Թեև իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված արտահերթ նիստի քվեարկությանը չմասնակցեց, ու խմբակցության ներկայացրած նախագիծը տապալվեց, բայց ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ի մոտ, ընդդիմադիր պատգամավորների հետ շփման առումով, իրավիճակ է փոխվել։
«Հայաստան» դաշինքը, հիշեցնենք, «ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» նախագիծ էր քննարկման ներկայացրել, որ ենթադրում էր դատապարտել Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված հայտարարությունն ու դրան հակընդեմ հայտարարություն ընդունել։
ArmLur.am-ը երեկ ընթացող արտահերթ նիստի ժամանակ նկատեց, որ իշխանական պատգամավորներն իրենց ելույթներում, հայտարարություններում և անգամ ռեպլիկների մեջ բավական զուսպ էին։ Եվ ի տարբերություն Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի, որ Հանրապետության հրապարակի պատմության հուշարձան համարվող շենքերը գայլիկոնով ծակելու մեջ նույնիսկ նախկիններին է մեղադրում, խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչները փորձում էին ընդդիմադիրների դեմ ճակատային դուրս չգալ։ Համենայն դեպս, ԱԺ-ում նախկինում կիրառված բառապաշարից իշխանական պատգամավորներն աշխատում էին զերծ մնալ։
Սա, իհարկե, իր պատճառներն ունի, և մեր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել, անգամ հրահանգել է թիմակիցներին՝ իրավիճակը չլարել, սուր անկյուններ չստեղծել ու այնպիսի իրավիճակ չստեղծել, որ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները նորից բոյկոտեն ԱԺ-ն ու հեռանան։ Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանը բացատրել է, որ եթե ընդդիմությունը կրկին բոյկոտի նիստերն ու չներկայանա խորհրդարան, ապա եվրոպական կառույցներն իր առջև հստակ պահանջ են դնելու, այն է՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ։ Ինչո՞ւ, քանի որ կստացվի, որ ԱԺ-ում բազմակարծությունը չի ապահովվում։
Մեր տեղեկություներով՝ քանի որ խորհրդարանում պե՛տք է բազմակարծություն լինի, իսկ Նիկոլ Փաշինյանն այս պահին բնավ հակված չէ նոր ընտրությունների գնալ, ապա իշխանության ներկայացուցիչներն առաջիկայում էլ ընդդիմադիրների հետ շփումներում կփորձեն կրիտիկական պահեր չստեղծել։
Սևակ Վարդումյան