Երեկ Երեւանում պաշտոնապես մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը: Այս տարի հոբելյանական է․ այն անցկացվում է 20-րդ անգամ: Մրցույթի բացման արարողությունը տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում, որտեղ այս տարվա բոլոր 16 երկրների պատվիրակների հետ միասին վառեցին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը։
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողության հաղորդավարներն են 2011 թ-ին մրցույթում Հայաստանը ներկայացրած Դալիթան, հաղորդավար Համլետ Առաքելյանը եւ «Եվրատեսիլ 2014»-ում Հայաստանի պատվիրակ Արամ mp3-ն:
Այնուհետեւ ցուցադրվեց հատուկ «Մանկական Եվրատեսիլ»-ի համար գրված մյուզիքլ, ապա ելույթ ունեցան Հայատանը տարբեր տարիներին ներկայացնող մասնակիցները:
Նշենք, որ մրցույթի գլխավոր համերգը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Այս տարի մրցույթին մասնակցում են Հայաստանը, Ալբանիան, Ֆրանսիան, Վրաստանը, Իռլանդիան, Իտալիան, Ղազախստանը, Մալթան, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը, Նիդերլանդները եւ Ուկրաինան։
Իսկ Հայաստանը ներկայացնում է 14-ամյա Նարե Ղազարյանը։
Լ.Ե.