ՏՂԱՆԵՐԸ ԴԻՐԻԺՈՐԻ ՀԵՏ ՔՈՉԱՐԻ ՊԱՐԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի եւ Ռուսատանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգը՝ ի աջակցություն Զինվորի տանը բուժվող տղաների:

 

Համերգի ավարտին բոլոր ներկաներին եւ հենց Վլադիմիր Սպիվակովին սպասվում էր անակնկալ: Բեմ դուրս եկան Զինվորի տանը պրոթեզավորում ստացած տղաները եւ հայտնի դիրիժորի հետ քոչարի պարեցին:

Վլադիմիր Սպիվակովը համերգի ավարտին պատմեց, որ երբ ամռանը առաջին անգամ եղել է Զինվորի տանն ու տեսել է այն սերն ու ջերմությունը, որ ստանում են տղաները, ու իրենք էլ տալիս են բոլորին, խոստացել է, որ ինքն էլ մինչեւ կյանքի վերջ լինելու է տղաների կողքին եւ աջակցելու է, ինչքան որ կարողանա:

«Ասեմ, որ  Հայաստանը վաղուց ինձ համար դարձել է հարազատ տուն: Ես բազմիցս եկել եմ որպես մենակատար եւ դիրիժոր «Մոսկվայի Վիրտուոզների» եւ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Իմ ընտանիքը միշտ եղել է ձեզ հետ եւ՛ տխրության, եւ՛ ուրախության պահերին: Վերջին տարիներին Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում: Ձեր ցավն արտացոլվում է նաեւ իմ սրտում, այդ իսկ պատճառով ինձ համար կարեւոր է աջակցել ձեզ այն ամենով, ինչով կարող եմ: Մենք հանդես կգանք երեք համերգով՝ երկուսը՝ Երեւանում, մեկը՝ ինձ համար շատ նշանակալի քաղաքում՝ Գյումրիում: Այս երեք համերգներից առաջինը Զինվորի տանը բուժվող եւ կյանք վերադարձող վիրավոր զինվորների համար է։ Տոմսերի վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի Զինվորի տանը»,-ասաց նա:

ԵՊԲՀ ռեկտոր եւ Զինվորի տան համահիմնադիր Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովին կրկին հայ ժողովրդի, իսկ այս անգամ՝ Զինվորի տան կողքին կանգնելու համար:

«Զինվորի տան, բոլոր զինվորների, անձամբ իմ եւ Հայկուհի Մինասյանի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել մաեստրո Սպիվակովին՝ մարդասիրական նման գեղեցիկ քայլի համար: Կանգնել հայ զինվորի կողքին, սատար լինել նման աստվածահաճո գործին նշանակում է ոչ միայն հայ ժողովրդի մեծ բարեկամը լինել, այլեւ իսկապես մեծ հումանիստ: Պատահական չէ, որ հենց այս բարեգործական համերգով ենք տալիս Զինվորի տան «Armenia 301» ծրագրի մեկնարկը: Սա մի ծրագիր է, որը նպատակ ունի Զինվորի տան շուրջ, այսինքն՝ ի նպաստ զինվորի առողջության եւ բարօրության կատարվող գործի շուրջ համախմբել համայն հայությանն ու հայ ժողովրդի բարեկամներին»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Համերգի ընթացքում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին Պյոտր Չայկովսկիի, Արամ Խաչատրյանի, Ջոակինո Ռոսինիի, Վինչենցո Բելլինիի, Ջակոմո Պուչչինիի, Էռնեստո դե Կուրտիսի ստեղծագործությունները։ Որպես մենակատար` նվագախմբի հետ հանդես եկավ հայազգի հանրահայտ մեներգչուհի, Բոլշոյ թատրոնի մենակատար Աննա Ագլատովան:

Բարեգործական համերգին ներկա էին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը։

Վլադիմիր Սպիվակովի համերգով նոյեմբերի 27-ից մեկնարկել է Զինվորի տան նոր՝ «Armenia 301» նախագիծը, որի խորհուրդը միասնականությունն է եւ համայն հայության համախմբումը մեկ գաղափարի շուրջ՝ Զինվորի տան շուրջ, որպեսզի հնարավոր լինի շարունակել օգնել, աջակցել, բարեկեցիկ կյանք ու ապագա ապահովել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձանց։ «Armenia 301» նախագծի հիմքը Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է՝ ստեղծագործություն, որ 100 տարի առաջ դարձավ հույսի, հավատի, արեւշատության ու միասնականության խորհրդանիշ եւ ուղերձ՝ դժվարությունների մեջ հայտնված մեր ժողովրդի համար:

Նոյեմբերի 28-ին ունկնդրին կներկայացվեն Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը եւ Չայկովսկու թիվ 5 սիմֆոնիան։ Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Ալեքսանդր Կլյուչկոն: Սպիվակովի այցն ու Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերն այսքանով չեն սահմանափակվի. Վլադիմիր Սպիվակովին նաեւ Գյումրին է սպասում։ Աշխարհահռչակ դիրիժորը Գյումրու համար թանկ հյուր է։ Առաջին անգամ նա Գյումրի, այդ օրերին՝ Լենինական, այցելել է 1988-ի աղետից 4 ամիս հետո՝ 1989-ի մարտին, եւ Մոսկվայի վիրտուոզներ նվագախմբի հետ ելույթ ունեցել չավերված ու կանգուն մնացած թատրոնի բեմում:

 

 

«ԳՅՈՒՂԸ ՈՐ ԿԱՆԳՆԻ» ԿԻՆՈՆԿԱՐԸ` ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

 

Ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կինոնկարն ընդգրկվել է Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի «Աշխարհի կանայք» ծրագրում:

 

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Բրեստի կինոփառատոնը համարվում է կարճամետրաժ ֆիլմերի ֆրանսիական եւ եվրոպական երկրորդ ամենամեծ կինոփառատոնը, որն անցկացվում է ամեն տարվա նոյեմբեր ամսին։

Պետական ֆինանսական աջակցություն ստացած «Գյուղը որ կանգնի» կինոնկարի եւ՛  ռեժիսորը, եւ՛ սցենարի հեղինակն Օֆելյա Հարությունյանն է, պրոդյուսերը Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանն է, համապրոդյուսերը՝ Լիդիա Ինդժովան (Բելգիա): Դերերում՝ Նանոր Պետրոսյան, Լիանա Վարդանյան, Անի Խաչիկյան, Աստղիկ Աբաջյան, Սիրանուշ Բարսեղյան: Արտադրող ընկերությունը՝ «Ֆերմատա ֆիլմ», համաարտադրող երկրներն են Բելգիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան:

 

 

 

ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՎԵԼ Է

Jaguar X-Type մեքենան, որը պատկանել է Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհի Էլիզաբեթ Երկրորդին, աճուրդում վաճառվել է 43 000 ֆունտ ստերլինգով:

Պարբերականը նկատում է, որ տվյալ մոդելը սովորաբար աճուրդում կվաճառվեր անհամեմատ ավելի էժան, սակայն արքայական պատկանելությունը մեծացրել է այս մեքենայի արժեքը, ինչի արդյունքում այն վաճառվել է 7 անգամ ավելի թանկ:

Աճուրդը կազմակերպել է Բերքշիրում գտնվող Historics աճուրդի տունը: Գնորդի ինքնությունն անհայտ է:

Կանաչ մեքենան, որի գույնը հայտնի է որպես Emerald Fire, թագուհուն ծառայել է Վինձորի կալվածքի տարածքով շրջելու համար:

 

 

 

 

ԴՈՒԲԼԻ ՀԵՂԻՆԱԿ

Գերմանական «Հոֆենհայմի» 31-ամյա հարձակվող Անդրեյ Կրամարիչը պատմության մեջ երկրորդ խորվաթ ֆուտբոլիստն է,  որին հաջողվում է դուբլի հեղինակ դառնալ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խաղում։

Խմբային փուլի երկրորդ տուրում աշխարհի փոխչեմպիոնները 4:1 հաշվով պարտության էին մատնել Կանադայի թիմին, որը երկու պարտությունից հետո զրկվել է 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։

Կրամարիչից առաջ Մարիո Մանջուկիչն էր 2014թ. աշխարհի առաջնությունում դարձել դուբլի հեղինակ Կամերունի թիմի դեմ խաղում։

Խորվաթիայի հավաքականը 4 միավորով խմբի առաջատարն է։ Նույնքան միավոր ունի Մարոկկոն, որը 2:0 հաշվով անսպասելի հաղթանակ էր տարել Բելգիայի նկատմամբ։

 

 

 

 

ԶՈՀՎԵԼ Է Forex Club-Ի ՀԻՄՆԱԴԻՐԸ

Նոյեմբերի 25-ին Մոնակոյում ուղղաթիռ է կործանվել, որը Մոնակո էր թռչում Շվեյցարիայից։ Ուղղաթիռում գտնվում էր ռուսաստանցի գործարար Վյաչեսլավ Տարանը։ Երկրորդ զոհը 35-ամյա օդաչուն է, որին պարբերականը բնորոշել է որպես շատ փորձառու։ Monacair ուղղաթիռային ընկերությունը պաշտոնապես հրաժարվել է մեկնաբանել հետաքննության մանրամասները։

Վյաչեսլավ Տարանն ավարտել է Վլադիվոստոկի էկոնոմիկայի եւ սերվիսի պետական համալսարանը։ Նա Forex Club-ը հիմնադրել է 1997թ. (այժմ աշխատում է որպես Libertex Group բրենդ)։ Տարանը վերջին տասը տարիներին ապրում էր Մոնակոյում։ Նա նաեւ Լոզանում, որտեղից էլ հավանաբար վերադառնում էր ուղղաթիռով, YouHodler կրիպտոքսակը ստեղծող ընկերության վարչության անդամ էր։

 

 

 




Լրահոս