ՀԱՄԱՁԱՅՆ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է, որ պատերազմից հետո, այո, հակաօդային պաշտպանությունը համալրելու ու վերազինելու հետ կապված ոչ բոլոր հարցերն են հասցրել լուծել։ Վստահեցնում է, որ սպառազինություն ձեռք բերելու ու զինանոցը համալրելու գործընթացն իշխանությունները դեռեւս 2020-ի աղետալի պատերազմից հետո էին սկսելու:

 

-Պարո՛ն Աղազարյան, պատերազմից 2 տարի անց  մենք ի՞նչ դասեր ենք քաղել:

– Ոչ թե 2 տարի անց, այլ դեռ ավելի վաղ էինք սկսել բանակն ու պաշտպանական ոլորտը վերազինելու ու ամրացնելու գործընթացը: Երբ ասում ենք՝ շարժվելու ենք «խաղաղության օրակարգով», ապա դա չի նշանակում, թե երկրի պաշտպանության կամ բանակը վերազինելու հարցը մի կողմ ենք դնելու: Եթե անգամ կարողանանք ապահովել «մեկին տասը» հարաբերակցությամբ, այսինքն՝ Ադրբեջանի սպառազինության «մրցավազքին» կարողանանք դիմակայել 1/10 հարաբերակցությամբ, ապա դա մեզ ամբողջապես բավարար կլինի դիմակայելու համար Ադրբեջանի ոտնձգություններին: Հաշվի առնելով հանգամանքը, որ մեր ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանը, Ուկրաինայի հետ ռազմական գործողություններ է ծավալում, այսպես ասած, ռազմական նշանակության իր հարցերով է ծանրաբեռնված, սպառազինությունը ձեռք բերելու համար այլ տարբերակներ կամ միջոցներ ենք փնտրում ու գտնում:

-Պարո՛ն Աղազարյան, բայց ընդդիմադիր Ձեր գործընկերներն ասում են, որ  44-օրյա պատերազմից 2 տարի անց արդեն ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի օդն է  անպաշտպան: Այս իմաստով կառավարության կամ ՊՆ-ի նախաձեռնած քայլերը բավարար համարո՞ւմ եք:

-Իհարկե, բավարար չեմ համարում եւ այդ իմաստով համաձայն եմ ընդդիմադիր մեր գործընկերների հետ, որ նմանօրինակ հարցերը դեռեւս չենք հասցրել ամբողջությամբ լուծել, բայցեւ փաստենք, որ բանակում ու սպսռազինության ոլորտում առկա խնդիրները, որոնք պետք է 20-25 տարների ընթացքում լուծվեին, 4 տարում պարզապես հնարավոր չէր լուծել: Հավատացեք՝ այս ամենը նրանց հակադարձելու համար չէ, որ ասում եմ, այլ զուտ այն իմաստով, որ սպառազինություն ձեռք բերելու հետ կապված մեծ հարցեր ու խութեր կան: Համաշխարհային հանրությունը տեսնում է, որ մենք խաղաղության օրակարգով շարժվող երկիր ենք, հետեւաբար աշխարհին պետք է ցույց տալ, որ մեր՝ զենք ձեռք բերելու ցանկությունը միմիայն պաշտպանողական նշանակություն ունի: Կարծում եմ՝ մեզ հետ համագործակցող մեր բոլոր գործընկերները հասկացել են մեր այս՝ սոսկ պաշտպանվելու համար զենք ձեռք բերելու դիրքորոշումը:

Իրականում զինամթերքի ձեռք բերման գործընթացը բավականին բարդ գործընթաց է: Ինչու՝ որովհետեւ մեզ զենք վաճառել պաստրաստվող պետություններն իրենց հարաբերությունները նախ պետք է Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի կամ Պակիստանի հետ ճշտեն, ապա նոր միայն անցնեն զենք վաճառելուն: Այսինքն՝ չի կարող ստացվել այնպես, որ մեզ զենք վաճառելով՝ որեւէ երրորդ երկիր «նեղացնի» կամ հարաբերություններ փչացնի վերոնշյալ երկրներից որեւէ մեկի հետ: Ինչ վերաբերում է զենք ձեռք բերելու պայմանագրերի հետ կապված հարցերին, ապա այստեղ նույնպես խնդիրներ կան. վաճառքի նպատակով զենք արտադրող երկրները պետք է նաեւ համապատասխան լիցենզիա ունենան, իսկ այդ լիցենզիան ձեռք բերելու համար պետք է ստանալ տվյալ երկրի թույլտվությունը: Այսինքն՝ սրանք բոլորը հարցեր են, որոնք  համալիր լուծում  են պահանջում ու մեկ օրում լուծել հնարավոր չէ:

-Բայց Ձեր կողմից մատնանշված հարցերը նույնպես լավ բանակցող են պահանջում:

-Իհարկե, բայց լավ բանակցող ասելով՝ չի կարելի հասկանալ հետեւյալը. պետությունից 100 միլիոն դոլար վերցնել, դրանից 10 միլիոնը կաշառք տալ, մնացած 90 միլիոնով փորձել ինչ-որ բան ձեռք բերել երկրի համար: Ես, իհարկե, կդժվարանամ ասել՝ դա ճիշտ է, թե ոչ, կամ մենք արդյոք կարող ենք նման կերպով զենք ձեռք բերել, բայց, ըստ իս, մեր իշխանության՝ զենք ձեռք բերելու մասով վարած քաղաքականությունը նույնպես սխալ չէ:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԵՐՐՈՐԴ ԽԱՅՏԱՌԱԿ ՄԻՋԱԴԵՊԸ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

«ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության մի խումբ աշխատակիցների կողմից Վանաձոր քաղաքի մի քանի քաղաքացիների (այդ թվում՝ անչափահաս) նկատմամբ բռնության կիրառումն անընդունելի է»,- հաղորդագրություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

 

«Նոյեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան համար ճանապարհ բացելիս պարեկները բռնություն են կիրառել մի քանի քաղաքացու նկատմամբ: Հրապարակված տեսանյութերում որոշակիորեն երեւում է, թե ինչպիսի վնասվածքներ են առկա հիվանդանոցում գտնվող քաղաքացիների մոտ, իսկ վերջիններիս կողմից ներկայացված դեպքի հանգամանքներն առնվազն մտահոգիչ են։

ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանված են ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի գործադրման հիմքերը, սակայն դրանք դիտարկվում են որպես բացառիկ միջոց եւ կիրառվում են ըստ էության իրավախախտի նկատմամբ։

Դատապարտելով ցանկացած բռնության դրսեւորում՝ հարկ եմ համարում այս համատեքստում ընդգծել, որ պետության պոզիտիվ պարտականությունն է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար ապահովել առնվազն այնպիսի պայմաններ, որ քաղաքացին առավելագույնս զերծ մնա պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի (անձանց) կողմից ոչ իրավաչափ ուժի գործադրումից։

Դեպքի առիթով պարզաբանումներ եմ պահանջել ՀՀ ոստիկանապետից: Հետեւողական եմ լինելու համանման դեպքերին արագ եւ արդյունավետ արձագանքելուն, ինչպես նաեւ իմ լիազորությունների շրջանակում դրանց հնարավոր կանխարգելմանը:

Արձանագրենք, որ սա երկրորդ ամոթալի ու խայտառակ միջադեպն է Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից. հղի կինը՝ Սոնա Մնացականյանը, սպանվեց Պարոնյան փողոցում վթարից: Հիմա էլ քաղաքացիների ծեծն է, այդ թվում՝ անչափահասի… Հայկական ժողովրդավարությունը շատ տարբեր է…»-, գրել է Թովմասյանը:

 

 

 

ԳԵՐԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ

ArmLur.am-ը երեկ գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բուքմեյքերական ընկերությունների գործունեությունն է՛լ ավելի է ծաղկում: Չնայած հանգամանքին, որ անցած տարիներին գործադիրը տարբեր օրենքներով սահմանափակել է բուքմեյքերական ընկերությունների գովազդները, գործունեության բնույթն ու տեղակայման վայրերը, սակայն խաղադրույքի ծավալները Հայաստանում ահագնացող տեմպերով են աճում: Միայն նախորդ տարի՝ 2021-ին, մոտ 4 տրիլիոն դրամի խաղադրույք է կատարվել:

Թե հայրենի իշխանավորներն ինչպես են պատկերացնում խաղամոլության դեմ պայքարը, փոքր-ինչ դժվար է հասկանալ կամ կռահել, քանզի փաստերն ու թվերն այն բանի մասին են վկայում, որ, օրինակ, «Վիվարո» ընկերության սեփականատերերը շարունակ հարստանում են, խաղամոլությամբ տառապող հաճախ աղքատ քաղաքացիները՝ ավելի աղքատանում:

Իսկ վերոնշյալ ընկերության սեփականատերերն այնքան են հարստացել, որ, ըստ Civilnet-ի հրապարակման, 2.5 միլիոն դոլարով պատրաստվում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը գնել:

Ի՞նչ է ստացվում. խաղամոլության աճող տեմպերի հաշվին՝ ընկերությունը հարստանում է, դրա տերերը գերթանկարժեք գույք  են ձեռք բերում:

 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ՆԻՍՏԻՆ

Խորհրդարանական ընդդիմությունը դեկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնել:

Արտահերթ նիստում կքննարկվի «Հայաստան» խմբակցության հեղինակած ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը՝ ընդդեմ Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության: Հայտարարության հիմնական զեկուցողը պատգամավոր Անդրանիկ Թեւանյանն է:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեռեւս որոշում չունի արտահերթ նիստին մասնակցելու վերաբերյալ: Առավել հակված են բոյկոտել ընդդիմության նախաձեռնած օրակարգը, քանի որ հայտարարության տեքստում գրված է. «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում». սա ՔՊ-ին վանում է:

Իշխող խմբակցությունից փորձեցինք ճշտել՝ գալու են այդ օրը խորհրդարան, քվորում ապահովելու են արդյոք:

«Երբ որոշում լինի, կհայտարարենք»,- ArmLur.am-ի հարցին ի պատասխան՝ ասացին ՔՊ-ից:

 

 




Լրահոս