Արցախի պետնախարարը երեխաների թունավորման դեպքի հետ կապված խորհրդակցություն է անցկացրել «Արևիկ» բուժմիավորումում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այցելել է առողջապահության նախարարության ««Արևիկ» բուժմիավորում» ՓԲ ընկերություն, ծանոթացել թունավորման ախտանշաններով բուժհաստատություն տեղափոխված երեխաների առողջական վիճակին: «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը պետնախարարին տեղեկացրել է, որ երեխաների վիճակը բավարար է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, պետնախարարն այնուհետև հենց բուժհաստատությունում դեպքի հետ կապված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանի, պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լևոն Սարգսյանի, Արցախի «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանի, «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանի, պատասխանատու այլ անձանց մասնակցությամբ:

«Պետնախարարին զեկուցվել է իրավիճակը և ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների ընթացքը: Նշվել է, որ, ընդհանուր առմամբ, բժշկական հաստատություն է դիմել 19 երեխա, որոնց մոտ ախտորոշվել է «սուր գաստրիտ»՝ ենթադրաբար սննդային թունավորման հետևանքով: Դիմորդներից 12-ին ցուցաբերվել է ստացիոնար բուժօգնություն, նրանցից 9-ը շարունակում է ստանալ բժշկական օգնություն հիվանդանոցային պայմաններում:

Հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Գրիգորյանը նշել է, որ կատարվում են անհրաժեշտ լաբորատոր փորձաքննություններ՝ պատճառները պարզելու համար, որոնց արդյունքների մասին կհայտարարվի լրացուցիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ Լևոն Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել իրականացվող կանխարգելիչ միջոցառումների մասին:

Նշվում է, որ պետնախարար Ռուբեն Վարդանյանը պատասխանատու անձանց հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել դեպքի պատճառները պարզելու, կանխարգելիչ միջոցառումները շարունակելու ուղղությամբ: Նա հանձնարարել է նաև վերլուծել իրավիճակը և միջոցներ ձեռնարկել՝ նմանատիպ դեպքերին արագ հակազդելու և համակարգված գործելու առումով: Պետնախարարը կարևորել է նաև հանրությանը պատշաճ իրազեկելու աշխատանքների իրականացումը:




Լրահոս