ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԻՆՉԵՎ ՕՐՍ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, երբ Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ խորհրդարանում պաշտոն զբաղեցնող անդամները հրաժարական են ներկայացրել ու հրաժարվել զբաղեցրած պաշտոններից, դրանք մինչեւ օրս թափուր են մնացել:

 

Այսպես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանից հետո ԱԺ փոխնախագահի, Արմեն Գեւորգյանի ու Վահե Հակոբյանի, համապատասխանաբար՝ Տնտեսական հարցերի եւ Տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների, ինչպես նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը լքելուց հետո վերոնշյալ բոլոր պաշտոններում առ այսօր որեւէ մեկը չի պաշտոնավարում:

ArmLur.am-ն Ազգային ժողովի տեղեկատվության վարչությանը հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե վերոնշյալ պաշտոններն ինչու են մինչեւ օրս թափուր, ու ինչքան են դեռ այդպես մնալու: Ի պատասխան մեր հարցմանը՝ ԱԺ-ից պատասխանել էին, որ խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն 138-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով որոշված խմբակցությունները՝ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: «Թեկնածուների առաջադրման իրավունքը պահպանվում է մինչեւ Ազգային ժողովի լիազորությունների ավարտը (138-րդ հոդված 2-րդ մաս): Սակայն եթե խմբակցությունը Կանոնակարգով սահմանված կարգով եւ ժամկետում մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է 138-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը (138-րդ հոդվածի 12-րդ մաս):

Հարցմամբ նշված հանձնաժողովի նախագահների թափուր պաշտոններում իրավասու խմբակցությունները թեկնածուներ չեն առաջադրել»,- ասված էր պատասխանի մեջ:

ԱԺ փոխնախագահի պաշտոնը թափուր մնալու համար էլ պատասխանել էին, որ ԱԺ նախագահի տեղակալների ընտրության կարգը սահմանված է Կանոնակարգի 137-րդ հոդվածով:

«Ազգային ժողովի կազմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները: Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկի թեկնածուն կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահի տեղակալի թափուր պաշտոնում թեկնածուներն առաջադրվում են Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը թափուր է 2022 թվականի հուլիսի 1-ից (ԱԺՈ-43-Ա): Ազգային ժողովի նախագահի տեղակալի թափուր պաշտոնում խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել»,- մանրամասնել էին ԱԺ տեղեկատվության վարչությունից:

Ի՞նչ է ստացվում. եթե հանձնաժողովների նախագահների կամ փոխնախագահի թափուր պաշտոնը կարող էր եւ ԱԺ մեծամասնության՝ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության կողմից լրացվել (եթե ընդդիմությունն 10-օրյա ժամկետում թեկնածու չի առաջադրում, ապա դա ԱԺ մեծամասնությունը կարող է անել), ապա ԱԺ նախագահի տեղակալի դեպքում դեպքում դա պարզապես անհնար է. 3 տեղակալներից մեկի քվոտան բացառապես ընդդիմությանն է պատկանում: Փաստն այն է, որ առ այսօր ԱԺ երկու հանձնաժողովներ նախագահ չունեն, խորհրդարանի ընդիմադիր փոխխոսնակի աթոռն էլ շարունակում է դատարկ մնա:

ArmLur.am-ը վերջերս նկատել էր, որ Ազգային ժողովի տնտեսական, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների փոխնախագահները նախագահների աշխատասենյակներ են տեղափոխվել ու այնտեղ են աշխատում:

Խոսքը, մասնավորապես, Բաբկեն Թունյանի ու Վաղարշակ Հակոբյանի մասին է, որ Վահե Հակոբյանի ու Արմեն Գեւորգյանի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոններից հրաժարվելուց հետո փոխել են իրենց աշխատասենյակը:

ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ Ազգային ժողովի տեղեկատվության վարչությունից հայտնեցին. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի աշխատասենյակը չի օգտագործվում, իսկ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի աշխատասենյակն այս պահին, որպես հանձնաժողովի նախագահի լիազորությունները կատարող, զբաղեցնում է հանձնաժողովի նախագահի տեղակալը»։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ԵՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանել են Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հայտարարությանն այն մասին, որ նոյեմբերի սկզբին սահմանին տեղի է ունեցել հայ-թուրքական տեխնիկական պատվիրակությունների հանդիպում:

ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը տեղեկացրեց, որ հանդիպմանը հայկական կողմից ներգրավված են եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների՝ հուլիսի 1֊ին ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում վերաբերելի գերատեսչությունները:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռք բերված պայմանավորվածությունների կիրարկմանը վերաբերող տեխնիկական հարցեր: Քննարկումները շարունակվելու են»,- ասաց Հունանյանը:

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ երկու երկրների ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմում ու անգամ ճաշել Հայաստանի տարածքում։ «Քննարկվել են այն աշխատանքները, որոնք իրականացվելու են սահմանների բացման ժամանակ, կամրջի վերանորոգման, սահմանի վերահսկման, անցակետերի հետ կապված հարցեր: Այս առումով կարող ենք ասել, որ գործընթացում դրական տեղաշարժ կա»,- ասել էր Քալընը:

 

 

 

ԱՅՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆ

Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերը դեկտեմբերի 1-4-ը կգտնվի Երեւանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:

«Դեկտեմբերի 1-4 այցի ընթացքում դեսպան Ռիքերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տեւական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

 

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է

Լեհաստանի Լոձ քաղաքում մեկնարկում է ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ հայկական պատվիրակությունը գլխավորող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնեւ Ռաուն:

 

 

 

ԳՈՒՅՔ ԵՆ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ

44 օրյա պատերազմի մասնակից Գոռ Թումանյանի անվամբ արվեստի դպրոց կհիմնվի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ նպատակով ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ՀՀ Արագածոտնի մարզպետը՝ տեղեկացնելով, որ մարզպետարանին է դիմել Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ զոհված Գոռ Թումանյանի հայրը` իր որդու անվամբ երաժշտական դպրոց վերակառուցելու նպատակով Աշտարակ քաղաքում գտնվող նախկին դատարանի շենքը սեփականության իրավունքով «Գոռ Թումանյանի անվան կրթամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությանը հատկացնելու խնդրանքով։

Բարձրացված խնդիրը Պետական գույքի կառավարման կոմիտեն քննարկել է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի հետ, եւ իրականացված քննարկումների արդյունքում առաջարկվում է նշված գույքը կազմակերպությանը հատկացնել նվիրաբերությամբ։

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՈՒՄԱՐ ԿՍՏԱՆԱ

«ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիրը երեկ հաստատվեց կառավարության նիստում: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 23 մլն եվրո ընդհանուր արժողությամբ, ԵՄ-Հայաստան 2021-2027թթ. բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում, առանց հայկական կողմի համաֆինանսավորման բաղադրիչի։

«ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հոկտեմբերին, որի նպատակն է աջակցել համավարակին եւ պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում կանաչ, ներառական եւ դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանը եւ զարգացմանը։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է.

Մասնավոր հատվածի բարձր մրցունակություն՝ սոցիալ-տնտեսական ավելի մեծ ազդեցություն ունենալու եւ ներդրումներ ներգրավելու համար:

Այս համատեքստում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ինկուբացիային եւ արագ զարգացմանը, բիզնեսների վերականգնմանը, քաղաքային եւ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներում իրականացվող միջոցառումներին, երիտասարդների, կանանց եւ խոցելի խմբերի ներգրավմանը եւ կարողությունների հզորացմանը, Սփյուռքի ներգրավմամբ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ Գյումրիում «կանաչ» խոհարարության ու հյուրընկալության կառավարման դպրոցի եւ ձեռնարկատիրական կենտրոնի հիմնադրմանը:

Աջակցություն կցուցաբերվի նաեւ փորձնական թիրախային ծրագրերին եւ նախաձեռնություններին Սյունիքում, ինչպես նաեւ սահմանամերձ այլ շրջաններում բարդ ու բազմակողմ ռիսկերը վերացնելու եւ ցնցումների ենթարկված խմբերի կարիքներին առավել լավ արձագանքելու նպատակով:

 

 

 

 




Լրահոս