ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակոցներ Ճամբարակում․ հայտնաբերվել են զրահաբաճկոն ու սաղավարտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ նույն օրը, ժամը 18․00-ի սահմաններում, Ճամբարակի Գարեգին Նժդեհի փողոցում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայրում հայտնաբերվեցին 7,62 մմ տրամաչափի պարկուճներ։

Ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում Վարդենիսում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն ներկայացվեց 36-ամյա մի վարդենիսցի։ Տղամարդը իրավապահներին ներկայացրեց «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 119 փամփուշտով լիցքավորված 4 պահեստատուփ, զրահաբաճկոն ու սաղավարտ՝ հայտնելով, որ ինքն է ինքնաձիգից կրակել։

Մեկ այլ հաղորդում էր ստացվել նոյեմբերի 27-ին։ Ժամը 17․30-ի սահմաններում Ճամբարակի բաժին էր զանգել Շողակաթ գյուղի 56-ամյա մի բնակիչ ու հայտնել, որ Շորժա-Դրախտիկ ավտոճանապարհից գողացել են հեծանիվը՝ պատճառելով շուրջ 100 հազար դրամի վնաս։

Քրեական հետախույզները, ստացված տվյալներն իրացնելով, բացահայտեցին գողությունը՝ հայտնաբերելով ու ձերբակալելով 4 վարդենիսցու։ Գողոնը նրանց մեքենայում էր։ Հանգամանքները պարզվում են։

Ճամբարակի ոստիկանները բնակչության հետ իրականացրել են նաև բացատրական աշխատանք։ Արդյունքում՝ Վահան գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է ինքնաշեն կրակող սարք ու ռազմամթերք։




Լրահոս