«Մանկական Եվրատեսիլի» միջանկյալ ելույթներից մեկում հնչելու են նախորդ 19 տարիների հաղթող երգերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» միջանկյալ ելույթներից մեկում հնչելու են նախորդ 19 տարիների հաղթող երգերը: «Մանկական Եվրատեսիլում» իր երկրին հաղթանակ բերած 11 արտիստ ժամանելու է Երևան և բեմում կատարի իր հաղթական երգից մի հատված: Հաղթող 8 մասնակիցների երգերը, որոնք ներկա չեն լինելու շոուին, հնչելու են Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ: Միջանկյալ այս ելույթի գլխավոր հերոսներից մեկը Ռոբինն է, որը ներկայացնելու է մրցույթի պատմությունը:

Հայաստանում ելույթ են ունենալու «Բզիբեկի» խումբը (2008թ., Վրաստան), Ռալֆ Մաքենբախը (2009թ., Նիդերլանդներ), Վլադիմիր Արզումանյանը (2010թ., Հայաստան), Candy խումբը (2011թ., Վրաստան), Գայա Կաուկին (2013թ., Մալթա), Վինչենցո Քանտիելլոն (2014թ., Իտալիա), Դեսթինի Չուկունյերեն (2015թ., Մալթա), Մարիամ Մամադաշվիլին (2016թ., Վրաստան), Վիկի Գաբորը (2019թ., Լեհաստան), Վալենտինան (2020թ., Ֆրանսիա) և Մալենան (2021թ., Հայաստան): Այս ցուցակում չներառված երգիչները (խմբերը) կամ ինչ-որ պատճառով հրաժարվել են մասնակցել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին, կամ չեն արձագանքել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հրավերին:

Միջանկյալ ակտերում ելույթ են ունենալու նաև «Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինը և «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում հաղթած Մալենան:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:




Լրահոս