդունելի են, կան կետեր, որոնց շուրջ պետք է աշխատել։ Արտահերթ նիստը ամեն դեպքում կկայանա, իշխանական խմբակցությունը կներկայանա նիստին»,- նշեց Աղաջանյանը։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ արտահերթ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին: Նիստը հրավիրվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: Հիմնական զեկույցով հանդես կգա Անդրանիկ Թևանյանը, ով կներկայացնի Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։