Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վանաձորում պարեկային ոստիկանության աշխատակիցների կողմից երիտասարդ տղային ու նրա հորը դաժան ծեծի ենթարկելու հանգամանքին, նշում է, որ դա Երեւանում օրը ցերեկով հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքի շարունակությունն էր:
-Տիկի՛ն Վարդանյան, օրերս ահազանգել էիք, որ Վանաձորում պարեկային ոստիկանության ծառայակիցները դաժանաբար ծեծի են ենթարկել քաղաքացիների, որոնցից մեկը եղել է անչափահաս: Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչ տեղեկություններ ունեք, գործը որ փուլում է, եւ ինչ արձագանքներ են եղել:
-Դեպքից անցել է շուրջ հինգ օր, եւ կարող ենք արձանագրել դեպքը տեղի ունենալու փաստը, իսկ փաստը հետեւյալն է. միջադեպ է տեղի ունեցել մի կողմից առնվազն տասնյակը գերազանցող հատուկ միջոցներով զինված պարեկային ծառայության աշխատակիցների, մյուս կողմից՝ անզեն քաղաքացիների միջեւ: Միջադեպի արդյունքում հիվանդանոցում են հայտնվել երկու քաղաքացի, այդ թվում նաեւ՝ անչափահաս, բազմաթիվ վնասվածքներով, որոնցից մեկն ունի կողոսկրի չորս կոտրվածք: Իսկ պարեկային ծառայության աշխատակիցների վնասվածքների մասին մինչ օրս ոստիկանությունում հայտարարություն չկա, ինչը մեզ թույլ է տալիս ենթադրել, որ նման մարդիկ պարզապես չկան: Քննչական կոմիտեն տարածեց ծիծաղելի հայտարարություն, որտեղ նկարագրում էր, թե ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի տառին համապատասխան, բայց, չգիտես, թե ինչու, մարդիկ հարձակվել են պարեկային ծառայություն իրականացնող աշխատակիցների վրա, երկաթե ձողով ինչ-որ գործղություններ են ձեռնարկել, բայց վնասվածքներ են ստացել փաստացի միայն քաղաքացիները: Մեզ համար դեպքը հատկանշական է. սա Հայաստանում տիրող անպատժելիության մթնոլորտի հերթական դրսեւորումն է: Մենք չենք կարող այս դեպքը դիտարկել առանձին. սա շղթա է, օրինակ ՝ հղի կնոջ սպանությունը Երեւանի փողոցում, որը մինչ օրս բացահայտված չէ, եւ որեւէ մեկը պատժված չէ: Իսկ փաստաբանը պարբերաբար պնդում է, որ դեպքով կարեւոր ապացույցներ են անհետացել: Սա պատասխանն է նրանց, ովքեր ասում են՝ ինչպես կարող է պատահել, երբ տեսագրություններն առկա են, եւ այսպես ես կարող եմ անվերջ թվել դեպքերը: Ինձ համար շատ կարեւոր է այս դեպքով հանրության ուշադրության սեւեռումը: Փաստորեն, Լոռու այս անզեն, անպաշտպան բնակիչների պաշտպանողները մնացել են միայն հանրության ներկայացուցիչները, քանի որ պետությունն իրենց չի պաշտպանում, այլ, հակառակը, գործում է իրենց դեմ: Օգտվելով առիթից՝ եւս մեկ անգամ հրավիրում եմ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին եւ անհատների ուշադրությունը: Ես պատրաստվում եմ նաեւ այս դեպքի առնչությամբ մի քանի գործողություններ ձեռնարկել, որոնց մասին անպայման կհայտարարեմ:
-Ի՞նչ գործողությունների մասին է խոսքը:
-Խոսքս դեպքի վրա ուշադրություն հրավիրելու եւ այս պարեկային ծառայության ֆինանսավորման, այդ թվում նաեւ՝ տրված միջազգային կառույցներին դիմելու մասին է, քանի որ կենտրոնում քաղաքացու իրավունքների պաշտպանությունն է. ոչինչ որ հիմա հայկական պետությունն իր քաղաքացիների իրավունքներով չի զբաղվում, բայց հայ հասարակությունը մահացած չէ, կան այդտեղ տարբեր անհատներ, որոնք պատրաստ են կանգնել մարդկանց կողքին: Դեպքով բոլոր մեղավորները պետք է պատժվեն: Սա կլինի ոստիկանության համար միակ ելքը, որպեսզի ձերբազատվեն արատավոր անունից:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՔՊ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՆ
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խորհրդարանում տեղի է ունենալու արտահերթ նիստ: Օրակարգում «Հայաստան» խմբակցության հեղինակած՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծն է՝ Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է նիստին:
Նոյեմբերի 30-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ նախագծում կետեր կան, որոնք իրենց համար ընդունելի են, բայց կետեր էլ կան, որ ընդունելի չեն, ուստի իշխող խմբակցությունն առաջարկել է որոշակի փոփոխություններ կատարել նախագծում:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հենց այս պահին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ ընդդիմադիր եւ իշխանական անդամները քննարկում են նախագիծը: Մեր տեղեկություններով՝ իշխող ֆրակցիան փորձում է ընդհանուր հայտարարի գալ այս հարցում ընդդիմության հետ եւ առավել միտված է կողմ քվեարկել ընդդիմության նախագծին՝ որոշակի փոփոխություններից հետո: ՔՊ-ականները, ըստ մեր ունեցած տեղեկությունների, փորձում են, մասնավորապես, նախագծից հանել այն կետերը, որոնք քննադատում են իշխանությունների վարած քաղաքականությունը.
«Փորձում ենք ստանալ մի նախագիծ, որը ո՛չ ընդիմությանն է, ո՛չ էլ իշխանությանը, այլ հանուն Հայաստանի շահերի է: Արտաքին ճակատում պետք է միասնական հանդես գանք»,-ասաց ՔՊ-ական մեր աղբյուրը:
Նշենք՝ սա առաջին նախադեպն է, որ իշխանությունը միտված է կողմ քվեարկել ընդդիմության հեղինակած նախագծին:
Մինչ այս Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ գրեթե բոլոր նախագծերը տապալվել են իշխող ֆրակցիայի կողմից:
ԳՈՐԾԸ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքից 45 օր անց այն այդպես էլ չի բացահայտվել. չկա ո՛չ կասկածյալ, ո՛չ մեղադրյալ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին անհայտ անձինք հարձակվել եւ ծեծի են ենթարկել Էդգար Ղազարյանին։ Ըստ տուժողի՝ դեպքը տեղի է ունեցել իրենց շքամուտքի մոտ, երբ տուն էր վերադառնում վարսավիրանոցից։ Նույն օրը ՔԿ-ում քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթեւ վնաս պատճառելու հատկանիշներով։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ծեծի ենթակելու միջադեպի գործով իրավապահներն անձանց են տարել հարցաքննությունների, սակայն որեւէ արդյունք դեռ չկա, եւ 45 օր անց անգամ կասկածյալ չկա: Ավելին, այս իրավիճակից հետո Ոստիկանությունում սկսել են քննարկել նաեւ այն վարկածը, թե հենց Էդգար Ղազարյանը կարող էր ծրագրած լիներ իրեն ծեծի ենթարկելու գործը: Իհարկե, սա նաեւ առկա անգործությունը քողարկելու պատրվակ է, քանի որ իշխանական գործչին ծեծի ենթարկելու դեպքում այն կբացահայտվեր ժամերի ընթացքում:
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Ազգային ժողովն առաջիկայում մի քանի դատավորներ պետք է ընտրի, թեկնածուներն արդեն հայտնի են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թափուր է դատավորի պաշտոն Վճռաբեկ դատարանի վարչական պալատում, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմում, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմում, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմում: Հետաքրքիր է, որ առաջարկվել են Լիզա Գրիգորյանի, Լիլիթ Խաչատրյանի եւ Արման Կուրեխյանի թեկնածությունները Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմում ընդգրկելու համար: Հիշեցնենք՝ Լիզա Գրիգորյանն այն դատավորն էր, որն այս տարվա ապրիլի 13-ին վճռել էր պարտավորեցնել «Ժողովուրդ» օրաթերթին հրապարակավ ներողություն խնդրել հայցվորից վիրավորական արտահայտությունների համար: Պարզվում է՝ Լիզա Գրիգորյանը մտերիմ ընկերուհի ունի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում: Խոսքն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի մասին է: Այսինքն, ՔՊ-ական պատգամավորի ընկերուհին առաջիկայում նոր պաշտոնի կընտրվի: Ահա հովանավորչության կոնկրետ դրսեւորում: