Ադրբեջանն ունի գազ՝ այս պահին թանկարժեք բան. Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը՝ աշխարհի լռության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն օրեր առաջ Հայաստանում էր։ ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպումից հետո Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորն այցելել է նաեւ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայր, և տեսաուղերձով ցույց տվել Ադրբեջանի՝ սեպտեմբերին կատարած վայրագությունների հետևանքները, կոչով դիմել միջազգային հանրությանը՝ ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, հեռանալ Հայաստանի այն տարածքներից, որոնք օկուպացրել է:

«Մենք գտնվում ենք Հայաստանում, Սոթքում: Այս ամբողջ տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի և հարյուրավոր տների ավերման։ Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը գործել և ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, միջազգային մարդասիրական իրավունքը և հեռանալ հայկական հողից»,-նշել էր իսպանացի պատգամավորը:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուին։

-Պարո՛ն Ինյարիտու, Դուք Հայաստանում ինչ հանդիպումներ եք ունեցել եւ ո՞ր վայրերում եք եղել։

֊Նախորդ օրերի ընթացքում ես այցելել եմ Ջերմուկի եւ Վարդենիսի տարածք։ Մենք տեսել ենք այն տարածքները, որոնք հարձակման են ենթարկվել սեպտեմբերին Ադրբեջանի կողմից եւ որոնք այժմ օկուպացված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Վնասը դեռևս զգալի է, բայց ամենամտահոգիչը այս քաղաքների բնակիչների կողմից զգացվող անապահովության զգացումն է։ Ադրբեջանը միակողմանի և առանց պատճառի հարձակվել է քաղաքացիական օբյեկտների վրա և օկուպացրել հայկական տարածքը։ Այն թույլ է տվել միջազգային իրավունքի ակնհայտ խախտում։ Խաղաղությունն անհրաժեշտություն է ողջ Կովկասի և նրա բնակիչների համար, այդ իսկ պատճառով Ադրբեջանի վայրենի գործողությունները պետք է դատապարտվեն և նրա ուժերը դուրս բերվեն հայկական տարածքից։

-Սակայն միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանք չենք տեսնում։ Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը։

֊Կարծում եմ, որ երկու պատճառ կա. առաջին հերթին աշխարհը նայում է Ուկրաինայի հակամարտությանը։ Նուրբ իրավիճակ, որտեղ կան անվտանգության և տնտեսության համար մի քանի վտանգներ։ Մյուս կողմից՝ Ադրբեջանն ունի բռնակալ ու կոռումպացված իշխանություն, բայց գազ ունի՝ այս պահին թանկարժեք բան։ Այդ իսկ պատճառով շատ պետություններ նայում են այլ կողմ և գործում կեղծավորությամբ:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս