Մոսկվան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առկախված, ասել է թե՝ ապագային թողնելու առաջարկ դեռևս տասը տարի առաջ է արել։ Այս մասին երեկ՝ դեկտեմբերի 1-ին, բավական ծավալուն (մոտ երկու ժամ տևած) մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ավելացրել՝ կարգավիճակի հարցը հայկական կողմը փակել է վերջերս՝ հոկտեմբերին Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Լավրովը, նկատենք, հիշեցնելով մոտ տասը տարի առաջ երևան բերված առաջարակը, նկատի է ունեցել այն փաթեթը, որը հայ հասարակության մեջ առավել հայտնի էր որպես «Լավրովի պլան»։ Ըստ այդ մոտեցման, նշենք, ենթադրվում էր, որ Ադրբեջանին էին անցում Արցախի Հանրապետության հինգ շրջանները, ևս երկուսը՝ Քարվաճառն ու Բերձորը, որոնք Հայաստանը կապում էին Արցախին, մնում էին հայկական վերահսկողության ժամանակ։ Դրանց ճակատագիրը նույնպես պետք է վճռվեր Արցախի կարգավիճակի հարցի հետ մեկտեղ։ Ինչ վերաբերում է կարգավիճակի հարցին, ապա այն թողնվում էր ապագային, ասել է թե՝ սերունդներին։
Ըստ լավրովի հավաստիացումների՝ այդ տարբերակը կարող էր գործել նաև 44-օրյա պատերազմից հետո անգամ, երբ հակամարտող կողմերի ղեկավարները ռուսական միջնորդությամբ հանդիպել են։ Այդ կետն անգամ, ՌԴ արտգործնախարարի փոխանցմամբ, Ռուսաստանը նաև խաղաղության պայմանագրի իր տարբերակում է ներառել ու ներկայացրել կողմերին։
«Պաշտոնական Բաքուն պատերազմից հետո նախնական շրջանում համանել է քննարկել այդ տարբերակը, բայց արդեն Պրահայի հանդիպումից հետո մերժել է այն։ Նրանք Սոչիի հանդիպման ժամանակ փոխանցել են, թե փաստաթուղթը ցանկանում են ՄԱԿ֊ի կանոնադրության և Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն ստորագրել։ Իսկ երբ բոլոր կողմերը հավանության են տալիս ինչ-որ փաստաթղթի (Ալմա-Աթայի հայտարարությունը նկատի ունի), ապա նշանակում է՝ կարգավիճակի հարցն արդեն իսկ դուրս է մցվել բանակցային գործընթացից։ Իսկ այդ հռաչակիրգն ասում է, որ միութենական երկրները անկախ պետություններ են ստեղծում՝ ճանաչելով այն սահամնները, որ եղել են ԽՍՀՄ ժամանակ», – ներկայացրել է բանախոսն ու ընդգծել, որ պաշտոնական Երևանը վերջին շրջանում ոչ թե Արցախի կարգավիճակի, այլ այնտեղ ապրող մարդկանց իրավունքների մասին է խոսում։
Լավրովը նաև տեսակետ է հայտնել, որ Ադրբեջանը հավաստիացումներ է տալիս, թե պատրաստ է ապահովել Արցախում ապրող հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։
Նա նաև անդրադարձել է եվրոպացի պաշտոնյաների ջանքերով տեղի ունեցող Փաշինյան-Ալիև հանդիպումներին՝ համարելով, որ նրանք փորձում են իրենցով անել ՌԴ միջնորդական ջանքերը։
Ավելի վաղ, հիշեցնենք, ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել էր նաև Արցախի՝ ՌԴ կազմում ներառվելու հավանականության մասին՝ ըստ երևույթին բացառելով թե՛ նման սցենարը, թե՛ Մոսկվայի նման մտադրությունը։
Ինչ վերաբերում է Սերգեյ Լավրովի հայտարարությունների մասով մեր՝ Հայաստանի, պաշտոնյաների հայտարարություններին, ապա առ այս պահը դրանք բացակայում են․ ո՛չ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու այլ պաշտոնյա որևէ կերպ չենք արձագանքել։
Սևակ Վարդումյան