2025 թվականից ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է եկամուտների հայտարարագրեր ներկայացնեն. նախագիծը ընդունվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովի նիստում 65 կողմ, 5 դեմ, 22 ձեռնպահ ձայներով ընդունվեց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: Այն ամբողջությամբ կներդրվի 3 տարվա ընթացքում, առաջին հայտարարագրերը պետք է ներկայացվեն մինչև 2024-ի ապրիլի 20-ը:

Առաջին փուլի շրջանակում ընդգրկված են հետևյալ անձինք՝ Հանրային ծառայության մասին օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող քաղաքացիներ, նոտարները՝ անձնական եկամուտների մասով: Հաջորդ ենթախումբը ձեռնարկատիրական գործունեության հետ ուղիղ կամ անուղղակի կապված ֆիզիկական անձինք են՝ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիներ, որոնք 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավել համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների բաժնետերեր են, նաև ռեզիդենտ քաղաքացիներ, որոնք 2023-ի ընթացքում ստացել են 20 մլն դրամ կամ ավել փոխառություններ՝ նշված առևտրային կազմակերպություններից:

2024 թվականից նախատեսվում է այդ շրջանակն ընդլայնել աշխատանքային պայմանագրերով աշխատանք կատարողներով, նաև քաղաքացիական պայմանագրերի հիման վրա ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող ռեզիդենտ քաղաքացիներով:

2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիներին հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ բոլոր քաղաքացիները:

Ն.Հ.




Լրահոս