Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև սահմանազատման գործընթացի և տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:
Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու իր դիրքորոշմանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողություններն ու առավելապաշտական հռետորաբանությունը բերում են անվտանգային փխրուն իրավիճակի սրման:
Զրուցակցիներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը և կարևորել վերջինիս դերը: