«Մանկական Եվրատեսիլ» երգի հեղինակավոր մրցույթի տասնվեց մասնակիցները դեկտեմբերի 5-ին Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում ազդարարեցին մրցույթի պաշտոնական բացումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 20-րդ մրցույթի պատվիրակներն անցան կարմիր գորգով, պատասխանեցին հաղորդավարների հարցերին և մուտք գործեցին Հայաստանի ազգային պատկերասրահ, որտեղ վիճակահանությամբ որոշվեց մրցութային համարների հերթականությունը։
Ըստ վիճակահանության՝ դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք մրցույթին Հայաստանի պատվիրակ Նարեն Dance ! երգով հանդես կգա 15-րդ համարի ներքո, առաջինը ելույթ կունենա Նիդեռլանդների պատվիրակը, իսկ վերջինը՝ Ուկրաինայի մասնակիցը: Մյուս մասնակից երկրները, որոնք են Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Պորտուգալիան, Սերբիան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան, հանդես կգան ըստ այբբենական կարգի:
Վիճակահանությունից հետո հրապարակում հավաքված բազմությունը հնարավորություն ունեցավ Հանրապետության հրապարակում կառուցված տոնական բեմում դիտելու ամանորյա հեքիաթային մյուզիքլը, որն ավարտվեց տպավորիչ հրավառությամբ, այնուհետև վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը։