Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից մեկնում է Ստամբուլ։ Այս մասին Կլաարը գրել է Թվիթերում՝ չհստակեցնելով, թե ինչ հանդիպումներ կունենա Թուրքիայում։
Նա երեկ էր եկել Երեւան եւ Եվրամիության պաշտոնյային ընդունել էին վարչապետը, փոխվարչապետն ու արտաքին գործերի նախարարը։ Հայաստանցի պաշտոնյաները Կլաարի հետ քննարկել են խաղաղության պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին, ինչպես նաեւ Արցախի հայության իրավունքներին և անվտանգությանը վերաբերող հարցեր։
Օրինակ նշվում է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել առաքելության գործունեությանը: Փաշինյանն ընդգծել է Պրահայում կայացած հանդիպման ձևաչափի համաձայն հետագա քննարկումների կարևորությունը:
Իսկ ահա, ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու իր դիրքորոշմանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողություններն ու առավելապաշտական հռետորաբանությունը բերում են անվտանգային փխրուն իրավիճակի սրման:
Հատուկ ներկայացուցիչն իր երևանյան հանդիպումները առարկայական է որակել։
Ն.Հ.