44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիկ Սահակյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ քննչական կոմիտեի՝ զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում հարցաքննությանը, նշեց, որ ինքը չի հավատում, որ իրականում Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեզ հասած տեղեկլությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ չի գնացել Քննչական կոմիտե՝ 44 օրյա պատերազմի առիթով հարուցված քրեական վարույթով հարցաքննության. ՀՀ քննչական կոմիտեի քննիչներն են գնացել Վարչապետի մոտ՝ նրան հարցաքննելու:
«Ժողովուրդ» օրաթերթն իր այս տեղեկությունը փորձեց պարզել հենց Քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան հաղորդեցին. «Հայտնում ենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական վարույթի նախաքննությունը 2022 թվականի մայիսի 4-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի՝ զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում։
Սույն քրեական վարույթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված բոլոր պահանջների պահպանմամբ»:
Նշենք, որ «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում վարչապետ Փաշինյանը որպես վկա է հարցաքննվել:
Նկատենք, որ 2020թ. հունվարի 25-ին՝ Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ (այն ժամանակ, ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր խուսափում լրագրողների հետ ուղիղ շփումներից), մեծախոսում էր, թե ինքն այնքան հասանելի է, որ Հատուկ քննչական ծառայությունից հրավեր է ստացել ու վեր է կացել, գնացել հարցաքննության: «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ եւ քննիչի աշխատասենյակում հարցաքննվել:
Ի դեպ, ինձ երեկ էլ հրավիրել են ՀՔԾ, եւ հարցաքննվել եմ նաեւ այնտեղ»,- ասում էր Փաշինյանը: Այսօր, սակայն, իր իսկ բառերով ասած՝ իրավիճակ է փոխվել, եւ արդեն քննիչներն են գնում վարչապետի մոտ՝ հարցաքննելու»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է երեք տասնյակից ավել գողության, գողության փորձի, խարդախության դեպքեր: Մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի 26-ամյա բնակիչը, երկու անչափահաս եղբայրներին ներգրավելով հանցագործության կատարման մեջ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ համաձայնության գալով, 2021 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, մուտք են գործել նույն մարզի վարչական տարածքում գտվող հանգստյան գոտիների տնակներ, խանութներ, բնակարաններ եւ կատարել հափշտակություններ՝ քաղաքացիներին պատճառելով տարբեր չափերով գույքային վնաս:
Պարզվել է նաեւ, որ նույն անձինք, հափշտակություն կատարելու նպատակով, մուտք են գործել ՀՀ այլ մարզերում եւ Երեւանում գտնվող բնակարաններ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն կարողացել հասցնել: Բացի այդ, նշված 26-ամյա երիտասարդը, հայտարարությունների հարթակում տեսնելով ավտոմեքենաների վաճառքի վերաբերյալ հայտարարություններ, ինչպես միայնակ, այնպես էլ խմբի կազմում, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, կատարել են անձնագրի կեղծում եւ ավտոմեքենաների սեփականատերերին կեղծ խոստումներ տալով, կեղծ անձնագրի տվյալներով պարտավորագիր ներկայացնելով, խարդախությամբ հափշտակել են ավտոմեքենաները, վաճառել եւ գումարը բաժանել միմյանց միջեւ:
Հիշյալ երիտասարդը, 2019-2021թթ. ընթացքում, համաձայնության գալով իր ընկերների հետ, տարբեր մարզերում մուտք է գործել ավտոտեխսպասարկման, մետաղների ընդունման կետեր, ինչպես նաեւ բնակարաններ, եւ կատարել գաղտնի հափշտակություններ: Որոշ դեպքերում էլ հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով ավարտին հասցնել՝ հեռացել են:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (9 դրվագ), 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով (2 դրվագ), 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (10 դրվագ), 238-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ), 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (12 դրվագ), 255-րդ հոդվածի 1-ին մասով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 457-րդ հոդվածի 2-րդ մասով, 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (7 դրվագ) եւ 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, նրա մասով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Նշված քրեական վարույթի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված եւս 8 անձի մասով նախաքննությունը շարունակվում է։
ԳՈՒՄԱՐ Է ՀԱՓՇՏԱԿԵԼ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ռ. Ս.-ն, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը, խարդախությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով դատապարտյալից գումար է հափշտակել:
Մասնավորապես` պարզվել է, որ Ռ. Ս.-ն ծանոթություն է հաստատել Դիլիջան քաղաքի բնակիչ Ս. Հ.-ի հետ, որը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հուլիսի 8-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ եւ դատապարտվել ազատազրկման: Դրանից հետո` 2017 թվականի հունիսի 21-ին, դատապարտյալի պաշտպանը դիմում է մուտքագրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` Ս. Հ.-ի նկատմամբ նշանակված ազատազրկման ձեւով պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ:
Դատավորի օգնական Ռ. Ս.-ն, տեղեկացված լինելով վերը նշված դիմումի մասին եւ նպատակ ունենալով դատապարտյալից խարդախությամբ գումար հափշտակել, Ս. Հ.-ին հայտնել է, որ որպես պատժատեսակ նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու համար անհրաժեշտ է 300.000 ՀՀ դրամի պետական վճարում կատարել, մինչդեռ օրենքով որեւէ նման վճարում սահմանված չի եղել:
Արդյունքում` Ռ. Ս.-ն Վանաձոր քաղաքում հանդիպել է դատապարտյալ Ս. Հ.-ի հետ եւ նրանից ստացել 300.000 ՀՀ դրամ գումարը:
Քննության առնելով Ս. Հ.-ի պաշտպանի դիմումը` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել հիշյալ դիմումն ըստ ընդդատության ուղարկելու վերաբերյալ, որից հետո դատապարտյալ Ս. Հ.-ի պահանջով Ռ. Ս.-ն հիշյալ գումարը վերադարձրել է նրան:
Ռ. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ԿԻՆԸ
ՄԱՀԱՑԵԼ Է
Նոյեմբերի 17-ին, ժամը 18:40-ին, «Լադա» մակնիշի մեքենայի վարորդը Երեւանի Խորենացու փողոցում վրաերթի էր ենթարկել 80-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նոյեմբերի 24-ին՝ ժամը 07:54-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 80-ամյա Սվետլանա Այդինյանը մահացել է: