10 ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔ՝ ՄԵԾԱՄՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գունազարդ սափորներ, կավե կճուճներ, ուլունքներ, վահանակներ, ապակե սրվակներ, քանդակներ և մի շարք այլ արժեքավոր ցուցանմուշներ տեղ են գտել «Հին Մեծամոր. հայ-լեհական բացահայտումներ» խորագրով ցուցահանդեսում, որն ամփոփում է Մեծամորի հնավայրում հայ-լեհական արշավախմբի 10-ամյա հնագիտական աշխատանքների արդյունքները։

 

Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 24-ին Հայաստանի պատմության թանգարանում:

Լուսանկարները` Գեւորգ Պերկուպերկյանի.

«Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Մեծամորում պեղվում է քաղաքային թաղամաս, որում այնպիսի կառույցների մնացորդներ կան, որոնք թույլ են տալիս  վերանայելու մեր մոտեցումները Մեծամորի պատմության, պատմական հաջորդականության ու դերի վերաբերյալ: Միանշանակ է, որ այն մեծ քաղաք է եղել, որ այն Վանի թագավորության Ուրարտուի շրջանում կարեւոր ռազմավարական նշանակություն է ունեցել, որովհետեւ ուրարտացիներն այնտեղ կառուցել են սենյակներ, պալատական համալիր, որը պեղում ենք: Ամենահետաքրքիրն այն է, որ այս հուշարձանն ամենաբարձր խավի ներկայացուցիչների բնակության վայրն է եղել»,-նշեց հայ-լեհական արշավախմբի համաղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:

Միայն 23-րդ դամբարանից հնագետները 137 կտոր ոսկյա իր են պեղել, փոքր դամբարանից՝ հազարից ավելի անագե ուլունքներ, 20-ից ավելի խեցեղեն, ջնարակված սափորներ:

«Լեհական կողմն օգնում է ուսումնասիրություններ, վերլուծություններ կատարել, որոնք հնարավոր չէ իրականացնել Հայաստանում ֆինանսական միջոցների եւ մասնագետների պակասի պատճառով: Բացի այդ՝ լեհական կողմի շնորհիվ արշավախմբի հնամարդաբանը, հնագետներից երկուսը որակավորում են ստացել Վարշավայի համալսարանում»,-տեղեկացրեց արշավախմբի համաղեկավարն ու հավելեց՝ մեծագույն ձեռքբերում է երիտասարդ հնագետների ներգրավվածությունը պեղումներին, որոնց հետ մեծ հույսեր է կապում:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ուրախությամբ է հյուրընկալում ժամանակավոր ցուցադրությունն ու հիշեցնում, որ այն իրականացվում է Հայաստանում Լեհաստանի դեսպանության, Հայաստանի պատմության թանգարանի, ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի համատեղ ջանքերով:

Նրա խոսքով՝ համագործակցությունը կարելի է համարել մեկնարկային նման ցուցադրությունների կազմակերպման համար: Պողոսյանը հույս ունի՝ հետագայում նաեւ այլ պատմահնագիտական հուշարձանների նյութեր կներկայացնեն եւ կխրախուսեն մարդկանց այցելել այդ հուշարձաններ, դրանց տարածքներում գործող թանգարաններ, որոնցից է Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանը: Հայաստանում Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչ Մարչին Ռուժիցկին նշեց՝ ցանկացել են հնագիտական արդյունքները ներկայացնող պաստառների, վահանակների ցուցադրություն կազմակերպել, սակայն քննարկումների արդյունքում որոշել են ավելի ծավալուն եւ ընդգրկուն ցուցադրություն կյանքի կոչել: «Հայ-լեհական արշավախմբի համագործակցությունը սկսվել է 2012 թվականին: Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ Վարշավայի համալսարանը համագործակցության պայմանագիր է ստորագրել, ինչի շնորհիվ արշավախումբը  հրաշալի արդյունքներ է գրանցել՝ հնավայրում հազարավոր արժեքավոր ցուցանմուշներ պեղելով»,-ասաց նա եւ հիշեցրեց, որ Լեհաստանում ստեղծվել է մի հարթակ, որի շրջանակում լեհ հնագետները, աշխատելով տարբեր երկրների գործընկերների հետ, բացահայտում են այդ երկրների պատմությունն ու մշակույթը: Ռուժիցկին հայտնեց՝ հաջորդ տարի ցուցադրություն կկազմակերպեն Մեծամորում՝ հանրությանը ներկայացնելով նոր արդյունքներ: «Հին Մեծամոր. հայ-լեհական բացահայտումներ» ցուցահանդեսը բաց կլինի երեք ամիս:

 

 

 

 

ՌՈԶԱ ԼԻՆԸ ԵՎ ՄԱԼԵՆԱՆ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱՆ ՄԻԱՍԻՆ

Առաջին ալիքը «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի միջանկյալ ելույթներից մանրամասներ է հայտնել: Դեկտեմբերի 11-ին Երեւանում կայանալիք շոուի հատուկ հյուրն է Ռոզա Լինը:

 

Միջանկյալ ակտերից մեկում «Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակը կկատարի համաշխարհային հիթ դարձած «SNAP»-ը: Այն ճանաչվել է «Եվրատեսիլի» պատմության մեջ ամենաշատ լսված 5 երգերից մեկը «Spotify»-ում՝ սահմանելով մի շարք համաշխարհային ռեկորդներ: Երգը ստացել է պլատինե կարգավիճակ եվրոպական մի քանի երկրներում:

«Շատ ուրախ եմ ելույթ ունենալ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում: Ինձ համար չափազանց կարեւոր է, որ մանկական երգի տոնն անցկացվում է իմ հայրենիքում: Երջանիկ եմ վերադառնալ եվրատեսիլյան մեծ ընտանիք»,- նշել է Ռոզա Լինը։

Վերջերս երգչուհին հյուրընկալվել էր նաեւ աշխարհահռչակ «The Late Late Show with James Corden» հաղորդմանը եւ կատարել «SNAP»-ը հայկական մոտիվներով: «Մանկական Եվրատեսիլ»-ի բեմում եւս երգը կհնչի կենդանի կատարմամբ՝ հայկական գործիքներով եւ ազգային երանգներով:

Հանդիսատեսը սպասում է նաեւ «Քամի-քամի» հիթի կատարող Մալենային: Նրա ելույթը եւս նախատեսված է միջանկյալ ակտում. «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողը ներկայանալու է նոր երգով: «Can’t feel anything» երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը, տեքստինը՝ Մալենան եւ Ռոզա Լինը: Շուտով տեղի կունենա նաև տեսահոլովակի պրեմիերան։

Հիշեցնենք, որ 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

 

 

 

 

ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆԸ

Երգչուհի Սիրուշոն,  ով այս տարի դուստր է ունեցել, իր հետեւորդներին ցուցադրել է դստեր` Զաբելի զգեստապահարանը:

Նշենք, որ երգչուհին սկզբունքորեն չի ցուցադրում իր երեխաների դեմքերը: Սիրուշոյի խոսքով՝ այսպես իր երեխաները կարողանում են ազատ հասարակության մեջ դուրս գալ եւ առողջ մանկություն ունենալ: Ինչու չէ նաեւ պատճառը տարբեր քաղաքական խնդիրներից խուսափելու եւ ավելորդ ուշադրություն չգրավելու համար է:

Հավելենք, որ երգչուհին ունի երկու որդի եւ մեկ դուստր:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը 16 տարում առաջին անգամ աշխարհի առաջնությունը սկսեց հաղթանակով՝ 3:2 հաշվով առավելության հասնելով Գանայի թիմի նկատմամբ։

Նախորդ անգամ պորտուգալացիներն իրենց մեկնարկային խաղում հաղթել էին 2006թ. աշխարհի առաջնությունում՝ 1:0 հաշվով Անգոլայի թիմին։

2010թ. աշխարհի առաջնությունում պորտուգալացիները 0:0 հաշվով էին ավարտել առաջին խաղը կոտդիվուարցիների հետ։ 2014թ. աշխարհի առաջնությունում Պորտուգալիան 0:4 հաշվով պարտվել էր Գերմանիային, որը դարձավ չեմպիոն այդ առաջնությունում։ 2018-ին Ռուսաստանում Պորտուգալիան 3:3 հաշվով էր խաղացել իսպանացիների հետ։

Աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 18-ին։

 

 

 

 

ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է ՄԱՐԶԻՉԸ

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային ընտրանու եւ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կշարունակի ելույթներն աշխարհի առաջնությունում:

Այս մասին գրում է Reuters-ը` մեջբերելով Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեի խոսքերը. «Մենք վստահ ենք, որ Նեյմարը կշարունակի խաղալ, նա կշարունակի հանդես գալ աշխարհի առաջնությունում: Վստահ եմ, որ նա կհաղթահարի այս ամենը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Սերբիայի հետ խաղում: Հանդիպումն ավարտվել է բրազիլացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով: Նեյմարը փոխարինվել է 79-րդ րոպեին։




Լրահոս