Պարզվում է՝ Հանրապետության հրապարակում առկա պատմամշակութային շենքերին այս օրերին հասցվող վնասների մեղավորը կրկին նախկիններն են: Մասնավորապես, նման տեսակետ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
«Դեռեւս շատ հին ժամանակներից այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր կան, մետաղյա ձողեր են մնացել, որոնց վերացման աշխատանքները նույնպես մեր ուշադրության կենտրոնում են լինելու գարնանը։ Մետաղյա ձողերը, զարդանախշի մեջ կներեք արտահայտությանս համար «բոլտը», մեզ հետ կապ չունեն», – նշեց նա: Երեւանի մեկ այլ փոխքաղաքապետ՝ Սուրեն Գրիգորյանն էլ հավելեց. «Խորը հետազոտություն անելու անհրաժեշտություն չկա, որպեսզի հասկացվի՝ այսօր Հանրապետության հրապարակի շենքերի վրա առկա ձողերը, անցքերը կապ ունեն այս նախագծի հետ, թե ոչ: Եթե վրան լուսավորություն կախված է, ուրեմն կապ ունի, եթե կախված չէ, ուրեմն կապ չունի»:
Այսինքն, հերթական անգամ իշխանությունները, այս անգամ քաղաքային իշխանությունը եւ իշխող ուժի քաղաքապետի ապագա թեկնածուն կրկին նախկիններին են մեղադրում այն իրավիճակի հարցում, որն այժմ առկա է:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ աղմուկ է բարձրացրել այն աշխատանքները, որոնք կատարվում են Հանրապետության հրապարակում, քանի որ շենքերի վրա արդեն իսկ միջամտություններ են առկա, եւ մասնագետները վստահեցում են՝ շենքերը նախկին տեսքի բերել չի լինելու: Եվ չնայած Ճարտարապետների պալատը եւս իր մտահոգությունն էր հայտնել ստեղծված իրավիճակի համար եւ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու կոչ անում, սակայն իհարկե, միշտ արդարացումներ առկա են, նախկիններին մեղադրել եւս միշտ կարելի է, սակայն դրանից պատմամշակութային շենքերի վրա առկա փոսերը չեն վերանալու:
Այստեղ ընդգծենք՝ եվրոպական շատ երկրների մայրաքաղաքներ տոնական տեսքի են բերում՝ առանց մայրաքաղաքի շենքերի վրա անցքեր բացելու:
Ն.Հ.