ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Արսեն Մարտիրոսյանի պաշտպան Րաֆֆի Ասլանյանի բողոքը, եւ աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի՝ Եվրոպայի չեմպիոն եղբայր Արսեն Մարտիրոսյանն ազատ է արձակվել:
Ինչպես հայտնի է, այս տարվա սեպտեմբերի 16-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Դավթյանը մասնակիորեն բավարարել է քրեական վարույթով քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը եւ 40 օր ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրել ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի եղբոր՝ ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն եւ մրցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Արսեն Մարտիրոսյանի նկատմամբ։
Արսեն Գեւորգի Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2022 թվականի սեպտեմբերի 6-ին`ժամը 01-ի սահմաններում, երեք անձանց հետ հաճախել է Փարաքար գյուղի Մեսրոպ Մաշտոց փողոցի 2/2 հասցեում գտնվող «Կալիֆորնիա» գիշերային ակումբ: Ժամը 01:23-ի սահմաններում Ա. Մարտիրոսյանը դուրս է եկել նախասրահ, որտեղ նրան դիտողություն է արել ակումբի անվտանգության աշխատակից Արթուր Սարգսյանը սրահում սուլելու կապակցությամբ:
Շուրջ 2 րոպե վերջինիս հետ զրուցելուց հետո կրկին գնացել է ակումբի ժամանցային սրահ: Ժամը 01:40-ի սահմաններում Ա. Մարտիրոսյանը ընկերների հետ դուրս է եկել ակումբից եւ վերջիններիս ճանապարհելուց հետո Ա. Սարգսյանի հետ խոսակցությունը շարունակելու նպատակով վերադարձել է ակումբ եւ նրան դուրս հրավիրել: Ակումբի դիմաց` մեքենաների կանգառի համար նախատեսված հատվածում, իրեն դիտողություն անելու չնչին առիթն օգտագործելով, վիճաբանության է բռնվել նրա հետ, ինչին միջամտել է անվտանգության մյուս աշխատակից Միհրան Քոչարյանը` փորձելով հանդարտեցնել:
Այդ ընթացքում` ժամը 02:04 րոպեին առաջացած փոխադարձ հրմշտոցի ժամանակ, իր առավելությունն ընդգծելու շարժառիթով, իրենց աշխատանքային պարտականությունները կատարող անձանց կողմից դիտողությանն ի պատասխան, նախապես իր մոտ եղած` չպարզված կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Միհրան Քոչարյանի մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան հեմոպնեւմոթորաքս, ցայլքի շրջանի ծակած կտրած չթափանցող վերքերի տեսքով վնասվածքներ, որից հետո, հետապնդելով փախչող Արթուր Սարգսյանին, ակումբի մուտքի դռան դիմաց` ավտոճանապարհի բանուկ հատվածում, մեկ անգամ նույն առարկայով հարվածել է վերջինիս` պատճառելով որովայնի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք, ստոծանու վնասմամբ, ներքին եւ արտաքին արյունահոսություն վնասվածքներ:
Այսինքն՝ Արսեն Գեւորգի Մարտիրոսյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 10-րդ կետերով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 10-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքների կատարում։ Ի դեպ, քրեական վարույթով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը մտել է դատարան:
ԻՆՔՆԱԹԻՌ Է ԸՆԿԵԼ
Քիչ առաջ հայտնել էինք, որ երեկ՝ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է եւ բռնկվել։
Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։
Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։ ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ողբերգական միջադեպից: Մահացած 2 անձը եղել են Սլովենիայի Հանրապետության քաղաք
ՎՃԻՌԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ
Երեկ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնեց. «Դատարանը (նախագահող դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) այսօր հրապարակեց «պատմության ուսուցչի» գործով դատավճիռը։ «Բռնության կոչերի» հոդվածով Հակոբ Գրիգորյանը դատապարտվեց 150 հազար դրամ տուգանքի։
Հաշվի առնելով դատավորի հետագիծն ու հանրային ընկալումը՝ մեղադրական դատավճիռը մեզ համար անակնկալ չէր։ Մենք բնականաբար համաձայն չենք դատավճռին եւ վստահորդիս հետ կքննարկենք դատական ակտի բողոքարկման հարցը միայն դրա ամբողջական տեքստը ստանալուց հետո. մեզ շատ հետաքրքիր է, թե ինչ փաստարկներով է դատարանը հերքել մեր պնդումները»:
Հիշեցնենք, որ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, աշխատելով Երեւան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ եւ քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան եւ նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել 226.2 երկրորդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, որը պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ԵՆ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մուշեղ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ Կոտայքի մարզի «Իսահակ Վիրաբյանի անվան» միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ եւ ճանաչելով նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Համլետ Արսենի Մարտիրոսյանին, 2022 թվականի մարտի 1-ին՝ ժամը 23:26-ին, Instagram սոցիալական կայքով նամակագրություն է ունեցել վերջինիս հետ, որի ընթացքում առաջացած տարաձայնությունների պատճառով հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, ինչի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով 2022 թվականի մարտի 2-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Մուշեղ Հովհաննիսյանը զանգահարել է Համլետ Մարտիրոսյանին եւ պայմանավորվել, ու նույն օրը՝ ժամը 16:00-ին, հանդիպել են Բալահովիտ գյուղի Գուրգեն Արշակյան թաղամասի 1-ին փողոցի 1-ին փակուղում գտնվող, նախկինում մանկապարտեզ հանդիսացած կիսակառույց շինության հետնամասում, որտեղ նախորդ օրվա հնչեցրած հայհոյանքների հետ կապված ծագած վիճաբանության ժամանակ Մուշեղ Հովհաննիսյանը Համլետ Մարտիրոսյանի առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ տաբատի աջ գրպանից հանել է սուր կտրող-ծակող գործիք հանդիսացող դանակը եւ դրանով հարվածներ հասցրել Համլետ Մարտիրոսյանի կրծքավանդակի ձախ կեսի առաջավերին մակերեսին եւ որովայնի ձախ կեսի առաջային մակերեսին՝ վերջինիս առողջությանը պատճառելով «կրծքավանդակի ձախ կեսի առաջավերին մակերեսի ծակած-կտրած չթափանցող վերքեր»-ի ձեւով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող վնաս եւ «որովայնի ձախ կեսի առաջային մակերեսի ծակած-կտրած թափանցող վերքի՝ ուղեկցված ստամոքսի մեծ կորության վնասման» ձեւով կյանքի համար վտանգավոր՝ առողջության ծանր վնաս, որից անիջապես հետո դիմել է փախուստի:
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՒՏ ԼՈՒՐ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էդգար Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անորոշ շրջանակի անձանց մոտ լրջագույն անհանգստություն, տագնապ, վախ առաջացնելու, հասարակական անվտանգությունը վտանգելու նպատակով տվել է նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ