2023 թվականի համար ծախսերն ու եկամուտներն ավելանալու են: 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի լրամշակված նախագիծն արդեն քննարկվել է Ազգային ժողովում:
Նախորդ նախագծի համեմատությամբ բյուջեի ծախսերում ավելացել է 826 մլն դրամ, եկամուտներն ավելացել են 734.5 մլն դրամով և կազմում են 2 տրլն 302 մլրդ դրամ: Հարկային եկամուտները չեն փոփոխվել և սահմանված են 2 տրլն 203.7 մլրդ դրամ չափով: Տեղեկացանք, որ եկամուտների ավելացումը կատարվել է այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2023 թվականի պետբյուջեի նախագծի փոփոխություններն ունեն մի քանի պատճառ: Նախ արտարժութային գործառնությունների դրամային համարժեքները վերահաշվարկվել են նոյեմբերի 1-ի փոխարժեքով, այդ վերահաշվարկը ճշգրտումներ է առաջացրել պետբյուջեի եկամուտների, ծախսերի, նաև դեֆիցիտի դրամային համարժեքներում: Փոփոխության երկրորդ պատճառն այն է, որ ծրագրերի համակարգողները լրամշակել են որոշակի ծրագրերին վերաբերող փաստաթղթային հիմնավորումները, ինչի արդյունքում որոշ դեպքերում ավելացել են այդպիսի ծրագրերին հատկացվող բյուջետային միջոցները:
Որոշ դեպքերում 2023-ի պետբյուջեի ծախսային ավելացումները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2022-ին նախատեսված ծախսերի մի մասը չեն իրականացվել այս տարվա ընթացքում ամբողջությամբ և այդ մասով ներառվել են հաջորդ տարվա ծրագրային անելիքների ցանկում:
Ն.Հ.