ArmLur.am-ին ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Երվանդ Քոչարի միջադեպով վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի, 335-րդ հոդվածի 1-ին մասի և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Վարույթով նախաքննությունը շարունակվում է, տվյալ պահի դրությամբ որպես մեղադրյալ է ներգրավված 6 անձ, որոնցից 3-ը կալանավորված են, 3-ի նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու, նախաքննության մարմին հարկադիր ներկայացնելու հանձնարարություն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, ոստիկանությունը Երևանում կանխել է մինչև ատամները զինված ռազբորկան։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ժամը 20։30-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երվանդ Քոչար փողոցում մի խումբ երիտասարդների միջև զինված ռազբորկա է տեղի ունենում։
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 1 հատ մարտական թմբուկավոր ատրճանակ, իսկ Mazda 6 մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղին մեկ այլ մարտական զենք, և ավտոմեքենայի դռան գաղտնի վայրում մեկ այլ մարտական զենք։
Անմիջապես դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողներին հաջողվել է ձերբակալել մասնակիցներից մի քանիսին։ Այդ ընթացքում նրանցից մեկը մեքենայով փախուստի փորձ է արել՝ փորձելով վրաերթի ենթարկել ոստիկանության ծառայողներին, իսկ ձերբակալվելու ժամանակ կծել է ոստիկաններից երկուսի ձեռքերը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են մարտական թմբուկավոր ատրճանակ, պարկուճ, «Մազդա» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ 2 ատրճանակ կար և այլն։ Մեքենաները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Քնար Մանուկյան