ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԴԱՍ ՉԵՆՔ ՔԱՂՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդկային զարգացման կենտրոնի տնօրեն Թեւան Պողոսյանը ցավով է արձանագրում, որ պատերազմներից հետո հայ հասարակությունը որեւէ դաս չի քաղում:

 

ArmLur.am-ի հետ զրույցում նա նշում է. «Եթե Ադրբեջանն անգամ Ավանի վրա կրակի կամ արկեր գցի, ապա դա, վստահ եմ, Կենտրոնի բնակիչները չեն ընկալելու ու հասկանալու»:

-Պարո՛ն Պողոսյան, այնպիսի տպավորություն է , որ «խաղաղության պայմանագիր» կոչվածը  հաստատված իրողություն է, ու բոլորը՝ շարքային քաղաքացիներից մինչեւ  խորը վերլուծաբաններ,  խոսում են այդ մասին այնպես, որ  դա իրողություն է եւ մնում է միայն՝ կիրառության մեջ մտնի: Ի վերջո,  հասարակությունը ինչպե՞ս միանգամից համակերպվեց  «խաղաղության պայմանագրին».  հնարավոր է, որ մի օր պարզվի, որ դա առհասարակ 3-րդ կամ 4-րդ պլան է մղվել կամ ոչ էլ գոյություն ունի:

-Իրականության մեջ ոչ էլ գոյություն ունի. եթե անգամ վաղը ստորագրվի այն, միեւնույնն է, իրականության մեջ գոյություն եւ կյանք չի ունենալու: Այս մասին ասել է նա, ով որ պատրաստվում է ստորագրել մյուս ստորագրած պայմանագրերը, որոնցից են՝ նոյեմբերի 9-ի  զինադադարը, հունվարին Ռուսաստանում ստորագրված փաստաթուղթը. ասում են, որ ինչ-որ բան ստորագրել են նաեւ Պրագայում եւ  այդ թղթերից ոչ մեկը կյանքի չի կոչվել, եւ այս մեկը եւս բացառություն չի: Այստեղ ցավալին այն է, որ խաղաղության պայմանագիր ասածի մեջ այստեղ խաղաղություն  բառի վրա է մանիպուլացիա գնում: Այստեղ Ադրբեջանը խաղաղություն բառի տակ մի բան է ընկալում, սակայն  մենք լրիվ այլ բան ենք ընկալում եւ հասկանում: Ցավոք սրտի, դա մեր այն բացերից է, որ  գալիս է 94-ից ի վեր, երբ որ այդ զինադադարը մեզ որպես խաղաղություն ներկայացրեցին: 2012 թվականից ի վեր ես, լինելով Ազգային ժողովում, ամեն անգամ հանրային խոսք ասելիս ասում էի, որ մեր պատերազմը չի ավարտվել, եւ մենք պետք է ապրենք պատերազմական մտածելակերպի մեջ, մենք  չպետք է մտածենք, որ զինադադարը  խաղաղություն է: Ցավոք սրտի, միգուցե եւ մեղքը իմ մեջ է, եւ ես չեմ կարողացել մարդկանց ճիշտ բացատրել, եւ դա չի ձեւավորվել մարդկանց մտածելակերպի մեջ, որ դա զինադադար է, այլ ոչ թե խաղաղություն:

-Արդյոք 44-օրյա պատերազմից հետո ինչ-որ բան փոխվե՞ց մարդկանց մտածելակերպի մեջ:

-Ոչինչ չփոխվեց. Ադրբեջանը դարձյալ չկրակեց եւ մարդիկ մտածեցին, որ դա խաղաղություն է: Մարդկանց մոտ ընկալում էր, որ դա Արցախի տարածքն է, եւ Ադրբեջանը օկուպացրել է արցախյան տարածքները, սակայն ինչպե՞ս կբացատրեն Ջերմուկի դեպքը:

-Ձեր կարծիքով՝ պետք է կրակե՞ն Երեւանում, որպեսզի մարդիկ գիտակցեն:

-Ցավոք սրտի, անգամ եթե Ավանում կրակեն, չեմ կարծում՝ Կենտրոնը այդ իրավիճակը կգիտակցի, եւ  չգիտակցելու պահը այսօր մեր ամենամեծ ճգնաժամն է: Հայրենիքի պաշտպանությունը մեր մոտ այլ կերպ է ձեւավորված. մեր պատկերացման մեջ ձեւավորված է, որ, այո, թող լինի պաշտպանություն, բայց դա ցավ չպատճառի ինձ, իմ մարմնին, եւ արթնանամ, ոչինչ չլսեմ: Ամեն առավոտ բոլորս կարդում ենք, որ սահմանին կա կրակոցներ, սակայն չենք գիտակցում, որ դա պարերազմի տրամաբանություն է: Իրականում չկա խաղաղություն, եւ չկա աշխարհաքաղաքական ընկալումների մեջ  այն երաշխավորը, որ կարող է ապահովել այդ խաղաղությունը, քանի որ բազմաթիվ խոշոր պետություններ պայմանագրեր են ստորագրում եւ հաջորդ իսկ րոպեին չեղարկում: Ես միայն մի բանում եմ վստահ. այս խաղաղությունը կարող է ապահովել միայն հայկական բանակը, որը պետք է սնվի միասնությամբ աշխարհով մեկ:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. ««ԿԱՏԱՐԻՆԵ համայնք կամրջողներ» (Katarine program/ «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագիր) ծրագրի շրջանակներում հանդիպում ունեցա Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակի ակտիվ կանանց հետ:

Խոսեցինք համայնքային խնդիրների եւ հնարավորությունների մասին՝ քննարկելով մի շարք հարցեր, մասնավորապես՝

-ինչպե՞ս Ճամբարակն ու հարակից բնակավայրերը դարձնել տուրիստական գրավիչ գոտի,

-ի՞նչ անել, որ Ճամբարակը «չծերանա». երիտասարդներն ապրեն ու արարեն իրենց ծննդավայրում,

-ինչպե՞ս խթանել այնտեղ բիզնեսի զարգացմանը:

Սահմանամերձ բնակավայրի կանանց վճռական տրամադրվածությունն ինձ ոգեւորեց։

Ի գո՛րծ…»:

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ

ԱՐՁԱԳԱՆՔԸ

Օրերս «Ժողովուրդ» օրաթերթը «Արցախը՝ անկլավ դառնալու ռիսկի տակ» վերտառությամբ լուր էր հրապարկել: Լուրի բովանդակությունը մասնավորապես այն էր, որ «Ադրբեջանը մի օր պարզապես կարող է փակել Հայաստանն Արցախին կապող միջանցքը, քանի որ այդպիսի շանտաժներ արվում են պարբերաբար»:

Հարցի առնչությամբ ArmLur.am-ն Արցախի նախագահի գրասենյակի հետ կապ հաստատեց՝ ճշտելու համար, թե Արցախի նախագահականն այս հարցի առնչությամբ ինչ դիտարկումներ ունի: Մեզ հետ զրույցում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանն ասաց. «Արցախում վերլուծում են Ադրբեջանի քայլերը քաղաքական դաշտում եւ շփման գծում։ Հնարավոր սրացումները կանխելու նպատակով ԱՀ իրավասու կառույցները ամենօրյա կապի մեջ են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ, որի վերահսկողությանը Արցախը Հայաստանին կապող միջանցքը հանձնված է 2020 թվականի նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարությամբ»։

Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ԹԱՓՈՒՐ Է

Կարեն Անդրեասյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ դառնալուց հետո արդարադատության նախարարի պաշտոնում առ այսօր որեւէ մեկը չի նշանակվել։ Իհարկե, պաշտոնակատար կա՝ Գրիգոր Մինասյանը, բայց արդեն քանի ամիս է՝ վարչապետը ո՛չ նրան, ո՛չ էլ մեկ ուրիշի նախարար չի նշանակում։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այդ հարցի մասով առ այսօր կոնսեսուս չկա։ Մի մասը կողմ է, բայց մի մասն էլ դեմ է Մինասյանի՝ նախարար նշանակվելուն։ Չգիտես՝ ինչու, այս հարցում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հապաղում. սովորաբար նման դեպքերում նա անձամբ է որոշում՝ ում որտեղ ինչ նշանակի՝ իհարկե, սեփական թիմին հիշատակելով ու թիմակիցների հետ իբրեւ թե ունեցած քննարկումներին հղում անելով։ Հարցը նաեւ նախարարության աշխատակիցներին է անհանգստացնում, որ ճամպրուկային տրամադրությամբ սպասում են՝ ի վերջո կնշնակվի Մինասյանը, թե ոչ։

 

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝

ՕՐԵՆՔՈՒՄ

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն առաջարկում է փոփոխել «Անկանխիկ գործառույթների» մասին օրենքն ու զբոսաշրջիկներին թույլ տալ սահմանված շեմից դուրս կանխիկով գնումներ անել։

Բանն այն է, որ այս տարվա հուլիսին ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ Հայաստանի տարածքում 300 հազար եւ ավելի գնումների դեպքում վճարումը պետք է անկանխիկ եղանակով կատարել։ Այժմ, փաստորեն, պատգամավորն առաջարկում է վերանայել այն ու թույլ տալ հատկապես օդանավակայաններում առեւտուր անող զբոսաշրջիկներին կանխիկ վճարել։

Ըստ նախագծի հիմնավորման՝ Հայաստան այցելող ու Հայաստանից մեկնող զբոսաշրջիկները երբեմն դժվարություններ են ունենում անմաքս առեւտրի խանութներում (դյութի ֆրի)՝ 300.000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների ձեռք բերման ժամանակ անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու պարտադիր պահանջի ապահովման հետ կապված: «Համաձայն «Զվարթնոց» եւ «Շիրակ» միջազգային օդանավակայաններում շահագործվող անմաքս առեւտրի խանութներից ստացված տեղեկատվության, անկանխիկի մասին օրենքի՝ ուժի մեջ մտնելուն նախորդած 1 տարվա ընթացքում կատարվել է մոտ 300 մլն դրամի առեւտուր, որոնց դեպքում կտրոնների արժեքը գերազանցել է 300 հազար դրամը: Այդ գումարից ավելի քան 80 տոկոսը հայկական ապրանքներ են, հիմնականում՝ թանկարժեք ալկոհոլային խմիչքներ: «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նման գործարքների քանակը եւ ծավալը անգամներով նվազել է»,- ասվում է նախագծում։ Այս հանգամանքն էլ հաշվի առնելով՝ օրենսդիրն առաջարկում է վերանայել արդեն իսկ գործող օրենքն ու զբոսաշրջիկների համար որոշակի «արտոնություն» սահմանել։

Հարցն, ի դեպ, այսօր խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում է քննարկվելու։




Լրահոս