ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչու հոկտեմբերի 23-ին մի քանի ժամով չէր գործում «ՎիվաՍել»-ի բջջային կապը: Արդյո՞ք դա նույն օրը տեղի ունեցած երկրաշարժի հետ որեւէ կապ ուներ:
ՊԱՏԱՍԽԱՆ. «ՎիվաՍել-ՄՏՍ» կապի` կիրակի օրը տեղի ունեցած ժամանակավոր կարճատեւ խափանումը ցանցի գերծանրաբեռնվածության հետեւանք էր` պայմանավորված ցանցում իրականացված միաժամանակյա հեռախոսազանգերի սովորականից զգալիորեն մեծ քանակությամբ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, մարդիկ երկրաշարժի ցնցումը զգալուն պես սկսել են իրար զանգահարել ու տեղի ունեցածի հոգեբանական հետեւանքները քննարկել: Բջջային կապն էլ երկրակեղեւի նման զգայուն է դարձել ու ծանրաբեռնվածության հետեւանքով խաթարվել: Հեռախոսակապն, ինչպես հայտնի է, ռազմավարական նշանակություն ունի, ու որքան էլ բջջային կապի օպերատորները հավաստիացնում են, թե իրենք պարբերաբար վերազինվում են, այսուհանդերձ, ինչպես տեսնում ենք, ոչ ստանդարտ իրավիճակներում, երբ ծանրաբեռնվածությունը փոքր-ինչ ավելանում է, բջջային կապի ցանցերը կաթվածահար են լինում: