ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՄԵԾ ՄԱՍԸ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մի կողմից մենք ուզում ենք՝ կանայք ավելի շատ ներգրավվեն աշխատաշուկայում, որովհետեւ ունեն ավելի լավ մարդկային կապիտալ, մյուս կողմից ուզում ենք՝  կանայք ավելի շատ երեխաներ ունենան, քանի որ դա պետության առաջընթացի  ու ռազմավարական կարևորություն ունի, ուզում ենք կանայք ներգրավվեն բանակում, տնտեսության մեջ, քաղաքականության մեջ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ին նվիրված համաժողովի ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խորհրդական Վիկտորյա Այդինյանը։

 

«Ու այնպես է ստացվում, որ պետության խնդիրների ահռելի մասը դնում ենք կանանց ուսերին՝ առանց ստեղծելու դրա համար անհրաժեշտ համակարգային պայմաններ: Ուստի պետք է հասկանալ, թե ինչպես է հնարավոր այս տարբեր նպատակները միմյանց հետ համատեղել այնպես, որ կինն ընտրություն կատարելու հնարավորություն ունենա եւ ցանկության դեպքում հնարավորություն ունենա  համատեղելու անձնական կյանքը, աշխատանքը, ընտանիքը, հետաքրքրությունները եւ այլն»,- ասաց նա։

Վիկտորյա Այդինյանը տեղեկացրեց, որ վերջերս մշակել են  աշխատանքի ու  սոցիալական   պաշտպանության ռազմավարությունը, որը ներկայացրել են հանրային քննարկման, որից հետո փոփոխություններ են կատարել։

«Այդտեղ ահռելի բլոկ հատկացված է կանանց  տնտեսական զարգացմանը, բռնության դեմ պայքարին, կանխարգելմանը եւ այլն: Հուսով ենք՝ օրերս ռազմավարությունը  կընդունվի կառավարության կողմից ու կդառնա ուղղորդիչ փաստաթուղթ»,- ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խորհրդականը։

Նա նշեց, որ զուգահեռաբար մշակում են զբաղվածության ռազմավարություն, որտեղ հենց  կանանց տնտեսական զորեղացումն ու  ներգրավումն աշխատաշուկայում դիտարկում են իբրեւ  ֆինանսական կայունության, ֆինանսական անկախության կարեւորագույն  գործոն, որը հենց ամենաառանցքային պայմաններից է բռնության դեմ պայքարելու համար։

«Կանանց  տնտեսական զորեղացումն ու ֆինանսական կայունությունը մենք չենք դիտարկում միայն անձի տեսանկյունից։ Այլեւս դա կարեւորագույն նախապայման է առհասարակ հասարակության, տնտեսության զարգացման համար։ Ինչո՞ւ, որովհետեւ կանայք ունեն ավելի լավ մարդկային կապիտալ, մասնագիտական կրթության բոլոր մակարդակներում՝ քոլեջներ, բուհեր, կանայք ավելի  մեծ տոկոս են կազմում ու կանայք ընդգրկված են տնտեսության այն  ճյուղերում, որոնք ունեն ավելի բարձր արտադրողականություն, այսինքն  կանայք ավելի ուսյալ են, ավելի բարձր արտադրողականությամբ են աշխատում տնտեսության  ճյուղերում»,- ասաց Վիկտորյա Այդինյանը։

Նա հայտարարեց, որ կանանց  աշխատանքային ռեսուրսների, այսինքն 15-ից բարձր տարիքի կանանց միայն 38 տոկոսն է զբաղված. «Դա նշանակում է, որ կանանց շուրջ  62 տոկոսը կամ գործազուրկ է կամ չի աշխատում ու չի փնտրում աշխատանք, չի ուզում փնտրել աշխատանք։ Գործոնները, իհարկե, տարբեր են՝ սկսած համակարգային, մշակութային խնդիրներից, կարծրատիպերից  մինչեւ, օրինակ, երեխայի կամ ընտանիքի  անդամի խնամքի համար պայմանների բացակայությունը։ Հենց սրանց է միտված զբաղվածության ռազմավարությունը, որը փորձում է ոչ միայն կարճաժամկետ ծրագրերի  միջոցով անդրադառնալ ու հասցեագրել այս  խնդիրները, այլ ավելի համակարգաստեղծ ինստիտուտներ ստեղծելով պայքարել նաեւ առկա մշակութային խնդիրների ու կարծրատիպերի դեմ»,- ասաց նա։

Այդինյանը խոսեց մի ծրագրի մասին, որը միտված է մարզաբնակ կանանց, խոցելի խմբերի կարողությունների զարգացմանը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում. «Մոտ օրերս մենք մարզաբնակ ընտանեկան բռնության ենթարկված, նպաստի համակարգում գտնվողն, գործազուրկ, միայնակ մայր եւ նման խմբերում ընդգրկված կնանց համար կառաջարկենք թվային մարկետինգի դասընթացներ, հետագայում նաեւ աշխատանքի անցնելու հնարավորությամբ»,-ասաց նա:

Վիկտորյա Այդինյանի ներկայացմամբ, Հայաստանում մեծ թիվ են կազմում 15-29 տարեկան երիտասարդները, ովքեր չեն աշխատում ու չեն սովորում. «Փաստացի, այդ երիտասարդների մոտ 80 տոկոսը բնակվում է  մարզերում։ Իսկ 15-29 տարեկան կանանց շուրջ 40 տոկոսն ընկնում է այս կատերագորիայի մեջ՝ կամ չեն աշխատում, կամ չեն սովորում։ Բնական է, որ զբաղված են երեխայի կամ ընտանիքի անդամի խնամքով։ Սա է պատճառը, որ պետք է թիրախավորենք  նաեւ ընտանիքի անդամի, երեխայի խնամքի նոր հաստատությունների  ստեղծումը»,- ասաց Վիկտորյա Այդինյանը:

Նա կարեւորեց մանկապարտեզների թիվն ավելացնելու հարցը. «Բայց դրանից բացի շատ կարեւոր է նաեւ օրենսդրական փոփոխություններ իրականացնելը, որովհետեւ երեխայի խնամքը միայն կնոջ պարտականությունը չէ: Պետք է իրավական մեխանիզմներ ստեղծել, որ  հայրը նույնպես ներգրավված լինի երեխայի խնամքում:

Հաջորդը, մենք թիրախավորելու ենք 30-40 տարեկան կանանց, որովհետեւ սա այն տարիքն է, երբ կինը երեխայի խնամքից հետո փորձում է վերադառնալ աշխատաշուկա: Սակայն երեխայի խնամքի վրա ծախսած 2-3 տարիները իրենց ազդեցություն են ունենում կնոջ հմտությունների, կարողությունների վրա: Դրա համար այդ տարիքի կանանց համար առավել թիրախավորված փափուկ կարողությունների զարգացման ծրագրեր ենք առաջարկելու»,-ասաց նա:

 

 

 

 

ԳՈՒՅՔ՝ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻՆ 

 

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 24-ի նիստում հավանության է արժանացրել մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին եւ այլ հասարակական կազմակերպություններին անհատույց սեփականության իրավունքով գույք տրամադրելու վերաբերյալ որոշման նախագիծը, որը մշակել է ԿԳՄՍ նախարարությունը։

 

ԿԳՄՍՆ-ից Armlur.am-ին հայտնում են, որ որոշմամբ հաստատվել է 2022 թվականին ձեռք բերվող գույքի բաշխման ցանկը՝ ըստ ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցների, մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների եւ այլ հասարակական կազմակերպությունների: Նախատեսվում է ՀՀ պետական բյուջեում ծախսերի ավելացում՝ 280 մլն 632 հազար դրամի չափով:

Հաշվի առնելով, որ մարզական կազմակերպություններում առկա մարզական գույքը հնանում եւ մաշվում է, մարզական գույքի զգալի մասն արագամաշ գույք է, իսկ որոշ մասը նույնիսկ մեկանգամյա օգտագործման է, ուստի անհրաժեշտություն է առաջանում յուրաքանչյուր տարի շարունակական իրականացնելու ծրագիրը:

Ներկայում հանրապետության մարզադպրոցներից, մարզաձեւերի ֆեդերացիաներից եւ մարզական հասարակական կազմակերպություններից ստացվել է 2 մլրդ 7 մլն 245 հազար դրամ արժողությամբ գույքի պահանջարկ: Բաշխման ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով առաջնահերթությունները՝ կազմակերպություններում պարապողների թիվը, մարզական արդյունքները, աշխարհագրությունը եւ այլն:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արդեն իսկ իրականացվել է նախատեսված մարզական գույքի գնման գործընթացը:

Որոշման արդյունքում ակնկալվում է հանրապետության մարզական կազմակերպությունների՝ անկախ գերատեսչական պատկանելությունից, ամրապնդված նյութատեխնիկական բազաների եւ  ժամանակակից մարզագույքով հագեցված մարզակառույցների առկայություն, ինչպես նաեւ մարզման բարելավված պայմաններ:

 

 

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

Ազգային ժողովը դեկտեմբերի 2-ին արտահերթ նիստ կգումարի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ արտահերթ նիստի նախաձեռնողն ընդդիմությունն է՝ «Հայաստան» խմբակցությունը: Տեղեկացանք, որ նիստը հրավիրվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությունը քննության առնելու ու դրան համարժեք Հայաստանի անունից հայատարարություն ընդունելու համար: Իսկ Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի Մեջլիսը, հայկական կողմին կոչ է արել ճիշտ գնահատել ստեղծված պատմական հնարավորությունն ու «Խաղաղության պայմանագրի» համար ընդունելի համար պաշտոնական Բաքվի կողմից տրամադրված հինգ կետերը: «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Ադրբեջանին պատասխանել մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ պատասխանով: «Ադրբեջանը պարտավոր է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում անվերապահորեն կատարել ստանձնած պարտավորությունները, վերջ տալ հայատյացությանը, ռազմական հռետորաբանությանը, բացառել ուժի կիրառումը, ուժի կիրառման սպառնալիքը, ինչպես նաեւ շանտաժի եւ ճնշումների միջոցով ցանկալի համաձայնագրերին հասնելու քաղաքականությունը։ Ադրբեջանական կողմը պարտավոր է իր զինված ուժերն անհապաղ վերադարձնել մինչեւ 2021թ. մայիսի 12-ը զբաղեցրած բնագծերը»: Ի դեպ, դեռ հարց է, թե իրականում ԱԺ մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, խորհրդարանում բավարար քվորում կապահովի՞ նիստը մեկնարկելու ու հարցը քննարկելու համար:

 

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՐՍՈՒՄ

Լարսի անցակետը հատել փորձող որոշ բեռնատարներ, որ նոյեմբերի սկզբից Վրաստանի տարածքում են՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի մոտ, այս օրերին նոր միայն կարողացել են անցնել շրջանցիկ այդ ճանապարհը: Բայց, ցավոք, դրանից որեւէ բան չի փոխվել, ու դա չի էլ նշանակում, թե բեռնատարներն առաջիկա օրերին կամ շաբաթներին կարողանալու են հատել ռուս-վրացական սահմանը: ArmLur.am-ի հետ զրույցում այս պահին դեպի Լարսի անցակետ ճանապարհի մասին մանրամասներ է հայտնում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Պատգամավոր Դանիելյանը զարմանում է՝ ինչպես կարելի էր առիթը չօգտագործել ու ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան այցելած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցն առանձին չքննարկել: «Հայաստան» խմբակցության պատգամավորը շեշտում է՝ հարցը մոտ մեկ ամսից ավելի է, ինչ ամենատարբեր հարթակներում բարձրաձայնում է, բայց առ այսօր դրական որեւէ տեղաշարժ չկա: Մեր զրուցակիցն արձանագրում է՝ իրավիճակի հետ կապված պարենային շուկայում արդեն իսկ թանկացումներ են նկատվում, արտահանող ընկերությունների մոտ՝ սնանկության դեպքեր: Տնտեսվարողները, հավելում է, աճեցրած ու ստացած բերքը ռեալիզացնել չեն կարողանում, ինչը գյուղատնտեսության ոլորտի իրական աղետներից է: Արտահանող խոշոր կազմակերպություններից մեկը Facebook-ի իր էջում գրել է, որ նոյեմբերի 20-ի դրությամբ, պայմանավորված Լարսի անցակետի խիստ ցածր թողունակությամբ, ավելի քան 1 մլրդ դրամի վնաս է կրել: Մասնավոր ընկերությունը տեղեկացրել է նաեւ, որ միայն իր՝ խցանման մեջ մնացած բեռնատարները թվով 150-ն են: Իսկ ընդհանուր առմամբ, նորից ընկերության տեղկացմամբ, հայկական բեռնատարների թիվն այս պահին ավելի քան 3.000-ի է հասնում:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 




Լրահոս