Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել դեսպան Թրեյսիի դիվանագիտական ծառայությունը Հայաստանում և շնորհակալություն հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված նրա անձնական ջանքերի համար:

Իր խոսքում նախագահ Խաչատուրյանը շեշտել է, մասնավորապես այն հանգամանքը, որ դեսպանի դիվանագիտական առաքելությունը համընկավ Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանի հետ և այդ կապակցությամբ նշել է դեսպան Թրեյսիի կատարած ծավալուն աշխատանքի կարևորությունը թե՛ դիվանագիտական ճակատում, թե հանրային ընկալումների տեսանկյունից:

Դեսպան Թրեյսին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է, որ մեծ ջերմությամբ է հիշելու Հայաստանում իր դիվանագիտական ծառայության տարիները և հնարավորինս հետևելու է այս ընթացքում մեկնարկած բարեփոխումների իրականացման ընթացքին՝ մասնավորապես դատական համակարգում:

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս պահպանել աշխատանքային շփումները:

Նախագահ Խաչատուրյանը հաջողություն է մաղթել Լին Թրեյսիին հետագա գործունեության մեջ:




Լրահոս