Հայաստանյան քաղաքական դաշտում վերջին շրջանում բավականին ակտիվ կերպով քննարկվում է հավանական այն սցենարը, որ Ադրբեջանը մի օր պարզապես կարող է փակել Հայաստանն Արցախին կապող միջանցքը, քանի որ այդպիսի շանտաժներ արվում են պարբերաբար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ քաղաքական իշխանության ներսում անհանգստացած են Փաշինյանի՝ օրերս Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ արված այն հայտարարությունից, որ «մինչ օրս Լաչինի միջանցքն ամբողջությամբ չի գտնվում ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, եւ ադրբեջանական բանակը մի քանի դիրքեր է պահպանում Լաչինի միջանցքում»:
Հաշվի առնելով զուտ միայն այն հանգամանքը, որ Բերձորով անցնող միջանցքի փոխարեն Ադրբեջանը բոլորովին նոր՝ շատ ավելի նեղլիկ ճանապարհ է հրամցրել, բացի այդ՝ թեեւ ծածուկ ու անզեն աչքի համար աննկատ, բայց ադրբեջանական կողմը խախտում է 5 կմ երկայնքով բուֆերային գոտի պահպանելու նորմն ու իր զորամիավորումները տեղադրում, ապա ենթադրել կարելի է, որ Լաչինի միջանցքը փակելու գաղափարն Ադրբեջանը, այնուամենայնիվ, կարող է եւ իրագործել: Հավանական ու ողբերագական ելքեր ենթադրող այս սցենարը նաեւ Արցախում չեն բացառում: Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց՝ Ադրբեջանն առհասարակ չի էլ թաքցնում իր ծավալապաշտական նկատառումները, իսկ վերեջերս սկսել է շատ ավելի շահարկել Հայաստանն Արցախին միացնող միջանցքի հարցը:
«Անընդհատ սուտ լուրեր է տարածում, իբրեւ թե Լաչինի միջանցքով զենք զինամթերք է գալիս, որն ընդհանրապես կապ չունի իրականության հետ: Հետեւաբար, ի դեմս Ադրբեջանի, մենք հարեւան ունենք, որն իսկապես ատելությամբ է լցված հայ ժողովրդի, Ացախի ու Հայաստանի նկատմամբ: Նա, իհարկե, տարբեր բաներ կարող է ձեռնարկել, բայց մենք էլ, բնականաբար, պետք է համապատասխան աշխատանք տանենք՝ նրանց ահաբեկչական բնույթի քայլերն ու նպատակները չեզոքացնելու: Իսկ այդ աշխատանքները, առաջին հերթին, պետք է ռուս խաղաղապահների, Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրների՝ ԱՄՆի ու Ֆրանսիայի հետ տանենք»,- ընդգծեց Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դիրքային փոփոխություններ են տեղի ունենում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերանայում է կուսակցության ներսում իր սիրելիների ու հավատարիմների ցանկը: «Նա այժմ առավել քան տեղ է տալիս իրեն հաճախակի քծնող, գովեստի խոսքեր ասող դեմքերին, տպավորություն է, թե ողջունում է հրապարակային քծնանքը: Կուսակցության՝ վարչության անդամների ընտրությունից ու նոր վարչություն ձեւավորելուց հետո Փաշինյանը սկսել է Վահագն Ալեքսանյանին ու Գեւորգ Պապոյանին տեղ տալ: Նրանք, ըստ երեւույթին, ավելի հաճախ են «լայքում» կամ տարածում վարչապետի գրառումներն ու ավելի հաճախ են հայտարարում իրենց՝ Փաշինյանին անվերապահ աջակցելու մասին»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասաց իշխանամերձ մեր աղբյուրը: Տեղեկացանք նաեւ, որ Փաշինյանի եւ վարչության նախկին նախագահ Սուրեն Պապիկյանի հարաբերություններն են տրանսֆորմացվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ նոյեմբերի 22-ին տեղի ունեցած նորընտիր վարչության անդրանիկ նիստին Պապիկյանը ներկա չի եղել: Այդ օրը խոսվել է ՔՊ վարչության անդամների, տեղակալների, ոլորտների բաշխման մասին, ինչպես նաեւ կուսակցության վարչության կեղծված ընտրությունների մասին: Նիկոլ Փաշինյանը չի ներում այն, որ կեղծիքների լուրը հրապարակվել է, եւ մենք գրել ենք այդ մասին: Հիմա ներսում բոլորն իրար վրա են փորձում բարդել պատասխանատվությունը, եւ առնետաորս է սկսվել՝ հասկանալու, թե ով է մեր աղբյուրը:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ի տարբերություն իր գործընկերների, խորհրդարանական աշխատանքին չի վերադարձել: «Ժողովուրդ» օրաթերթը, հիշեցնենք, դեռ մեկ շաբաթ առաջ էր գրել, որ նա, հավանական է, վայր դնի պատգամավորական մանդատը: Սաղաթելյանի՝ խորհրդարանը լքելու հանգամանքը իշխանությունների համար «ցանկալի արդյունքի հասնելու» նման մի բան է: Բանն այն է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», չբավարարվելով նրան խորհրդարանի փոխնախագահի աթոռից պաշտոնանկ անելուց, այժմ էլ ամեն գնով ուզում է նրա ձեռքից մանդատը վերցնել: Որպեսզի Սաղաթելյանը հնարավորինս անհարմարավետություն զգա խորհրդարանում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԱԺ ղեկավարությունը նիստերի դահլիճի՝ «Հայաստան» խմբակցության համար նախատեսված շարքի ամենավերջում է տեղ տվել նրան: Սա ասես բավարար չէ, արդեն շարքային պատգամավոր Սաղաթելյանին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեւում են աշխատասենյակ տրամադրել: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանն անում է հնարավոր ու ամեն ինչ՝ պառակտելու եւ փոփոխելու «Հայաստան» խմբակցության կազմը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազը փորձել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն կալանավորել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ վճռաբեկ դատարան է դիմել գլխավոր դատախազի տեղակալը եւ պահանջել, որ դատարանը Խաչատուրովի որդուն կալանավորի, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է նորանշանակ դատախազի տեղակալի բողոքը: Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն կալանավորեց Յուրի Խաչատուրովի որդուն, որը 2 ամիս անց՝ կալանքի տակ մնալուց հետո՝ հուլիսի 11-ին, դատարանի դահլիճից ազատ արձակվեց՝ 1 միլիոն դրամ գրավի դիմաց: Ներկայումս նրա գործով դատական նիստերը շարունակվում են: Հիշեցնենք, որ, ըստ նախաքննական մարմնի, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երեւան քաղաքի Կիեւյան փողոցի 15 հասցեի դիմացի երթեւեկելի հատվածը՝ այդկերպ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը: Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել էին ազատել փողոցի բանուկ հատվածը, սակայն անհնազանդության ակցիայի մասնակիցները չէին ենթարկվել ոստիկանության աշխատակիցների՝ փողոցն ազատելու եւ երթեւեկությունը վերականգնելու օրինական պահանջներին, ինչի կապակցությամբ ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման էին ենթարկվել: Այդ ընթացքում Իգոր Յուրիի Խաչատուրովը ակցիայի մեկ այլ մասնակցի հետ խոչընդոտել էր փողոցն ազատելու եւ անձանց բերման ենթարկելու ՀՀ ոստիկանության տեսուչի գործողություններին, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն էր գործադրել՝ բռունցքով մի քանի անգամ հարվածելով նշված աշխատակցի կրծքավանդակի եւ որովայնի հատվածներին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իգոր Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ ոստիկանի օրինական պահանջները չկատարելը: