ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԱԺ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի 2022 թվականին նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։

 

Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Զեմֆիրա Միրզոեւան, ով ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի ասորական համայնքն ու խորհրդարան է անցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասով ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը։ Կուսակցության խորհրդի նման որոշումն արդյունք է առաջին հերթին ՀՀ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի եւ նպատակ ունի որեւէ կերպ չխոչընդոտել ազգային փոքրամասնությունների խնդիրների բարձրաձայնման ու լուծման ուղղությամբ հետեւողականությունը, որը Զեմֆիրա Միրզոեւայի գործունեության կարեւոր մասն է։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի որոշման համաձայն՝ կուսակցության այն անդամները, որոնք ներկայացված են դաշինքի նախընտրական ցուցակում, պատգամավորական մանդատի ստացման հերթը հասնելու պարագայում ազատ են որոշում կայացնելու՝ վերցնել մանդատը, թե ոչ։ Մանդատ վերցնելու որոշում կայացնելու դեպքում տվյալ անձինք պետք է լքեն կուսակցության շարքերը։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի որոշումը երկար քննարկումների ու խորհրդի անդամների կոնսենսուսի արդյունք է։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ խորհրդարանական գործունեությունն ու պատգամավորական մանդատները մեզ համար ինքնանպատակ չեն։ Կուսակցության ներկայացուցիչներն արել են առավելագույնը՝ ԱԺ-ում եւ ԱԺ-ից դուրս առկա խնդիրները բարձրաձայնելու, իրավիճակի հանգուցալուծման ճանապարհներ փնտրելու ուղղությամբ։ Եվ, այնուամենայնիվ, այսօր մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ բոլոր այն հիմքերը, որոնք ստիպում էին բոյկոտել ԱԺ նիստերն ամիսներ առաջ, շարունակում են արդիական մնալ նաեւ այսօր։

Կուսակցության խորհրդի որոշումը նաեւ մեր հանրության տարբեր շերտերի հետ շփումների եւ քննարկումների արդյունք է, եւ առավել քան վստահ ենք, որ մեր հայրենակիցների, պայքարի մեր ընկերների համար սա ընդունելի ու հասկանալի քայլ է։

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում կուսակցության հռչակած արժեքների ու քաղաքականության շրջանակներում։

Միաժամանակ շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության մեր գործընկերներին անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություն իրենց գործունեության ու պայքարի մեջ։

Վստահ ենք՝ ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ փոխգործակցությունը շարունակական կլինի նաեւ ապագայում՝ հիմնված ընդհանուր գաղափարների ու միասնական նպատակների վրա։

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

Նոյեմբերի 28-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մայրցամաքային Եվրոպայի եւ Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնի, Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի, Ֆրանսիայի Պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ, փոխադմիրալ Քրիստոֆ Լուկայի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային անվտանգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ ԱԽ քարտուղարը վերահաստատել է Հայաստանի պատրաստականությունը նպաստելու մեր տարածաշրջանում անվտանգային միջավայրի ապահովմանը։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման դինամիկան։

 

 

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԸ  ՀԱՆՁՆԵԼ Է

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Սառա Մերի Ուոլշը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ այս նշանակումը կնպաստի երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

 

 

 

 

ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը եւ գործարար կապերի ընդլայնումը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի պլանավորմանն ու այդ խոշորագույն միջոցառմանը Հայաստանի մասնակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

 

 

 

 

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ «ՍՐՏԻ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՑ»

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այժմ էլ սկսել է ֆուտբոլով հետաքրքրվել: Օրերս նա «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ է այցելել, շրջել ակումբի տարածքում գտնվող թանգարանում, մարզադաշտերում եւ այլն, կարճ ասած՝ բավականին ջերմ ընդունելության է արժանացել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում «Ուրարտու» ակումբի գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանն ասաց, որ տիկին Հակոբյանն իրենց հրավերով է ակումբ այցելել: «Դա պարզապես ճանաչողական այց էր, զրույց ու շփում մեր երեխաների հետ»,- մեզ հետ զրույցում նշեց նա: Մեր հարցին, թե Աննա Հակոբյանն ինչ կապ ունի ֆուտբոլի հետ կամ ինչքանով է շահագրգիռ անձ, որ հրավիրել են, Մարտիրոսյանն արձագանքեց. «Դե ուղղակի հրավիրել ենք, չենք մտածել, որ շահագրգիռ կողմ է կամ ֆուտբոլի հետ կապ ունեցող անձ: Մենք կանանց թիմեր ունենք, իրեն էլ ամենաշատը հենց այդ հարցն էր հետաքրքրում, թե ինչ վիճակում է կանանց ֆուտբոլը: Նման հայտնի մարդկանց, սպորտսմենների հետ հանդիպումներ մենք հաճախ ենք կազմակերպում»: Իսկ հայտնի մարդկանցից, ըստ ակումբի Facebook-ի էջում ներկայացվածի, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է: Անհասկանալի է, թե ինչ նպատակով կամ տրամաբանությամբ է մասնագիտությամբ արեւելագետ պաշտոնյան գնացել «Ուրարտու» ու ֆուտբոլի պատմությանը վերաբերող թանգարանի ժապավեններ կտրել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ուրարտու» ակումբի ու իշխանությունների «սերը» միայն Աննա Հակոբյանի կամ Արայիկ Հարությունյանի այցերով չի սահմանափակվում: Ակումբի նախագահ Ջեւան Չելոյանցը մեկ անգամ չէ, որ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նրան ներդրումների հետ կապված (հիմնականում՝ մարզադաշտեր կառուցելու մասով) ծրագրեր ներկայացրել: Մեր թերթի տեղեկություններով՝ մեծահարուստ այս անձնավորությունը բավականին սերտ կապեր նաեւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ ունի: «Անգամ սեփական ինքնաթիռ ունի, երբեմն ինքնաթիռ է ուղակում, որ Մելիքբեկյանին տանի արտերկիր՝ ծնունդը նշելու»,- ասաց «Ժողովուրդ» թերթի աղբյուրը: Մի խոսքով, իշխանության սրտի օլիգարխներից կամ դոնորներից մեկն էլ բացահայտվեց՝ Ջեւան Չելոյանց:

 

 

 

ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վահե Դալլաքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի ականանետային մարտկոցի ղեկավարման դասակի հետախուզական ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ, օգտագործել է ակնհայտ կեղծ փաստաթուղթ, այն է՝ սպայական կոչում ստանալու նպատակով ՀՀ ՊՆ N զորամասի համալրման բաժանմունք է ներկայացրել քննությամբ դեռեւս չպարզված անձի կողմից կեղծված ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի կողմից տրված համապատասխան դիպլոմ:

 




Լրահոս