Սևանա լճին ափամերձ և ջրածածկման ենթակա անտառներում այս տարի մաքրվել է շուրջ 34 հեկտար տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության եւ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության միջոցներով ու «Սեւան» Ազգային պարկ»-ի ուժերով 2022 թվականից Սեւանա լճի՝ ջրածածկման ենթակա անտառներում ծառերից, արմատներից եւ բուսական այլ համակեցություններից մաքրվել է շուրջ 34 հեկտար տարածք։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սեւան» Ազգային պարկ»-ի տնօրեն Կարեն Մնացականյանը, այժմ աշխատանքներն ընթանում են Մարտունի համայնքի Ծովինար-Արծվանիստ գյուղերի տարածքում։ Մաքրման աշխատանքներն իրականացվում են 4 տեխնիկաների եւ 11 բանվորների, մեխանիզատորների եւ 1 աշխղեկի մասնակցությամբ, ծովի մակարդակից 1901,5 մետր նիշից ներքեւ գտնվող տարածքներում։

«Այս տարի նախատեսված էր մաքրել 64 հեկտար անտառային տարածք, մինչ դեկտեմբերի 9-ը դեռեւս մաքրել ենք 34 հեկտարը՝ աշխատելով Վարդենիկի, Ծովինարի, Զոլաքարի, Աստղաձորի եւ Վաղաշենի հատվածներում։ Եթե եղանակային պայմանները թույլ տան, կկարողանանք մինչեւ տարեվերջ մաքրել եւս 14 հեկտար։ Մնացած աշխատանքները կշարունակենք 2023 թվականի ընթացքում։ Մենք ոչ թե դանդաղել ենք մեր աշխատանքում, այլ այն իրականացրել ենք ոչ նպաստավոր, բարդ պայմաններում, ճահիճների ու լճի մեջ, գրեթե առանց դադարի։ Ի տարբերություն նախորդ տարիների, շատ որակյալ աշխատանք է իրականացվել, իսկ մաքրված հատվածներում արդեն ջրի որակի դրական փոփոխությունը նկատելի է»,-ներկայացրեց Կարեն Մնացականյանը։




Լրահոս