ՀԱՐՑ. Լսել եմ, որ հեռախոսով խոսելու դեպքում վարորդը ճանապարհային ոստիկանի կողմից կարող է տուգանվել: Հետաքրքիր է իմանալ` այդ օրենքը նորմալ գործում է, թե ոչ, եւ ինչքան է կազմում տուգանքի չափը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Իհարկե, այդ օրենքը նորմալ գործում է, այն ուժի մեջ է մտել 2007 թվականից: Օրենքում ասվում է, որ վարորդի ձեռքերը պետք է ղեկին լինեն, եթե մի ձեռքում հեռախոսն է, նա պետք է այնպես օգտագործի, որ ուշադրությունը հեռախոսը չգրավի, եւ անհրաժեշտության դեպքում կարողանա երկու ձեռքն էլ օգտագործել: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 11-րդ մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ռադիոկապից եւ կամ հեռախոսակապից օգտվելու կանոնները խախտելը նախատեսում է տուգանք 3000 դրամի չափով:
կենտրոնի տնօրեն Էդիկ Հովհաննիսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ եթե վարորդին հաջողվի չնկատվել, ապա նա ամբողջ երթեւեկության ընթացքում կարող է օգտվել հեռախոսից: Տուգանքն էլ, համեմատած մյուս խախտումներին, «մատչելի» է: Այլ հարց է, որ, ասենք, մգեցված ապակիներով մեքենաների վարորդների բախտն այս դեպքում էլ է բերում: Նրանք առանց զգուշանալու էլ կարող են խոսել բջջայինով: Սակայն, այնուամենայնիվ, երկու կարծիք լինել չի կարող, որ հեռախոսը շեղում է տրանսպորտային միջոց վարողի ուշադրությունը, ինչի հետեւանքները մանրամասնելու անհրաժեշտություն թերեւս չկա: Շատ դեպքերում ասում են, թե նույնիսկ մեքենայի մեջ միացված երաժշտությունն էլ է վարորդին խանգարում: Ուստիեւ բջջայինի գործածությունը պետք է արգելվի կամ տուգանքի չափը զգալիորեն բարձրացվի: Հատկապես հանրային տրանսպորտի վարորդների կողմից բջջայինի օգտագործումը պետք է խստիվ արգելվի: Առավել եւս, որ այսօր արդեն սովորական երեւույթ է դարձել այն, որ երթուղայինների վարորդներն անընդհատ մեկը մյուսի հետ բջջայինով խոսում են` պարզելու համար, թե դիմացի մեքենան որտեղ է հասել: