Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը Ռաբաթում (Մարոկկոյի Թագավորություն) կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական կոմիտեի 17-րդ նստաշրջանը:
Միջկառավարական կոմիտեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի գլխավոր մարմիններից է. այն ստեղծվել է կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն: Կոմիտեի կազմում 24 անդամ պետություն է: Կոմիտեի կարեւոր գործառույթներից է անդամ պետությունների ներկայացրած հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցելու նպատակով:
Նստաշրջանին մասնակցում է աշխարհի 125 երկրի ավելի քան 1000 ներկայացուցիչ, այդ թվում` կոնվենցիային միացած անդամ երկրների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպես նաեւ տարբեր երկրների լրատվամիջոցներ: Նստաշրջանին մասնակցելու նպատակով Ռաբաթ է մեկնել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության պատվիրակի տեղակալ Օ. Դավթյանը եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության եւ հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ Ն. Կիլիչյանը։
Նստաշրջանի օրակարգի կարեւոր հարցերից են տարբեր երկրներից գրանցման ներկայացված հայտերի քննարկումները: Ներկայացվել էր 50 հայտ, որից 4-ը՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության, 46-ը` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերում ընդգրկելու, 5-ը՝ պաշտպանության լավագույն փորձի գրանցամատյանի առաջարկներ, եւ 2 հայտ` ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնադրամի կողմից անդամ պետություններին տրամադրվող միջազգային աջակցություն ստանալու համար: Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թ. եւ մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսեւորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» (2014 թ.) եւ «Քոչարի. ավանդական խմբապար» տարրերը: ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրվել է «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն հասարակական կազմակերպությունը (2020 թ.), եւ ՅՈՒՆԵՍԿՕ է ներկայացվել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկման եւ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված տարրերի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ պարբերական զեկույցը (2021 թ.):
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների բազմաթիվ ուսուցիչներ ուսուցիչների կամավոր ատեստավորման եւ դրա արդյունքում աշխատավարձի հավելում ստանալու գործընթացն անվանում են իշխանության կողմից աչքակապություն, որը վիրավորում է ուսուցիչների արժանապատվությունը՝ հանրությանը ցույց տալով, որ, իբր, ուսուցիչներն իրենք են մեղավոր իրենց ցածր աշխատավարձի համար, քանզի չեն ցանկանում ատեստավորվել։ Ուսուցիչները ասում են, որ այս տարվա ամռանը ուսուցիչների համար հեռավար ձեւով վերապատրաստումներ են անցկացվել, եւ եթե դրանք արդյունավետ են եղել, ինչո՞ւ վերապատրաստում անցած ուսուցիչները ատեստավորման չեն մասնակցում, ինչո՞ւ են վերապատրաստման համար պետական բյուջեից գումարներ ծախսվել։ Նրանց խոսքերով՝ ատեստավորման քննության հարցաշարը չի հրապարակվել, այդ հարցաշարում բազմաթիվ են «խուճուճ» հարցերը, քննական հարցերը շատ-շատ են, իսկ դրանց պատասխանելու համար տրված ժամանակը՝ քիչ։ Աշակերտների, նրանց ծնողների, ծանոթների աչքերում չխայտառակվելու համար նույնիսկ հմուտ եւ բազմափորձ ուսուցիչները գերադասում են ռիսկի չդիմել եւ չմասնակցել ատեստավորման գործընթացին։
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿՈՉՆՉԱՑՆԻ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Ն. Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը նոյեմբերի 22-ին որոշում է ընդունել Տավուշի մարզպետարանի արխիվային փաստաթղթերը փորձագիտությամբ արժեվորելը կազմակերպելու համար ստեղծել նոր հանձնաժողով, ուժը կորցրած համարել Տավուշի մարզպետի՝ արխիվային փաստաթղթերի փորձագիտական արժեվորման եւ կարգավորման նպատակով 2015թ. մայիսի 18-ի թիվ 14-Ա կարգադրությունը։ Ի դեպ, մարզպետ Հ. Ղալումյանի շատ որոշումներ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում չեն հրապարակվում։ Մայիսի 25-ին մարզպետ Հ. Ղալումյանին գրավոր հարցում եմ ուղարկել՝ մասնավորպես հարցնելով, թե պետական բյուջեից Տավուշի մարզպետարանի աշխատողների պարգեւատրումների վերաբերյալ իր կայացրած որոշումները ինչու չեն հրապարակվում Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում։
ԳԱՂՏՆԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ
Սաթենիկ Ղալեչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թ. մարտ ամսի կեսերին՝ ժամը 18:00-ի սահմաններում, մուտքի դուռը հրելու եւ բացելու միջոցով ապօրինի կերպով մուտք է գործել Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեձոր գյուղում գտնվող տուն եւ 1-ին հարկի ընդհանուր սենյակում գտնվող լվացքի մեքենայից գաղտնի հափշտակել է Ժենիկ Մակինյանին պատկանող 800000 ՀՀ դրամ գումարը։ Ս. Ղալեչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում։
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ
2022 թվականի հոկտեմբերի 5-ին Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշում է ընդունել Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի տնօրեն Հովիկ Պետրոսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։ Որպես որոշման հիմք՝ նշված է աշխատանքից ազատվելու մասին Հ. Պետրոսյանի դիմումը։ Հ. Պետրոսյանին պաշտոնից ազատելու մասին համայնքի ղեկավարի որոշումը նախկինում տեղադված էր Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային պաշտոնական կայքում, սակայն այժմ որոշումն այնտեղ չկա. այն համայնքապետարանի ինտերնետային կայքից հեռացրել են։ Հ. Պետրոսյանը 58 տարեկան է, թառ է նվագում, ունի բարձրագույն կրթություն, ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի բաժինը։ Նա իր բարեխիղճ աշխատանքի, hամեստ բնավորության պատճառով Դիլիջան քաղաքի բնակիչների շրջանում արժանի կերպով հարգանք է վայելում։ Հ. Պետրոսյանը 29 տարի ղեկավարել է Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցը, 20 տարի առաջ հիմնել է երաժշտական այդ դպրոցի Հաղարծին գյուղի մասնաճյուղը։ Հ. Աբովյանը նվիրված էր իր գործին, նա պաշտոնից ազատվել է համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի ճնշումների հետեւանքով։ Այդ մասին լրագրողիս հայտնեց Հ. Պետրոսյանի հարազատը, որը խնդրեց չհրապարակել իր անունը։ Հ. Պետրոսյանը չի կարողացել դիմակայել համայնքի ղեկավարի ճնշումներին՝ մտածելով, որ նա Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կառույցի ղեկավարը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից համայնքի ղեկավար նշանակված անձ, որի դեմ իր իրավունքները պաշտպանելը, պայքարելը հաջողություն չի ունենա։ Նշեմ, որ Դ. Սարգսյանի՝ համայնքի ղեկավար դառնալուց հետո Դիլիջանի համայնքապետարանում կադրային շատ փոփոխություններ են կատարվել, աշխատանքի են տեղավորվել «յուրայիններ»։ Դ. Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի մտերիմ ընկերն է։ Դիլիջանի քոլեջն ավարտած, ներկայումս Հայաստանի եվրոպական համալսարանում հեռակա կարգով սովորող, 1984 թվականին ծնված Դ. Սարգսյանն իր աձնական գործում իր սեռի վերաբերյալ գրել է՝ արու, ինչը համացանցում մեծ քննարկումների եւ ծաղրանքի առիթ է դարձել։ Դ. Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ. փետրվարի 26-ին նշանակվել է Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2021թ. հոկտեմբերի 17-ին կայացած Դիլիջանի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքում ձեւավորված ավագանու կողմից ընտրվել է Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ