ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանխվել է մի շարք անձանց անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք. ԱԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով վարչության և քննչական դեպարտամենտի ծառայողների համատեղ նախապատրաստած և տակտիկապես իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Բ-ն, հանդիսանալով ՀՀ-ում գործող «Մուայ Թայ» ֆեդերացիայի նախագահը, 2022 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսների ընթացքում, շահադիտական նպատակով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել վարույթով դեռևս չպարզված անձանց հետ, որից հետո, պայմանավորվածության համաձայն, խմբի անդամներով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, նախապես կատարելով դերերի բաշխում, Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիներից 3400-7000 ԱՄՆ դոլար գումարներ ստանալու
դիմաց, կազմակերպել են հիշյալ անձանց ՀՀ-ից ելքի, օտարերկրյա համապատասխան պետություններ մուտքի, իսկ այնուհետև նաև այդ պետություններում գտնվելու գործընթացը։

Մասնավորապես, վերջիններս՝ «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով վերը նշված անձանց վերաբերյալ ՀՀ-ում գտնվող իրավասու մարմիններ ներկայացնելով իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր՝ «Մուայ Թայ» ֆեդերացիայի մարզիկ կամ մարզիչ հանդիսանալու, աշխատավայրի, աշխատավարձի չափի, բանկային հաշիվների, եկամուտների, ինչպես նաև բովանդակությամբ ակնհայտ կեղծ՝ իրականությանը չհամապատասխանող այլ տեղեկություններ պարունակող տեղեկանքներ՝ այդ կերպ խմբի կազմում նախնական համաձայնությամբ կազմակերպել են մի շարք անձանց անօրինական միգրացիան:

Նախաքննության ընթացքում քրեական վարույթի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամի բնակարանում, ավտոմեքենայում, ինչպես նաև «Մուայ Թայ» ֆեդերացիայի գրասենյակում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ կեղծված փաստաթղթեր, փաստաթղթերի դատարկ ձևանմուշներ, ինչպես նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ տվյալներ։

Նախաքննության ընթացքում հանցավոր խմբի անդամներից մեկն անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է և քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ խմբի կազմում անօրինական միգրացիայի կազմակերպման համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր արարքներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:




Լրահոս