Չինաստանը մտադիր Է միջուկային զինանոցը պահպանել նվազագույն թույլատրելի մակարդակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանը միջուկային մարտագլխիկների թիվը կպահպանի ազգային անվտանգության պաշտպանության համար անհրաժեշտ նվազագույն մակարդակում: Նոյեմբերի 30-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը:

«Միջուկային սպառազինությունների վերաբերյալ Չինաստանի քաղաքականությունը հստակ Է և հետևողական: ՉԺՀ-ն ավանդաբար հետևում Է պաշտպանական բնույթի միջուկային ռազմավարությանը, (…) ջանքեր Է գործադրում, որպեսզի իր միջուկային զինանոցը սահմանափակված լինի նվազագույն մակարդակով, որը պահանջվում Է ազգային անվտանգության նկատառումներով»,- ասել Է նա:

ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտարարել Է, որ չինական միջուկային զինանոցի հնարավոր ընդլայնման մասին Պենտագոնի ներկայացուցիչների հռետորաբանությունը փորձ Է՝ արդարացում գտնել սեփական միջուկային սպառազինությունների ավելացման համար:

ՉԺՀ-ի ռազմական հզորության մասին Պենտագոնի՝ նոյեմբերի 29-ին հրապարակված հերթական տարեկան զեկույցում նշվում Է, որ Միացյալ Նահանգները հաշվի է առնում այն, որ Չինաստանը կարող Է մինչև 2035 թվականը միջուկային մարտագլխիկների թիվը հասցնել 1500-ի և ավարտել իր զինված ուժերի արդիականացման գործընթացը: Այդ փաստաթուղթը ներկայացվել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի քննարկմանը: Ըստ զեկույցի հեղինակների տեսակետի՝ Չինաստանն, ըստ երևույթին, արագացրել Է միջուկային սպառազինությունների արտադրության տեմպերը:




Լրահոս