ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 146

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում պնդեց, թե նոյեմբերի 9-ին՝ կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած իր ելույթի արդյունքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր նոր հայտարարություններում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն այլեւս  չի օգտագործում:  «Սա ինչո՞վ է կարեւոր. տեսեք, չնայած նրան, որ Ադրբեջանի նախագահն իր խոսույթում անընդհատ խոսում է խոստացված միջանցքի մասին, Արտաքին գործերի նախարարությունը միջանցք բառը չի օգտագործում», – նշել էր նա: Սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ն, չնայած Փաշինյանի պնդումներին, օգտագործել  է «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը, այն էլ՝ երեք անգամ, եւ հիշատակումներն առկա են մի քանի լեզուներով: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե իր ելույթի արդյունքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր նոր հայտարարություններում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն այլեւս  չի օգտագործում, հերթական մանիպուլյացիան է:

 

 

 

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն առաջարկում է վերանայել ու դադարեցնել ֆիզիկական ու իրավաբանական անձանց 10-ը միլիարդ դրամ տրամադրելու գործընթացը: Facebook-ի իր էջում նա օրեր առաջ մասնավորապես գրել է. «Արցախի ներդրումային հիմնադրամը պատերազմից հետո պետական բյուջեի միջոցներից ավելի քան 10 մլրդ դրամի փոխառություն է տրամադրել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց։ Հիմնադրամի նշված գործունեության արդյունավետությունը գնահատելու նպատակով Արցախի Հանրապետության պետական նախարարին առաջարկել եմ ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարական տալ՝ միեւնույն ժամանակ ժամանակավորապես դադարեցնելով փոխառությունների տրամադրումը»։ Փաշինյանի կաբինետում կարճ ժամանակ սոցապնախարար աշխատած Առաքելյանը, իհարկե, վատ բան չի առաջարկում, բայց 10 մլրդ դրամների տրամադրման արդարացված-չարդարացված լինելու հանգամանքի ուսումնասիրությունը նախ պետք է սեփական թիմից սկսել, օրինակ՝ Վարդանյանի թիմում ներգրավված, «Կապավոր» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանից, որը նույնպես 10 մլրդ դրամից վստահաբար աջակցություն է ստացել գուցե ոչ ուղիղ, այլ փոխկապակցված անձանց կամ ընկերությունների միջոցով: Հարկ է ուսումնասիրությունն ու հանգամանքների պարզաբանումը նախ սեփական թիմից սկսել, ապա նոր միայն այդ մասին վերամբարձ հայտարարություններ կամ գրառումներ անել: Մենք հետեւողական կսպասենք Ռուբեն Վարդանյանի բացահայտմանը՝ ամենահաջող կադր համարվող Արման  Հակոբջանյանի ունեցվածքի հետքերով:

 

 

Ուշագրավ իրավիճակ՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի եւ քաղաքացիների հետ միջադեպի գործով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների  համաձայն՝ դատախազը  հրաժարվում է ստորագրել  եւ  գործը դատարան  ուղակել, ինչի  արդյունքում  գործը  կրկին  ուղարկվում  է  նախաքննական մարմին՝  քննությունը շարունակելու  համար: Մեզ հասած  տեղեկությունների համաձայն՝  անգամ գործը  հասել է դատարան  եւ  դատարանից  հետ է ուղարկվել նախաքննական մարմին՝ նորից քննություն  իրականացնելու  համար: Իսկ ի՞նչ միջադեպի մասին է խոսքը. ինչպես հայտնի  է, 2020 թվականի դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցում, միջադեպ է տեղի ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների միջեւ։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես են քաղաքացիները Սիսակ Գաբրիելյանի մեքենայի դիմացը փակել։ «Պողոսն է, ով է», «Գնում է պարգեւավճարը ստանալու», «էթում ես պարգեւավճարը ստանա՞ս» եւ նմանատիպ այլ արտահայտություններ էին անում քաղաքացիները, երբ Գաբրիելյանը բարկացած դուրս է գալիս մեքենայից, ու սկսվում է հրմշտոց, որի ընթացքում հնչում են փոխադարձ հայհոյանքներ։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Գաբրիելյանը հարվածում ու քաշքշում քաղաքացիներից մեկին, հետո տվյալ քաղաքացին երեւում է գետնին պառկած վիճակում։ Եվ, ահա,  2 տարի է՝  նախաքննություն է գնում այս  դեպքով. Սիսակ Գաբրիելյանը տուժող է, իսկ, ահա, միակ  մեղադրյալը ՀՅԴ ԳՄ անդամ, Արագածոտնի նախկին  մարզպետ Աշոտ  Սիմոնյանն  է: Ի դեպ,  Սիմոնյանը դիմել է իրավապահներին,  որ  կարողանա  երկրից դուրս  գալ, բայց  արդեն  երկու  տարի  է՝ նա  չի կարողանում երկրից  դուրս  գալ, իսկ  նախաքննությունը  երկու  տարի է, ինչ այստեղից այնտեղ է տեղափոխվում: Այսքանով  իրավիճակը  չի  ավարտվում.  որոշվել է այս  գործը Հակակոռուպցիոն կոմիտեի  վարույթից  վերցնել  ու տեղափոխել  ՀՀ  քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին:




Լրահոս