ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական, տնտեսական եւ տեխնոլոգիական արագ վերափոխումների պայմաններում ձեւավորվող նոր աշխարհակարգում Հայաստանը եւ Հնդկաստանը ավելի, քան երբեւէ, միմյանց կարիքն ունեն, ուստի անհրաժեշտ է գտնել երկկողմ հարաբերությունների զարգացման նոր մոդելներ, մշակել ուղիներ ավելի ընդլայնելու համատեղ օրակարգը եւ համակարգելու գործողությունները բոլոր հնարավոր հարթակներում եւ ոլորտներում՝ ապահովելով փոխադարձ բարգավաճումը եւ խաղաղությունը։

 

Նման կարծիքի էին նոյեմբերի 28-ին տեղի ունեցած «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով առաջին միջազգային գիտաժողովի բանախոսները: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանի խոսքով՝ Հնդկաստանը միշտ եղել է հայ ժողովրդի մեծագույն բարեկամը, եւ դրա լավագույն վկայությունն օրեցօր աճող եւ զարգացող փոխշահավետ համագործակցությունն է տարբեր ոլորտներում: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ դարերի խորքից եկող ավանդական ջերմ հարաբերություններն ու փոխադարձ աջակցությունը շարունակում է ամրապնդվել, իսկ միջպետական փոխանակումներն ու կապերն ընդլայնվել ու խորացել են: «Այս առումով պետք է փաստել, որ հատկապես վերջին տարիներին մեծ աշխատանք է իրականացվել մեր երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ: Տեղի են ունեցել բարձրաստիճան այցելություններ եւ հանդիպումներ: Մենք ակտիվ համագործակցում ենք միջազգային կառույցներում:  Երկու երկրներում կազմակերպվել են գործարար համաժողովներ, հանդիպումներ, նախաձեռնվել են նոր համատեղ ծրագրեր բազմաթիվ ոլորտներում»- ասաց Սաֆարյանը: Արտաքին գործերի նախարարի տեղակալը հայտնեց, որ վերջին ժամանակահատվածում ակտիվ աշխատանք է իրականացվել Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ այնպիսի առանցքային ոլորտներում համագործակցության ձեւավորման ուղղությամբ, ինչպիսիք են պաշտպանական ոլորտը եւ տարածաշրջանային անվտանգությունը, միջազգային տրանսպորտն ու հաղորդակցությունը, զբոսաշրջությունն ու միջմարդկային փոխանակումները, առեւտուրը, գյուղատնտեսությունը ու գիտությունը, առողջապահությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները: Դիվանագետի կարծիքով՝ դեռեւս կա հսկայական չօգտագործված ներուժ տնտեսական հարաբերությունները, առեւտուրը, զարգացնելու, ներդրումային հնարավորություններն օգտագործելու, մարդկանց միջեւ կապերն ակտիվացնելու ուղղությամբ:

«Հայաստանն իրապես կարող է օգտվել Հնդկաստանի արագ առաջընթացից պաշտպանունակությունը բարձրացնելու եւ տնտեսությունը զարգացնելու համար: Միջազգային առեւտրի եւ փոխադրումների ուղիների եւ հնարավորությունների արագ փոփոխման պայմաններում պետք է մտածել դեպի հարավ ներմուծման եւ արտահանման զարգացման ուղղությամբ: Այս առումով մենք դեռ շատ անելիքներ ունենք առաջիկայում: Հարկ է նշել, որ պետական գերատեսչությունների եւ մասնավոր ընկերությունների մակարդակում տարվող աշխատանքը չի կարող ամբողջովին ապահովել Հնդկաստանի նման երկրի հետ հարաբերությունների կառուցման համար  անհրաժեշտ ինտեսիվությունները եւ այս առումով, կարծում եմ, որ պետք է աշխատանքներ տանեն նաեւ մեր հասարակության առավել լայն շրջանակները: Վստահ եմ, որ այսօրվա գիտաժողովի օգնությամբ հնարավոր կլինի իրապես ավելի լավ ճանաչել իրար, ձեւավորել մեր փոխադարձ ակնկալիքները»,- եզրափակեց Սաֆարյանը:

Գիտաժողովը ներառել է չորս թեմատիկ հարթակներ: Առաջինը՝ «Պատմական կապեր, Դարերի երկարատեւ փոխգործակցություն», որի ընթացքում բանախոսները անդրադարձել են անցյալի փորձի եւ ընդհանուր արժեքների գործնական նշանակությանը եւ արտացոլմանը կայուն ներկայի կառուցման եւ կենսունակ ապագայի ապահովման գործում: Երկրորդը՝ «Հայաստանն ու Հնդկաստանը՝ գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումների շրջանակներում», որի ընթացքում բանախոսները ներկայացնել են իրենց տեսակետները եւ մոտեցումներն աշխարհակարգի համակարգային տեղաշարժերի ազդեցության տակ ձեւավորող միջազգային հարաբերությունների նոր վեկտորների եւ հեռանկարների, ինչպես նաեւ համապատասխան գլոբալ եւ տարածաշրջանային համագործակցության եւ գործընկերությունների վերագնահատման եւ փոփոխման անհրաժեշտության վերաբերյալ: Երրորդը՝ «Ճկուն բարեկամություն փոփոխվող աշխարհաքաղաքականության մեջ, Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերություններ», որի ընթացքում բանախոսները անդրադարձել են վերջին տասնամյակի արագ զարգացումների արդյունքում Հայաստանի եւ Հնդկաստանի առջեւ ծառացող նոր ռիսկերին եւ մարտահրավերներին, ինչպես նաեւ զուգահեռաբար բացվող կայուն եւ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար նոր հնարավորությունները լավագույնս օգտագործելու խնդիրներին, մասնավորապես՝ նոր հանգամանքներում Հյուսիս-Հարավ բազմաշերտ համագործակցության ընդլայնման եւ դրա հարատեւության հարցին: Չորրորդը՝ «Բազմաչափ երկկողմանի համագործակցության հեռանկարները», որի ընթացքում բանախոսները ներկայացրել են իրենց գնահատականներն ընթացող երկկողմ համագործակցությանը մշակութային առեւտրատնտեսական, անվտանգության, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաեւ կանդրադառնան համագործակցության խորացման եւ դիվերսիֆիկացման հեռանկարներին:

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրաստական միջոցառումների, ինժեներական եւ թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր:Նախարարին զեկուցվել են նախորդիվ անցկացված աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Բարձրացված խնդիրների առնչությամբ պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:

 

 

 

ՓԱՐԻԶ՝ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆԱՅՑՈՎ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավար Բենուա Կյուրեի հրավերով աշխատանքային այցով մեկնել Է Փարիզ։ Այցի շրջանակում տեղի կունենա երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարների երկկողմ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության զարգացմանն ուղղված երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հանձնաժողովի նախագահը կմասնակցի նաեւ դեկտեմբերի 1-ից 2-ը Փարիզում կայանալիք Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով 21-րդ համաշխարհային համաժողովին։ Համաժողովն անցկացվում է «Մրցակցության քաղաքականության նպատակները» խորագրի ներքո, որին մասնակցելու են ՏՀԶԿ (OECD) անդամ եւ մի շարք այլ երկրների մրցակցային մարմինների ղեկավարներ:

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՐԳԵԼՈՒՄ Է

Ադրբեջանի ՊՆ-ն խնդրում է Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Այս մասին իր սոցիալական ցանցի էջում հիշեցրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ իրենց նախագահ Ալիեւը ստորագրել է եռակողմ հրադադարի պայմանագիր, որտեղ 5 անգամ նշվում է «Լեռնային Ղարաբաղ» տերմինը։

«Դա Ռուսաստանի օրինական հիմքն է՝ օգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը»,-գրել է Մարուքյանը։

 

 

ԱՆՓՈՒՅԹ՝

ԲՆՈՒԹՅԱՆ

ՀԱՆԴԵՊ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» թափոնաջրերը շարունակում են առատորեն աղտոտել Ողջի գետն ու պոչամբարի հարակից բնակավայրերը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ բոլորովին վերջերս կոմբինատին պատկանող «Արծվանիկի» պոչամբարի թափոնաջրերն ու պոչանքները ոչ միայն Աճանան վտակ, այնուհետ՝ Ողջի գետ, այլ նաեւ հարակից բնակավայրեր են հասել, աղտոտել միջավայրն ու վնասել գյուղացիական տնտեսությունները: Աշխարհագետ Լեւոն Գալստյանը, որ «Արծվանիկի» պոչամաբարի խնդիրներին ու նրա հասցրած վնասներին քաջատեղյակ է, ասում է, որ պոչամբարից թափոնների արտահոսք միշտ է եղել ու կա նաեւ այժմ: Բացատրում է. «Բանն այն է, որ պոչամբար հասնող պոչանքների կարծր հատվածը նստվածք է տալիս, մնում պոչամբարում, հեղուկ զանգվածը դեպի Աճանան է հոսում: Եվ եթե ուշադիր նայեք, ապա վտակի գույնն անգամ տարբեր է՝ մինչեւ պոչամբար մաքուր, պոչամբարից հետո՝ արծաթագույն, եւ դա՝ դեռ անզեն աչքով: Չնայած ԶՊՄԿ-ից հավաստիացնում են, թե իրենք համապատասխան մարմնից սահմանված չափի արտանետումների թույլտվություն ունեն, բայց մի շարք դեպքեր են եղել, երբ լաբորատոր քննություն է կատարվել, ու պարզվել է՝ ծանր ու վնասակար մետաղներով հարուստ կեղտաջրերը գերազանցում են սահմանված թույլատրելի կոնցետրացիաները: Իհարկե, նաեւ վթարներ են լինում, պոչանքը դեպի պոչամբար տանող խողովակներն են պայթում, վնասվում, ծակվում, ու դա էլ իր հերթին է հավելյալ աղտոտում միջավայրը: Այն, որ այդ պոչամբարից ամենօրյա ռեժիմով Աճանան վտակ, այնուհետ՝ Ողջի, տարբեր քանակի պոչանքային ջրեր են լցվում, փաստ է»:

Ինչ վերաբերում է լիազոր մարմնին՝ Բնապահպանական եւ ընդերքի տեսչությանը, ապա կառույցից նախ լսեցին մեր հարցը, խոստացան մինչեւ օրվա ավարտ պատասխանել, ապա աշխատանքային ժամի ավարտին մոտ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել: Իհարկե, մենք դա չարեցինք ու չենք էլ պատաստվում անել, քանի որ բնապահպանությունը կարեւորող գերատեսչությունը ոչ թե գրավոր հարցումների հետեւից պետք է ընկնի ու մի քանի օր անց միայն պատասխանի՝ ինչ է կատարվել կամ կատարվում, այլ հենց նույն պահին գնա ահազանգի հետեւից, պարզի եղելությունն ու կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկի: Տեսչական մարմնի՝ մեզ տված արձագանքն, ի դեպ,  այդ կառույցի աշխատելաոճի, իսկ իրականում պարապուրդի մատնված վիճակի մասին է վկայում: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ շրջակա միջավայի նախարար Հակոբ Սիմիդյանին, ապա պետք է նկատել, որ նրան ու իր թիմին հետաքրքրում էր պղնձամոլիբդենային կոմբինատը, մինչեւ իր ընկերները տեղավորվեցին այնտեղ աշխատանքի, հիմա է՛լ բնապահպանական խնդիրները չեն մտահոգում: Դեռ կանդրադառնանք պղնձամոլիբդենային կոմբինատի վնասարար գործունեությանը:




Լրահոս