Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները բոլորիս խնդիրներն են. ՄԻՊ-ի ուղերձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ուղերձ է հղել հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առիթով: Ուղերձում ասված է․

«Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է:

Չնայած վերջին տարիներին պետության գործադրած ջանքերին՝ հաշմանդամություն ունեցող անձինք դեռևս բախվում են բազմաթիվ խնդիրների։ Շարունակում են խնդրահարույց մնալ հաշմանդամության կարգավիճակի սահմանման գործող իրավակարգավորումներն ու հատկապես պրակտիկան, ինչի հետևանքով մարդիկ լիարժեք չեն կարողանում իրացնել իրենց մի շարք իրավունքները, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքը։ Ոչ մատչելի միջավայրի պատճառով դժվարություններ են առաջանում նաև կրթության, աշխատանքի, կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցության իրավունքներն իրացնելիս։

Կարևորելով օրվա խորհուրդը՝ պետք է արձանագրել, որ բավարար չէ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը թե՛ հասարակությունում, թե՛ պետական մարմինների շրջանում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները վկայում են նաև, որ իրավունքների իրացման հետ կապված խնդիրներ են առաջանում որոշումների կայացման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց ոչ բավարար ներգրավվածության հետևանքով։

Վավերացնելով ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան՝ պետությունը հանձնառություն է ստանձնել ապահովելու այդ իրավունքների իրացման իրական հնարավորությունները։ Այս նպատակով ցանկացած գործողության, բարեփոխման կամ ծրագրի հիմքում պետք է դրվի հաշմանդամություն ունեցող անձի կողմից իր իրավունքներն ինքնուրույն իրացնելու և իր արժանապատվության նկատմամբ հարգանքի երաշխավորումը։ Անհրաժեշտ է, որ պետությունը աջակցի մասնավոր հատվածի դերակատարներին՝ ոլորտում վերջիններիս կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի ընդլայնման հարցում։

Բացի այս, պետք է առաջնորդվել այն ընկալմամբ, որ իրապես ներառական միջավայրի ձևավորման համար կարևոր է, որ համայնքներում հասանելի լինեն անհրաժեշտ կարիքահեն ծառայությունները: Միևնույն ժամանակ պետք է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու իրավունքի իրացումը։

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները բոլորիս խնդիրներն են ու յուրաքանչյուրս մեր տեղում անելիք ունենք։

Շնորհակալություն»։




Լրահոս