ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 90%-Ը ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ալմազ Բուրկուտովին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին։

 

Մարզպետը իր սոցիալական էջում գրառման մեջ նշել է. «Ինչպես հանդիպման սկզբում նշեց ՄԱԿ ՓԳՀ-ի պատվիրակության ղեկավարը, հանդիպման հիմնական նպատակը ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատի եւ գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն էր եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ ընթացիկ եւ հետագա համագործակցության հարցերի շուրջ քննարկումը, որոնք հիմնականում վերաբերում էին 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տեղահանված բնակչության կարիքների գնահատմանն ու աջակցության ցուցաբերմանը։

Միաժամանակ Ալմազ Բուրկուտովը հետաքրքվեց Գեղարքունիքի մարզում արտակարգ իրավիճակների դեպքում բնակչության պատրաստվածության եւ պատսպարման, մարզի ազդարարման համակարգի գործունեության, տեղահանված բնակչության վերադարձի, նրանց տնտեսություններին պատճառված վնասների վերականգնման հետ կապված հարցերով։

Շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ՓԳՀ-ի պատվիրակությանը Գեղարքունիքի մարզում իրականացված կենսական ու բազմաբովանդակ մարդասիրական ծրագրերի իրականացման համար՝ տրամադրեցի անհրաժեշտ տեղեկատվություն եւ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ շարունակական համագործակցության մասին իմ պատրաստակամությունը հայտնեցի։ Նշեցի, որ մեր երախտագիտությունն ենք հայտնում ՄԱԿ ՓԳՀ-ին եւ ՄԱԿ-ի այլ կառույցներին՝ այդ դժվարին օրերին պատերազմական իրավիճակում հայտնված մեր բնակչությանը պահանջված ու կարեւոր օժանդակություն ցուցաբերելու, հույս ու հավատ ներշնչելու եւ բոլոր հիմնահարցերը մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար։

Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան ագրեսիայի ձեռնարկման առաջին օրերից մինչ այժմ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ մեր համագործակցությունն ընթանում է անխափան, եւ իրականացված ծրագրերն այդ համագործակցության շնորհիվ հասցեական են եւ արդյունավետ։ Ինչ վերաբերում է սեպտեմբերի 13-14-ի դեպքերի հետեւանքով տեղահանված բնակչության՝ իրենց բնակավայրեր վերադառնալու հետ կապված խնդիրներին, տեղեկացրեցի, որ ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցների շնորհիվ՝ մոտ երկու ամիս է, ինչ սկսվել եւ շարունակվում է հրետակոծությունից վնասված բնակարանների վերականգման գործընթացը, որի արդյունքում տեղահանված բնակչության ավելի քան 90 տոկոսը վերադարձել է մշտական բնակության վայրեր։ Խոսքը 152 բնակարանների կամ շինությունների մասին է, որոնց սեփականատերերին տրվել են համապատասխան փոխհատուցումներ վնասները վերականգնելու համար։ Բնականաբար, այդ ընտանիքներն ունեն նաեւ այլ կարիքներ ու աջակցության անհրաժեշտություն, որոնք կապված են ձմեռացման, գյուղատնտեսական աշխատանքների եւ շատ այլ խնդիրների հետ, ուստի ամեն մի ծրագիր, որն ուղղվելու է մեր սահմանամերձ բնակավայրերի բնակչության կարիքների եւ կենսական խնդիրների բավարարմանը, մեր կողմից ստանալու է պահանջված աջակցություն ու համագործակցություն՝ լինեն դրանք մարդասիրական, թե անվտանգությանը վերաբերող ծրագրեր։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության, հարցերի լայն շրջանակի բաց քննարկման եւ բավարար տեղեկատվության տրամադրման համար՝ Ալմազ Բուրկուտովն իր հերթին վստահեցրեց, որ իրենք մշտական կապի մեջ կլինեն Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատուների հետ ներդրվող մարդասիրական ծրագրերը հասցեական եւ արդյունավետ իրականացնելու նպատակով։

 

 

 

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ 100%-ՈՎ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԵՆ

Հայաստանի արդարադատության նախարարությունն առաջարկում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով: Ըստ պաշտոնական հիմնավորման՝ դատախազների ցածր վարձատրությամբ պայմանավորված՝ դատախազի աշխատանքը կորցրել է գրավչությունը։

 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում փոփոխություն է տեղի ունենալու։

Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (ընդհանուր 412 անձ) ամսական դրույքաչափի 100 տոկոսի չափով հավելում նախատեսելու դեպքում նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով անհրաժեշտ է շուրջ 3 մլրդ 377 մլն 500 հազար դրամ։

Պարզվում է՝ վերջին տարիներին քանակական աճ է արձանագրվել դատախազական գործառույթների անխտիր բոլոր ուղղություններով, եւ դատախազների օրական աշխատաժամանակը շատ հաճախ հասնում է 12-13 ժամի:

Ըստ Արդարադատության նախարարության՝ դատախազների աշխատանքը ոչ միայն գերծանրաբեռնված է, այլեւ նրանց վրա ճնշումները՝ ինչպես զանգվածային լրատվության միջոցներով, այնպես էլ դատավարության մասնակիցների կողմից, այդ աշխատանքը դարձնում են պակաս գրավիչ եւ ռիսկային՝ հաշվի առնելով, որ նոր պաշտոնավարող դատախազի փաստացի աշխատավարձը չի գերազանցում 300 հազար դրամը։

Քիչ չեն երիտասարդ, բուհը նոր ավարտած իրավաբանները, որոնք դատախազի աշխատանքի նկատմամբ մասնագիտական հետաքրքրվածությամբ համալրում են դատախազների շարքերը, բայց ավելի հաճախ են դառնում այն դեպքերը, երբ դատախազության համակարգը համալրելուց եւ 3-4 տարի պաշտոնավարելուց ու մասնագիտական փորձառություն ձեռք բերելուց հետո դատախազները համալրում են փաստաբանական համայնքի շարքերը. ավելի քիչ աշխատանքային ռեսուրսներ ծախսելով՝ որպես փաստաբան աշխատելիս ստանում են դատախազի աշխատավարձը բազմապատիկ անգամ գերազանցող վարձատրություն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀ

Հանրության գերակա շահ կճանաչվեն Տ-8-93, Լծեն-Տաթեւ ավտոճանապարհի մոտ գտնվող  տարածքները: Այս մասին որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս ծրագրի իրագործումը հնարավորություն կտա շրջանցել Մ-2-Տաթեւ-Աղվանի-Մ-2 ավտոճանապարհի 6կմ երկարությամբ ոլորանները։ Օտարվող սեփականության ձեռք բերողն է հանդիսանում ՀՀ-ն, որի անունից հանդես է գալիս ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Նշենք, որ  սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը 2023 թվականի հունիսի 30-ն է։

Ըստ ՏԿԵՆ-ի՝ ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝  Մ-2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում, երթեւության դժվարություններով պայմանավորված, այլընտրանքային շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի։

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում գտնվող թվով 106 միավոր հողամասերի  որոշ հատվածներ ընդգրկվել են  վերակառուցվող ճանապարհ օտարման շերտի սահմաններում։

 

 

 

 

ԲՆԱԿԱՐԱՆ՝ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ

Ազգային անվտանգության մարմինների 200 ծառայող հնարավորություն կունենա յուրաքանչյուր տարի բնակարան ձեռք բերել՝ մասնակցելով այդ նպատակով անցկացվող վիճակահանությանը: Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է բնակարանի, բնակելի տան ձեռք բերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառու դարձնել նաեւ ազգային անվտանգության մարմինների ծառայողներին։ Ի դեպ, այս նախագծի ընդունումից հետո ՀՀ պետական բյուջեից մոտավոր հաշվարկով յուրաքանչյուր տարի կպահանջվի 741 մլն դրամ։ Ներկայումս Ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ ծառայողներ ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք, իսկ ՀՀ բանկերի կողմից առաջարկվող հիփոթեքային վարկավորման ոչ մատչելի պայմանների պատճառով նշված խնդրի լուծումը դառնում է անհնար:

Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տարբերակով Պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը, այդ իսկ պատճառով Ազգային անվտանգության ծառայությունը կարիք ունի համալրվելու որակյալ եւ բանիմաց կադրերով՝ գրավիչ դարձնելով ծառայությունն ազգային անվտանգության մարմիններում։

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս