ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԴԵՊՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած եւ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով մայոր սպան 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից, նրանց հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։

 

Այնուհետեւ, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, ծառայության ընթացքում օտարերկրյա հատուկ ծառայություններից հաղորդագրությունների միջոցով ստանալով համագործակցությունը շարունակելու վերաբերյալ առաջարկություն եւ ընդունելով այն, պարտավորվել է վարձատրության դիմաց հավաքել եւ օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը եւ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ռազմական բնագավառի պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որպիսի պայմաններում իր հանցավոր գործունեությունն իրագործելով՝ 2022 թվականի փետրվարից մինչեւ նոյեմբերն ընկած ժամանակահատվածում հավաքել եւ իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես՝ գաղտնի դրոշմով տարբեր բովանդակության փաստաթղթեր, իր ծառայության վայրի, ստորաբաժանումների ուղղվածության, տեսակի եւ քանակի, ինչպես նաեւ նշված ստորաբաժանումների կողմից ՀՀ արեւելյան եւ հարավային ուղղություններում ծառայություն իրականացնելու վերաբերյալ տվյալները, որոնց դիմաց որպես վարձատրություն օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից տարբեր օրերի ընդհանուր ստացել է 19.700 ԱՄՆ դոլար գումար՝ այդկերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ սպային ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւս մեկ անգամ հորդորում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ զինծառայողներին, օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու կամ համագործակցության առաջարկ ստանալու մասին անհապաղ տեղեկացնել իրավասու մարմիններին ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցերը նրանց հետ քննարկելը եւ տեղեկությունների փոխանցումը բացառելու, ինչպես նաեւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:

 

 

 

 

ԴԵՂԱՀԱԲ՝ ԿԱԼԱՆԱՎՈՐԻՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողների հետ համատեղ 2022թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Կ. Մ.-ի մոտ կարճատեւ տեսակցության եկած քաղաքացի Հ. Դ.-ին, սակայն վերջինիս մոտից ոչինչ չեն հայտնաբերել։ Այնուհետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին թաքցրած տեղից ծառայողներին է ներկայացրել թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված օվալաձեւ 1 փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 6.7 եւ 17.2 գրամ ընդհանուր քաշերով դեղնականաչավուն բուսական զանգվածներ, «PGN 150» գրառմամբ 8 դեղապատիճ եւ «B8» գրառմամբ 1 դեղահաբ։

Քաղաքացին բանավոր հայտարարել է, որ թմրամիջոցներին նմանվող զանգվածները քրեակատարողական հիմնարկ էր բերել կալանավորված անձին փոխանցելու համար։

Քաղաքացի Հ. Դ.-ն անմիջապես ձերբակալվել է եւ տեղափոխվել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

 

 

 

ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վրաերթի է ենթարկվել: Մեզ հայտնի դարձավ, որ վարորդը փախուստի չի դիմել, իսկ վարչապետի եղբորը կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ ՀՀ վարչապետի եղբորը վրաերթի ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. «Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով։ Իրականացվում է նախաքննություն»։

 

 

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

ArmLur.am-ին հայտնի դարձավ՝ նռնակով «Ծիրան» սուպերմարկետ մտած տղամարդու գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Մանթաշ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող՝ ձեռքի բեկորային մարտական նռնակ եւ մարտական պայթուցիչ, որն ապօրինի պահել է իր մոտ եւ 16-07-2022թ-ի ժամը 22-00-ին ապօրինի կրելով այն՝ գնացել է Աշտարակ քաղաքի Տ. Մեծ փողոցում գտնվող «Ծիրան» սուպերմարկետ եւ մոտենալով սուպերմարկետի մենեջերին՝ բացահայտ իր ձեռքում գտնվող նռնակը բերել է մարտական վիճակի եւ նրան ներկայացրել պահանջ, որ սուպերմարկետում գտնվողները դուրս չգան շինությունից, ոստիկանության աշխատակիցները իր երեխային ներկայացնեն իրեն, հակառակ դեպքում սպառնացել է նռնակը պայթեցնել։

Ք. Մ.

 

 

 

 

ԱՆԶԳՈՒՇԱԲԱՐ ԿՐԱԿՈՑ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 01.10-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում էր ստացվել, որ «աջ ծնկահոդի կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին երիտասարդը հայտնել է, որ ժամը 00.20-ի սահմաններում գրպանում եղած ինքնաշեն գրիչ-ատրճանակով անզգուշաբար կրակել է ոտքին: Դեպքի վայրում՝ Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի մոտ, ոստիկանները հայտնաբերել են ինքնաշեն գրիչ-ատրճանակը:

 

 

 

ՄԵԿ ԱՆՁ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 21.10-ին, «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Տաշիր քաղաքում բնակվող 52-ամյա մի տղամարդ։ Տաշիրի բաժնից հիվանդանոց մեկնած քրեական հետախույզները պարզեցին, որ նա բուժհաստատություն էր տեղափոխվել Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցից։ Նախնական տվյալներով՝ չբնակեցված մի շինությունում հիվանդանոց տեղափոխված տղամարդը եւ նրա 44 ու 50 տարեկան ծանոթները հացկերույթ էին կազմակերպել, նաեւ օգտագործել էին ոգելից խմիչք։ Այդ ընթացքում նրա եւ 44-ամյա ծանոթի միջեւ վեճ էր սկսվել, որն ուղեկցվել էր հայհոյանքներով։ 44-ամյա տղամարդը ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ էր հասցրել 52-ամյա տղամարդուն, այնուհետեւ նրան թողել ու հեռացել էին։ Ծեծված տղամարդը օգնություն էր կանչել, որին արձագանքել էր մի անցորդ, ինչից հետո 52-ամյա տղամարդը շտապօգնության մեքենայով նախ տեղափոխվել էր Տաշիրի հիվանդանոց, ապա՝ Երեւան՝ հոսպիտալացվելով «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Հենց այստեղ էլ նա դեպքից 6 օր անց մահացել էր։ Տաշիրի ոստիկանները հայտնաբերել ու ձերբակալել են վնասվածքներ պատճառած 44-ամյա տղամարդուն։ Նա կալանավորվել է։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։




Լրահոս