ՓԱՇԻՆՅԱՆԻ ԸՆԿԵՐՈՋ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական գործերով վերաքննիչ դատարանում շարունակվում է   2019թ. դեկտեմբերի 27-ից  Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն, Երեւանի բնակիչ, 1973թ. ծնված Էդուարդ Գրիգորյանի դատավարությունը։ Նրան  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, 2009թ.-ի հունվարից մինչեւ 2019թ. հուլիսի 1-ը հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի (Բերդի աոանձին բժշկական ջոկատ) հրամանատար, պաշտոնատար անձ, կոչումով բուժծառայության փոխգնդապետ, պարտավոր լինելով հոսպիտալում քաղաքացիական անձանց անվճար բուժսպասարկելուց առաջ պահպանել ՀՀ-ում գործող համապատասխան օրենսդրությամբ եւ մի շարք իրավական ակտերով նախատեսված դրույթների պահանջները, անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ, առանց հաստատված գնացուցակով սահմանված 200.000 դրամ գումար գանձելու, 2019թ. հունվարի 23-ին վիրահատել է Պաոավաքարի բնակիչ Անահիտ Աղաջանյանին, ապա օրենքի խախտմամբ 2019թ. հունվարի 29-ին, առանց հաստատված գնացուցակով սահմանված 180.000 դրամ գումար գանձելու, վիրահատել է Մովսեսի բնակիչ Վոլոդյա Ավալյանին, սահմանված դրույթների խախտմամբ 2019թ. հունվարի 30-ին, առանց հաստատված գնացուցակով սահմանված 150.000 ՀՀ դրամ գումար գանձելու, վիրահատել է Նավուրի բնակիչ Ալիսա Մարդանյանին, 2019թ. փետրվարի 25-ին,   առանց հաստատված գնացուցակով սահմանված 140.000 դրամ գումար գանձելու, վիրահատել է Վազաշենի բնակիչ Գայանե Ամիխանյանին, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել. ընդհանուր 670.000 ՀՀ դրամ գումար զինհոսպիտալի դրամարկղ չի վճարվել:

 

Է. Գրիգորյանը պետությանը պատճառած 670.000 դրամ գումարը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնել է։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը  2019թ. հոկտեմբերի 17-ին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու եւ Է. Գրիգորյանի նկատմամբ  քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2020թ. փետրվարի 21-ին որոշում է կայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու եւ նոր քննության ուղարկելու մասին:  2022թ. հունիսի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի  դատավոր Ս. Մարդանյանը որոշել  է Է.  Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով, վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Է. Գրիգորյանին ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից:  Դատախազությունը բողոքարկել է այդ վճիռը՝ խնդրելով բեկանել Տավուշի մարզի աաջին ատյանի դատարանի որոշումը եւ  Է. Գրիգորյանին դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով՝ սահմանելով 2 տարի ժամկետով փորձաշրջան։

Սույն գործով վերաքննիչ դատարանում հերթական նիստը նշանակված է  դեկտեմբերի 8-ին։  Իջեւանի ԲԿ-ից հայտնում են, որ  Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր, 2018-2019թթ.  Տավուշի մարզպետ, այժմ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը  նախկինում  փորձել է  Է. Գրիգորյանին  դարձնել Բերդի ԲԿ-ի տնօրեն, սակայն այդ նպատակով Տավուշի մարզպետարանից  գնացած պաշտոնյաներին Բերդի ԲԿ-ում մեծ, կոշտ  դիմադրություն են ցուցաբերել։ Դրանից հետո Վահե Ղալումյանը  Է. Գրիգորյանին դարձրել է  Իջեւանի ԲԿ-ի տնօրեն։ Իջեւանի ԲԿ-ի  իրազեկ աղբյուրը հայտնեց, որ  2021թ. հունիսի 20-ի  խորհրդարանական ընտրություններում Է. Գրիգորյանը աջակցել է  Ռոբերտ Քոչարյանին, Է. Գրիգորյանի որդուն տեսել են Քոչարյանի՝ Բերդ քաղաքի շտաբում։ Ընտրություններից հետո  ՔՊ-ականները այդ առթիվ   աղմուկ են բարձրացրել, հարցը հասել է  վարչապետ  Նիկոլ  Փաշինյանին, սակայն վերջինիս   մանկության ընկեր Վահե Ղալումյանը  Նիկոլ Փաշինյանին  ասել է. «Էդիկը լավ տղա է»: Իջեւանի ԲԿ-ից հայտնում են, որ  Վահե Ղալումյանը ամենեւին Է. Գրիգորյանի   «սիրուն աչքերի համար» չէ նրան  Իջեւանի ԲԿ տնօրեն դարձրել, նրան հովանավորել ու հովանավորում է, Նիկոլ Փաշինյանի մոտ նրան  լավ տղա  անվանել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 

ՍՆԴԻԿԱՅԻՆ ՋԵՐՄԱՉԱՓՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ

Կառավարությունն իր երեկվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում ընդունեց Հայաստանից արտահանման եւ Հայաստան ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին որոշումը:

 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ, օրենքի համաձայն, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, Կառավարությունը սահմանում է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից եւ ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է։

Նախագծով նախատեսվում է արգելք սահմանել սնդիկի հավելիչով այն արտադրանքի ներմուծման եւ արտահանման վրա, որոնք չեն համապատասխանում այդ արտադրանքի  անվտանգությունը կանոնակարգող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

Սույն նախագծի հավելվածի ցանկում ներառված ապրանքների ներմուծման եւ արտահանման արգելքը վեց ամիս ժամկետով սահմանելը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով.

բազմաթիվ երկրներ, դադարեցնելով սնդիկ պարունակող ապրանքների արտադրությունը, անցում են կատարել այդ ապրանքների սնդիկ չպարունակող այլընտրանքների արտադրությանը եւ կիրառմանը:

Սնդիկային ջերմաչափերի փոխարեն օգտագործվում են էլեկտրոնային ջերմաչափեր, ինֆրակարմիր ճառագայթով աշխատող (անհպում)  ջերմաչափեր, ինչպես նաեւ հեղուկ նյութերով աշխատող ջերմաչափեր։

Սնդիկ պարունակող բարոմետրերի (մթնոլորտային ճնշումը չափելու սարք), հիգրոմետրերի (մթնոլորտային օդի եւ այլ գազի խոնավաչափ), մանոմետրերի (հեղուկների եւ գազերի ճնշումը չափելու սարք) եւ սֆիգմոմանոմետրերի (արյան ճնշումը չափելու սարք) փոխարեն օգտագործվում են սնդիկ չպարունակվող մեխանիկական եւ էլեկտրոնային սարքավորումներ։

Նախագծով նախատեսվում է հաստատել սնդիկի հավելիչով արտադրանքի ՀՀ-ից արտահանման  եւ ՀՀ ներմուծման արգելք՝ վեց ամիս ժամկետով։

Նախագծով նախատեսվում է  ներմուծման կամ արտահանման համար արգելված սնդիկի հավելիչով  արտադրանքի համար սահմանել բացառություններ, եթե դրանք անհրաժեշտ են՝ քաղաքացիական պաշտպանության կամ ռազմական նպատակներով, հետազոտությունների, սարքերի չափաբերման կամ որպես չափանմուշ օգտագործման համար։

Նախագծի ընդունմամբ կապահովվի Կոնվենցիայով եւ «Սնդիկի  մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջը, ինչը կհանգեցնի սնդիկի հավելիչով արտադրանքների ներմուծման կրճատմանը, դրանց շրջանառությունից փուլային դուրսբերմանը, սնդիկ պարունակող վտանգավոր թափոնների գոյացման կանխարգելմանը։

 

 

 

 

ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Կառավարությունն ընդունել է որոշում մարզերում իրականացված շահառու ընտանիքների վերահաշվառման արդյունքում ի հայտ եկած խնդիրներին լուծում տալու, մարզերում բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման կարգը եւ պայմանները լրամշակելու նպատակով: Կապահովվի տրամադրվող ֆինանսական աջակցության չափի որոշումը, ինչպես նաեւ անձանց իրավունքների իրացման երաշխավորումը: Արդյունքում փաստացի ԲԳՎ ստացած, սակայն 1 տարվա ժամկետը դեռեւս չսպառած անձինք կունենան ծրագրից արդյունավետ օգտվելու, մշտական օթեւան ունենալու հնարավորություն: Որոշման նպատակներից է լուծել 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային հարցը ՀՀ մարզերում: Հիմնավորման համաձայն՝ ԲԳՎ-ների տրամադրման ծրագիրը 2020-2021 թթ. ընթացքում իրականացվել է Երեւան քաղաքում, եւ դրա շրջանակում բնակարանի գնման վկայագրեր են ստացել 270 ընտանիքներ, որոնցից 205-ը 2022 թ. օգոստոսի 1-ի դրությամբ արդեն իրացրել են վկայագրերը եւ գնել են բնակարաններ (փաստացի ծախսը կազմել է շուրջ 2.8 մլրդ դրամ)։ Այժմ նախատեսվում է այն իրականացնել ՀՀ մարզերում: 2022 թ. սկզբից մեկնարկած՝ մարզերում բնակվող հավակնորդ շահառու ընտանիքների վերահաշվառման արդյունքներով՝ ՀՀ 10 մարզերում բնակվում է 194 հավակնորդ շահառու ընտանիք։

 

 

 

ԿԱԶԱՏՎԵՆ

ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Տրանսպորտային միջոցների ներմուծման ոլորտի զարգացմանը եւ այդ ոլորտում առկա խնդիրները լուծելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում. տրանսպորտային միջոցների ներմուծում իրականացնող (ֆիզիկական եւ իրավաբանական) անձինք կազատվեն ավելորդ վարչարարությունից եւ անհարկի ֆինանսական կորուստներից: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս ՀՀ ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսազերծումը չի իրականացվում ՀՀ սահմանին՝ ներմուծման ժամանակ, այլ դա իրականացվում է ՀՀ սահմանից հեռու, այլ բնակավայրերում (օրինակ՝ Սիսիան, Գյումրի քաղաքներում, իսկ կազմակերպությունների կողմից տ/մ-ի ներմուծման դեպքում՝ Երեւան քաղաքում), ինչից հետո նոր միայն տրանսպորտային միջոցը մաքսային ձեւակերպում իրականացնող մաքսային մարմնի կողմից ստանում է «Ժամանակավոր» համարանիշ։ Շատ հաճախ ՀՀ ներմուծվող տ/մ-ները սահմանից մինչեւ մաքսային ձեւակերպման վայրեր հասցնելու համար ստիպված են լինում օգտվել ավտոտարհանիչների ծառայությունից, իսկ ներմուծողները ստիպված են լինում ավտոտարհանման համար վճարել բավականին մեծ, հաճախ կամայական եւ ոչ ողջամիտ գումար նույնիսկ այն պարագայում, երբ տ/մ-ն սարքին վիճակում է եւ հնարավորություն ունի վարելու միջոցով հասնել մաքսային ձեւակերպման վայր։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ սահմանին մաքսային մարմիներին լիազորել ՀՀ ներմուծվող եւ պետական գրանցման ենթակա տ/մ-ներին «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր հատկացնելու իրավասությամբ։




Լրահոս