Լուսանկարը արվել է Երեւանում
Քանաքեռի ընտանեկան գերեզմանում էին հավաքվել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Ռուբեն Պրազյանի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողները։ Նոյեմբերի 24-ին Հադրութում նահատակված, Ապրիլյան քառօրյա պարտերազմին Թալիշն անառիկ պահողներից մեկի՝ կապիտան Ռ. Պրազյանի ծննդյան օրն էր։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ո՞ր դեպքում են ծնողին զրկում ծնողական իրավունքներից:
Մարիամ Սիրեկանյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք`
-մեկ տարի անընդմեջ չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, այդ թվում` ալիմենտ վճարելուց.
-չեն փոխում իրենց վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում.
– առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններից.
– մեկ տարի առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից.
-չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, այդ թվում` իրենց վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխայի վրա.
-տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ.
-տառապում են քրոնիկ հոգեկան հիվանդություններով, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
– դաժանաբար են վարվում երեխայի հետ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծնողը զրկվում է ծնողական իրավունքներից, եթե դատապարտվել է իր երեխայի դեմ ուղղված դիտավորյալ հանցագործության համար:
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Որո՞նք են անտառային տնտեսություն վարող անձանց իրավունքները եւ պարտականությունները:
Կարեն Կարապետյան (46 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Անտառային տնտեսություն վարող անձինք օգտվում են սույն օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված իրավունքներից: Անտառային տնտեսություն վարող անձինք պարտավոր են`
-ապահովել անտառային հողերի նպատակային օգտագործումն ու պահպանումը.
-ապահովել անտառների վերականգնումը եւ անտառազուրկ տարածքների անտառապատումը, դրանց արտադրողականության բարձրացմանն ու անտառային պաշարների արդյունավետ օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
-իրականացնել անտառային հրդեհների հայտնաբերումն ու կանխումը, հակահրդեհային անվտանգության միջոցառումները, անտառների վնասատուների եւ հիվանդությունների վնասակարության կանխարգելումը.
-ապահովել անտառների ջրապաշտպան, հակաէրոզիոն, սանիտարահիգիենիկ, առողջարարական եւ այլ օգտակար հատկությունների պահպանումը.
– նպաստել կենսաբազմազանության պահպանությանն ու վերարտադրությանը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման եւ անտառօգտագործման հետ չկապված շինարարական ու պայթեցման աշխատանքների, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի եւ այլ կոմունիկացիաների անցկացման, հորատման եւ այլ աշխատանքներն իրականացվում են պետական կառավարման լիազորված մարմնի տված համաձայնության հիման վրա: Համաձայնությունը տրվում է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա: