ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախեւառաջ կամավոր հասկանում ենք, որ ուսուցիչը ինքն է որոշում կայացնում իր կամքով գնալ ատեստավորման, այսինքն՝ գնալ կամավոր ատեստավորման: Ուսուցչի ատեստավորումը հանրակրթության բոլոր նորմատիվ փաստաթղթերում սահմավում է որպես ուսուցչի գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների՝ զբաղեցրած պաշտոնին, որակավորման տարակարգերի բնութագրիչներին համապատասխանտվության որոշման գործընթաց:

 

Այս կամավոր ատեստավորման դեպքում երբ ստուգվում են ուսուցիչների միայն ու միայն գիտելիքները. արդեն հասկանալի է, որ սա երբեք ատեստավորում չէ, պարզապես սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ուսուցիչների զուտ ակադեմիական գիտելիքների ստուգում: Եվ զարմանալի է եւ նաեւ ծիծաղելի, որ այս պարզ ճշմարտության աղավաղումը, տրամաբանական բառակապակցության (կամավոր ատեստավորում) բովանդակության ոտնահարումը, կեղծումը եւ անգրագիտությունը կատարվում է հենց կրթության նախարարության կողից եւ այդպես էլ մատուցվում է հանրությանը: Ուսուցիչները հասկանո՞ւմ են, որ իրենք գնում են ոչ թե ատեստավորման, այլ պարզապես կամովի գնում են իրենց առարկայական-մասնագիտական գիտելիքները ստուգելու:

Իսկ ի՞նչ է նշանակում ուսուցչի գիտելիքների ստուգում, եւ ո՞վ է սահմանում, որոշում թեստերի բովանդակությունը, ո՞վ է ստուգողը, եւ այդ ի՞նչ «հրաշք» թեստեր են, որոնք վճռում են ուսուցչի ճակատագիրը: Ո՞րն է այն դպրոցական (ոչ բուհական) գիտելիքների սահմանումը, որն անհրաժեշտ է եւ բավարար, որ ուսուցիչը պետք է տիրապետի. ո՞վ կարող է ասել: Ընդ որում՝ այսօր դպրոց են «թափանցում» նաեւ ուսուցիչների բուհական գիտելիքները:

Միանգամայն հասկանալի է, որ ուսուցիչը առարկայական չափորոշչային եւ ծրագրային պահանջներին պարտավոր է գոնե նվազագույն մակարդակով բավարարել, հակառակ դեպքում նա որպես գործող ուսուցիչ լինել չի կարող:

Ուսուցչի մասնագիտական գիտելիքների ինչպիսին լինելը մանկավարժական գիտության արդի լրջագույն խնդիրներից է եւ պահանջում է ճանաչված մանկավարժ-գիտնականների լուրջ հետազոտություններ եւ հիմնավորում:

Պարզե՞լ եք արդյոք, թե ուսուցչի առարկայական գիտելիքների լավ իմացությունը ինչքանով է չափորոշիչների պահանջներով ծառայում սովորողների կրթությանը:

Օրինակ՝ ըստ Մաթեմատիկա առարկայի չափորոշչի՝ կարեւորվում է ոչ այնքան սովորողների մաթեմատիկական գիտելիքները, ինչքան նրանց մաթեմատիկական կրթությունը, իսկ մաթեմատիկական կրթության բովանդակության հիմքը կազմում են մտածողության համընդհանուր եւ մասնավոր մաթեմատիկական մեթոդներն ու հնարքները: Եվ այս առումով մաթեմատիկական գիտելիքներն ու տեղեկությունները պետք է ներառվեն մաթեմատիկական կրթության բովանդակության կազմում ընդամենը որպես լրացուցիչ բաղադրամաս:

Եվ պետք է ասել, որ ուսուցչի առարկայական գիտելիքները շատ հարաբերական ու «չշոշափվող» հասկացություն է: Ձեզ հարց տվե՞լ եք, թե մեր հանրապետության ուսուցիչների քանի տոկոսն է, որ կկարողանա բուհերի ընդունելության քննությունների շտեմարանների թեստային առաջադրանքներից հավաքել միջին եւ բարձր միավոր: Փորձեք, կտեսնեք, որ կլինի ոչ գոհացուցիչ պատկեր:

Այստեղ գլխավոր պատճառը ոչ թե մեր ուսուցիչների թույլ լինելն է, այլ պարզապես նրանք, բացի ծրագրային-դասագրքային ամենօրյա պահանջներից ու առաջադրանքներից, այլ լրացուցիչ առաջադրանքներով ու հարցադրումներով չեն զբաղվում (իհարկե, կան նաեւ թույլ ուսուցիչներ) եւ չեն կարեւորում զարգացնել ու հարստացնել իրենց գիտելիքները:

Նաեւ նկատվում է, որ այն ուսուցիչները, որոնք աշակերտների հետ պարապում են լրացուցիչ՝ բուհեր ընդունվելու համար, նրանք մրցույթային թեստային առաջադրանքներից հավաքում են ավելի ու ավելի բարձր միավորներ եւ աչքի են ընկնում իրենց բարձր գիտելիքներով: Եվ պատահական չէ, որ այս կամավոր «ատեստավորվողների» գերակշիռ մասը հենց այդ ուսուցիչներն են, որոնք ընկնելով լրացուցիչ պարապմունքների հետեւից, մեղմ ասած, հաճախ չեն նվիրվում իրենց դասարանային պարտականություններին:

Այնպես որ, հարգելի՛ կրթության «պատասխանատուներ», ուսուցիչներին ոգեւորելու (տվյալ դեպքում՝ նրանց աշխատավարձը բարձրացնելու) համար շեշտը դնելով ուսուցիչների առարկայական գիտելիքների վրա, շատ հեռու գնալ չեք կարող, որովհետեւ (դարձյալ պետք է նշել) ուսուցչի գլխավոր նպատակը, առաքելությունը չափորոշչային պահանջները կատարելն է, ուր եւ հատկապես մեծ ուշադրություն է դարձվում սովորողների կարողունակությունների (կոմպետենցիաների) ձեւավորման խնդիրներին: Առարկայական գիտելիքներ ունենալը դեռ չի նշանակում լինել ուսուցիչ. ուսուցիչը նա է, ով սովորողներին ուսուցանում, կրթում ու դաստիարակում է՝ առարկային ներկայացվող չափորոշչային պահանջներին համապատասխան:

Հանրակրթության գլխավոր խնդիրներն են սովորողների ակադեմիական իմացության, մտածողության հմտությունների, սոցիալական հմտությունների, ինքնիմացության եւ ինքնաճանաչողության հմտությունների զարգացումը:

Օրինակ՝ ըստ չափորոշչի՝ այսօր մաթեմատիկայի ուսուցման նպատակը սովորողների՝ խնդիրներ եւ վարժություններ լուծելը չէ, այլ լուծումներով խթանել սովորողի մտավոր ունակությունների զարգացումը, բարձրակարգ մտածողության ձեւավորումը, կատարել գրագետ դատողություններ եւ արագ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում:

Այսինքն՝ ըստ չափորոշչի՝ կարեւորվում է ոչ այնքան սովորողի մաթեմատիկական գիտելիքը, այլ մաթեմատիկական կրթությունը:

Հարգելի՛ կրթության «շեֆեր» եւ ամպագոռգոռ խոսողներ, Դուք համոզվա՞ծ եք, որ այդ Ձեր «թրի տակով» անցած, այսպես կոչված, կամավոր ատեստավորվողները լավ են գիտակցում ու հասկանում չափորոշչային պահանջների դերն ու նշանակությունը: Եթե նրանց չեք ճանաչում որպես ուսուցիչ (ինչպես արդեն նշվել է), ոչ թե որպես ուսուցիչ աշխատող, չգիտեք առարկայի ուսուցման նրանց որակները, եւ ինչքանով են կարողանում չափորոշիչներին համապատասխան առարկան ուսուցանել, ապա ձեզ ո՞վ է թույլ տալիս նրանց «կշիռը» այդպես մեկ հարվածով բարձրացնել, այն էլ՝ այն դեպքում, երբ իրենց կողքին աշխատող բազմաթիվ նվիրյալ ուսուցիչներ ջանք ու եռանդ չեն խնայում չափորոշչային պահանջները կյանքի կոչելու համար:

Եվ բոլոր առումներով իսկապես ծիծաղելի, որ դեռ այդ ուսուցիչների աշխատանքի արդյունքները չտեսած, «չշոշափած»՝ միանգամից «արժանանում են» բարձր աշխատավարձի:

Կրթության որակի ապահովման միակ գնահատականը  չափորոշչային պահանջների կատարումն է, իսկ չափորոշչային պահանջները կյանքի կոչելու ամենաարդյունավետ եղանակը  առարկայի լավ ուսուցումն է: Իսկ ի՞նչ է նշանակում լավ ուսուցում. վերապատրաստվող ուսուցիչները դա լավ գիտակցում են ու հասկանում:

Կրթության նախարարության եւ այլ պատասխանատու օղակների գործը պետք է լինի (եթե ուզում են՝ կրթության որակ լինի) հետեւել, որ ուսուցիչները իսկապես աշխատեն՝ չափորոշչային պահանջներին համապատասխան, եւ, ըստ այդմ էլ, գնահատել նրանց գործունեության որակը:

Առաջարկվում է վերացնել մանկավարժության տեսանկյունից ոչինչ չասող, անմիտ ու անգրագետ, ակնկալիք արդյունքների տեսանկյունից անորոշ ու անդեմ, չափորոշչային պահանջները աղավաղող այս շինծու կամավոր ատեստավորումը:

Լռել չէի կարող, լռել նշանակում է անձամբ մասնակիցը լինել ձեր մոլորություններին ու ինքնախաբեությանը:

Կրթության հարգելի՛ պատասխանատուներ ու «մասնագետներ», վերջ տվե՛ք  ձեր հեքիմություններին:

 

Ռոմեն Մնացականյան

Ֆիզմաթ. գիտ. թեկնածու

Ուսուցիչներ վերապատրաստող

դասախոս

Հեռ.  52-95-34 բնակարան

(093) 69-94-17

 




Լրահոս