ԻՆՔՆԱԹԻՌՈՎ ՅՈԳՈՒՐՏԻ ՈՒ ՊԱՂՊԱՂԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թունիսը, որը գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում, լինելով արաբական աշխարհի  երկիր, էականորեն տարբերվում է հարեւաններից` հաշվի առնելով երկրում ապրող մարդկանց նախ՝ բավականին բարձր կրթական ցենզը եւ երկրորդ` Եվրոպայի հետ ինտեգրման մակարդակը: Սակայն Թունիսի ժողովուրդը առաջինն իր ձայնը բարձրացրեց ավտորիտար  ռեժիմների դեմ:Այն, ինչ տեղի ունեցավ Թունիսում եւ շարունակվում է Եգիպտոսում, դժվար կանխատեսելի էր ոչ միայն այդ տարածաշրջանից հեռու գտնվողների, այլ նաեւ տեղի փորձագետների համար: «Հասմիկների» հեղափոխությունը կարեւորագույն իրադարձություն էր ոչ միայն Թունիսի, այլ նաեւ ամբողջ արաբական աշխարհի համար: Այժմ թունիսյան դեպքերի շարունակությանը սպասում են տարածաշրջանի մյուս պետություններում.  ղեկավարները սարսափած են, իսկ հասարակ մարդիկ` հույսով:Դարավոր կարծրատիպը, թե արաբները կարող են ապրել միայն ավտորիտարիզմի պայմաններում, քանդվեց հաշված օրերի ընթացքում: Իսկ այն,ինչ կա Թունիսում (դիկտատոր, գործազրկություն, կոռուպցիա, գնաճ, ինչպես նաեւ ակտիվ  երիտասարդություն), ունի ցանկացած  արաբական հասարակություն: Եվ սա այն ֆոնին, որ վերջին  տասնամյակում Թունիսը համարվում էր  արաբական աշխարհի  ամենակայուն  եւ տնտեսապես  զարգացած երկրներից մեկը: Թունիսը արեւմուտքի հուսալի գործընկերն էր «Ալ Ղայիդայի»  դեմ պայքարում, ճիշտ է, իշխանությունը ավտորիտար էր, սակայն, հարեւանների պես ընդդիմության հանդեպ  չէր կիրառում հանրային եւ մասսայական  ահաբեկչություն: Էլիտան գողանում էր մշտապես, բայց ոչ ֆանատիկորեն, ժողովուրդը հարուստ չէր, բայց սոված  էլ չէր:  Պատահական չէր, որ  հեղափոխության սկիզբ  դրած եւ իր մահկանացուն կնքած  թունիսցի  26-ամյա երիտասարդի օրինակին, այսօր  հետեւում են բազմաթիվ  այլ արաբներ` սկսած Օմանից, վերջացրած Մավրիտանիայով: Ավելորդ չէ նշել, որ  հեղափոխության համար կարեւորագույն  նշանակություն ունեցան սոցիալական  ցանցերը, «You Tube»-ը  եւ բոլոր կարգի  իշխանությունների սարսափը դարձած «Վիկիլիքսը»: Մի կողմից համացանցը տիրաժավորեց երիտասարդի ինքնահրկիզումը (իմիջիայլոց, հատուկ Երեւանի քաղաքապետի համար նշենք, որ թունիսցուն չէին թողել զբաղվել մրգերի փողոցային  առեւտրով), մյուս կողմից` վերը նշված կայքի միջոցով հանրությունը տեղեկացավ այն մասին, որ նախագահի ընտանիքի համար յոգուրտ ու պաղպաղակ են բերում Ֆրանսիայից` ինքնաթիռով:Հոգնած ժողովուրդը դուրս եկավ  փողոց, եւ այդժամ նրանց չէր կարող  կանգնեցնել ո՛չ ոստիկանական տեռորը եւ ո՛չ էլ 23 տարի իշխող նախագահը: Ճիշտ է, նա խոստանում էր ստեղծել երեք հարյուր հազար նոր  աշխատատեղ, կրկին չառաջադրվել նախագահի պաշտոնում եւ այլն, սակայն արդեն ուշ էր: Ինչով էլ ավարտվեն «հասմիկների» հեղափոխությունը եւ Եգիպտոսում ընթացող իրադարձությունները, պետք է փաստել, հիմնովին հօդս ցնդեցին այն մտայնությունները, թե արաբական հասարակությունը պատրաստ չէ դեմոկրատիայի, չի ուզում այն եւ այլն: Ընդհակառակը, լավ էլ պատրաստ է, ցանկանում է ու նույնիսկ կարիք ունի: Իսկ ղեկավարները, ընդհակառակը, վախենում են ժողովրդից եւ ճնշման դեպքում հաստատ կնահանջեն:  Իսկ մեզ, ինչպես  միշտ մնում է սպասել, թեպետ ղրղզների կրկնակի դեպքերից հետո, ճիշտ կլինի ասել` նախանձով սպասել:  ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Լրահոս