Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքի գրանցումը սկսվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՄՕԿ-ը: Գրանցումը բաց է լինելու մինչև հունվարի 31-ը, և երկրպագուները, ովքեր ցանկանում են մասնակցել 2024 թվականի Օլիմպիական խաղերին, կարող են գրանցվել ցանկացած պահի մինչև այդ ժամանակը, որպեսզի կարողանան մասնակցել խաղարկությանը և ձեռք բերել տոմսերի փաթեթները: Տոմսերի վաճառքի հաջորդ փուլը կմեկնարկի 2023 թվականի փետրվարին, երբ կսկսվեն տոմսերի փաթեթների վաճառքները:
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամն է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը` Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը խորհրդանշական օր է, քանի որ 1924 թվականին խաղերի փակման արարողությունը կայացել է այդ օրը:
Մասնակից հավաքականները բացման արարողությանը կմասնակցեն նավակներով: Փարիզի Օլիմպիական խաղերում 32 մարզաձևերից կխաղարկվեն 329 մեդալներ, իսկ մասնակիցների թիվը կգերազանցի 10.000-ը: Այս Խաղերում մեկ նոր մարզաձև կա` բրեյք դանսը: Փարիզի Օլիմպիական խաղերի մի քանի մարզաձևերի մրցումներ կանցկացվեն Թաիթիում, Նանտում, Լիոնում, Մարսելում, Սենթ-Էթյենում և այլն: Այս Խաղերում կաշխատեն մոտ 45.000 կամավոր աշխարհի տարբեր երկրներից:
Փարիզի Խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է նաև ՕԽ-ի թալիսմանին` մասկոտին: Թալիսմանը, որը ստացել է Ֆրիգ (Phryges) անվանումը, նման է ֆրանսիական գլխարկների և ունի կարմիր գույն: Ֆրիգիական գլխարկը համարվում է ֆրանսիական հեղափոխության և ազատության խորհրդանիշ: