ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ՝ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ոստիկանությունը երկրում կատարվող հանցագործությունների բացահայտման նոր տարբերակ է մշակել, իհարկե՝ տնտեսվարողների հաշվին։ Այսինքն՝ ՀՀ-ում գործող մի շարք տնտեսվարող սյուբեկտներ, այդ թվում եւ՝ լիցենզավորվող գործունեություն իրականացնող, իրենց տարածքներում պետք է տեղադրեն տեսանկարահանող համակարգեր, իսկ ոստիկանությունն օնլայն հետեւելու է։ Ավելին, պարզվում է, որ որոշման մասին այս նախագիծը ոստիկանությունը մշակել է  ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ միասին։ 

 

Օրինակ՝ վարկային կազմակերպության եւ դրա մասնաճյուղերի մուտքը եւ շինության բոլոր կողմերը դրսից պետք է ապահովված լինեն անընդմեջ եւ բարձր որակի տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու եւ տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ:

Իսկ տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ եթե տվյալ տարածքը տեղակայված է շենք առաջին հարկում, ապա տվյալ տարածքի երկայնքով ապահովվի երկկողմանի տեսահսկում՝ տեսախցիկների տեսադաշտում ներառելով մուտքի դուռը, երկայնքով՝ ամբողջ տարածքը, եթե տվյալ տարածքը առանձին շենք է, ապա ապահովվի ամբողջ տարածքի պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի դուռը, եթե տվյալ տարածքը առանձին շենք է, որն առանձնացված է պարսպով, ապա ապահովվի ամբողջ պարսպի երկայնքով պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի դուռը:

Տեսահսկվող տարածքում պետք է փակցված լինեն «Տարածքը եւ դրա շրջակայքը տեսաձայնագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ:

Նշենք, որ բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կամ բանկի տարածքային ստորաբաժանման մուտքը եւ շինության բոլոր կողմերը նույնպես պետք է դրսից ապահովված լինեն տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ոստիկանությունը օնլայն տարբերակով հետեւելու է հասարակական տրանսպորտը։ Ոստիկանությունն առաջարկում է ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ուղեսրահները եւս ապահովել բարձր որակի տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու եւ տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավորություն ունենան տեսահսկելու ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահը եւ ավտոբուսի կամ միկրոավտոբուսի դիմացի հատվածն ամբողջությամբ: Հայտնի է, որ գրպանահատության դեպքերը Հայաստանում մեծ աճ են գրանցել, բայց արդյոք ոստիկանությանը կհաջողվի տեսախցիկների միջոցով դրա դեմն առնել, ցույց կտա ժամանակը։ Բայց մյուս կողմից էլ՝ տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը խախտելու համար տուգանք է նշանակվելու։ Տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու լիցենզիայի պարտադիր պահանջը խախտելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված պատասխանատվություն, առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100.000 դրամի չափով։

Փաստորեն, տիեզերք արձակված առաջին արհեստական արբանյակն էլ դեռ արդյունքներ չի տալիս. չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում օգտագործվելու են սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ կառավարման ոլորտում. ոստիկանությունը հույսը դրել է տնտեսվարող սուբյեկտների վրա։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

Գործադիրը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը՝ հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը օժանդակելու, ինչպես նաեւ Հայաստանի այլ երկրների հետ արդյունավետ մրցակցելու հնարավորության պահպանման նպատակով։

 

Հիմնավորման համաձայն՝ ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների գործունեության խթանների առումով տարբեր երկրներում կիրառվում են մի շարք հարկային արտոնություններ։ ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մեծ մասն իր եկամուտները ստանում է արտերկրից արտարժույթով. ներկայումս ԱՄՆ դոլարի եւ եվրոյի արժեզրկման արդյունքում համապատասխան ծավալով կրճատվել են տեղական ընկերությունների ֆինանսական մուտքերը, ինչը խոչընդոտ է հանդիսացել կազմակերպությունների բնականոն զարգացմանն ու առաջխաղացմանը։ Աջակցության տրամադրումը խթան կհանդիսանա կազմակերպությունների զարգացման համար՝ հնարավորություն ընձեռելով պահպանել առկա աշխատատեղերը՝ միաժամանակ չկրճատելով աշխատակիցների աշխատավարձերը:

Ինչպես նշել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022 թվականի հունիսից հոկտեմբերին իրենց աշխատակիցներին տրվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի, ինչպես նաեւ նրանց կողմից արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալն աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը։ «Նախագծի նպատակն է նաեւ ժամանակային հնարավորություն տալ ոլորտի կազմակերպություններին` իրենց բիզնես մոդելի վերափոխման, գործող պայմաններին հարմարվելու, ինչպես նաեւ ՏՏ ոլորտի համաշխարհային բարդույթներին դիմակայելու համար։ Տրամադրվող պետաջակցության չափը ոլորտին նախնական գնահատմամբ կազմում է 10 մլրդ դրամ, ինչը հնարավորություն կտա պահպանել աշխատատեղերը եւ պահպանել աշխատակիցների աշխատավարձերը»,- ասել է նախարարը։

 

 

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

Կառավարության որոշմամբ՝ «Վերտեքս Գրուպ» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի մաքսատուրքից ազատվելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ինքնակպչուն ժապավենների արտադրության համար։ Ընկերության կողմից տարվում են բանակցություններ դեպի ՌԴ եւ Վրաստան արտադրանքի արտահանման նպատակով: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ստեղծել 5 նոր աշխատատեղ՝ մինչեւ 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 90 մլն դրամ:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ մաքսատուրքից ազատվելու արտոնությունից կօգտվի նաեւ «Տոսպ Գրուպ» ՍՊԸ-ն: Ընկերությունը ներմուծվող հումքը կօգտագործի կանացի, տղամարդու եւ մանկական հագուստի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 50 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար, 175 մլն դրամի ներդրում՝ շինարարական աշխատանքների իրականացման համար, եւ 2.6 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ստեղծել 70 նոր աշխատատեղ՝ մինչեւ 243 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 210 մլն դրամ։

«ՎանՍեւան» ՍՊԸ-ին նույնպես տրամադրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից օգտվելու թույլտություն: «ՎանՍեւան»-ը ներմուծվող սարքավորումները կօգտագործի գինու արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 40.1 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 11 նոր աշխատատեղ։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 40.1 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3.8 մլն դրամ:

 

 




Լրահոս