ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, որը վերջերս է տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է ամերիկյան կյանքին եւ զբաղվածությանը:

 

-Նաիրա՛, Դուք արդեն տեւական ժամանակ է, ինչ բնակվում եք հայաշատ Գլենդել քաղաքում: Ինչո՞վ եք զբաղվում այնտեղ:

-Զբաղվածությունս այստեղ շատ-շատ է, իրականում այստեղ պարապ մնալն անհնար է: Այո, ինձ մոտ հիմա պասիվ շրջան է, բայց, փառք Աստծո, այստեղ եւս ունեցել եմ առաջարկ: Անկեղծ ասած, ստեղծագործող մարդու համար պետք է լինի սիրտ, հավես, տրամադրություն եւս, քանի որ անկախ նրանից, թե որտեղ ես ապրում, ծանր ես տանում եւ ռեալ գիտակցում ես, թե ինչ է կատարվում քո երկրում, քո ազգի հետ. դա է պատճառը, որ նախընտրում եմ պասիվ լինել:

-Սովորաբար Ձեր կոլեգաները, երբ հայրենիքից հեռանում են, սկզբնական շրջանում անցնում են որոշակի դժվարությունների միջով: Դուք ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել:

-Աշխատել եմ մեծերի մանկապարտեզում, շարունակում եմ դիմահարդարում անելը, մի ամբողջ կազմակերպություն եմ ղեկավարում եւ, իհարկե, զբաղվում եմ բժշկությամբ, որի մասին, ցավոք սրտի, չեմ կարող խոսել, քանի որ կան հայի վատ տեսակներ, որոնք նեղվում են, որ դու կարող ես մի քանի մասնագիտություն ունենալ, իսկ իրենք, դիվան քշելով, փորձում են թույլ տալ իրենց կարծիք հայտնել: Սովորում եմ բժշկություն ու միաժամանակ աշխատում եմ, ինչի մասին դեռ չեմ ցանկանում խոսել: Իմ կարծիքով՝ դժվարությունները կյանքի մի ընթացք են, որը պետք է հաղթահարես: Դժվար էր, երբ դստերս հետ տեղաշարժվում էի ավտոբոսով, քանի որ մեքենա չունեի, բայց շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք իմ կողքին են եղել եւ մշտապես ամեն պարագայում աջակցել եւ սեր են տվել:

-Իսկ ինչո՞ւ որոշեցիք մեկնել Հայաստանից եւ բնակվել ԱՄՆ-ում:

-Հատուկ պատճառ չկա, պարզապես այս անգամ երկարաժամկետ եմ այստեղ գտնվում, քանի որ ունեմ շատ գործեր, միջոցառում, որը պետք է անցկացնեմ անձամբ ես, եւ դա է պատճառը, որ իմ՝ Հայաստան գալը հետաձգվում է, բայց դա չի նշանակում, որ ես այստեղ մշտական եմ հաստատվել: Ես միշտ ասել եմ՝ ուր էլ որ գնամ, հետ եմ գալու իմ հայրենիք:

-Այժմ Հայաստանում դժվարին օրեր են. հեռվից հետեւո՞ւմ եք իրադարձություններին, ինչպե՞ս եք արձագանքում, ի՞նչ տպավորություն ունեք:

-Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ դժվարին օրեր են: Հիմա այստեղից, երբ հետեւում եմ, փորձում եմ հասկանալ սփյուռքում ապրող  մեր հայրենակիցներին, թե ինչու էին այդքան ծանր տանում մեր երկրի վիճակը: Հեռվից ամեն ինչ ավելի դաժան եւ ցավոտ է,  երբ դու ոչնչով չես կարող օգնել քո ժողովրդին: Իսկ երբ Հայաստանում ես, դու գոնե կարող ես գնալ, փորձել գոնե աջակցել, ինչով կարող ես: Կուզենայի նաեւ վստահ ասել, որ լավ օրից ոչ մեկը հայրենիքից չի գնում: Հիմա ինձ համար շատ դժվար է, քանի որ կուզենայի լինել իմ հայրենիքում՝ հարազատներիս, հայենակիցներիս կողքին: Այո՛, ես ցավ եմ ապրում, երբ ամեն օր օդանավակայանում տեսնում եմ, թե ինչքան մարդ է գալիս եւ, ցավոք սրտի, մշտական հաստատվում ԱՄՆ-ում: Ես ցանկանում եմ՝ գա մի օր, որ բոլոր հայերը ետ գան, իսկ ես շուտով գալու եմ, քանի որ ես իմ երկիրը պաշտում եմ եւ խենթանում եմ Հայաստանի օդի համար:

 

 

 

«ԻՄ ՍՐՏԻՆ ԱՄԵՆԱՄՈՏԸ ԴՈՒ ԷԻՐ, ՀԱՅԿՈ՛»

Երգչուհի, ոճաբան Անահիտ Սիմոնյանն իր հետեւորդներին ցուցադրել է նոր դաջվածքը: Ուշագրավն այն է, որ երգչուհու նոր դաջվածքը նվիրված է իր նախկին ամուսնուն՝ երգիչ Հայկոյին:

 

«Իմ սրտին ամենամոտը դու էիր, Հայկո՛»,- այս խոսքերն է դաջել երգչուհին:

Նշենք, որ Անահիտն ու  Հայկոն 11 տարվա ամուսնությունից հետո բաժանվել էին, իսկ համատեղ կյանքի ընթացքում ունեցել են մեկ որդի՝ Արմանը:

Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 29-ին կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ, երգահան Հայկոն:

Նյութերը՝ ԼԻԴԱ  ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

 

 

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԵՂԵԼ

Արգենտինայի հավաքականի ավագ եւ հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է Մեքսիկայի խաղաշապիկի հետ կապված սկանդալը։ Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը Մեսիի գոլի եւ գոլային փոխանցման շնորհիվ 2:0 հաշվով հաղթել էր Մեքսիկայի հավաքականին։ Խաղից հետո արգենտինացիները հանդերձարանում ցնծությամբ նշել էին հաղթանակը։ Մեսին Մեքսիկայի հավաքականի խաղացողի հետ փոխանակած խաղաշապիկը գցել էր հատակին։ Տեսագրությունը տարածվել էր սոցիալական ցանցերում։

«Այդ դրվագի հետ կապված կարող եմ միայն ասել, որ թյուրիմացություն էր։ Ինձ ճանաչողները գիտեն, որ ես երբեք չեմ դրսեւորում հարգանքի բացակայություն։

Ամեն խաղից հետո էլ հանդերձարանում այդպիսի բաներ են կատարվում։ Ես ներողություն խնդրելու պատճառ չեմ տեսնում։ Մեքսիկայի ժողովրդին կամ նրանց հավաքականի խաղաշապիկի նկատմամբ քամահրանք ցույց տալու ոչ մի մտադրություն չեմ ունեցել»,- ասել է Մեսին:

Այս գիշեր պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսը ներողություն էր խնդրել Մեսիից սպառնալիքների համար։ Սաուլ Ալվարեսը «Թվիթեր»-ում արած գրառումով սպառնացել էր Լիոնել Մեսիին Մեքսիկայի հավաքականի խաղաշապիկը տրորելու համար։

 

 

 

ՖՐԱՆՍԻԱՆ ԿԲՈՂՈՔԱՐԿԻ

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական բողոք կներկայացնի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա՝ աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը գոլը VAR-ով չեղարկելու եւ Ֆրանսիային պարտություն գրանցելու հարցով։

«Կարծում ենք՝ Գրիզմանի գոլը չեղարկելը սխալ որոշում էր։ Պետք է 24 ժամում բողոք գրենք։ Հիմա կազմում ենք հիմնավորումները»,- ասել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը։

Գրիզմանը Թունիսի դեմ խաղում պատասխան գոլը խփել էր ավելացված 8-րդ րոպեին։ Հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով։ Սակայն մրցավարն արդեն եզրափակչ սուլիչից հետո VAR-ի օգնությամբ գրանցել էր խաղից դուրս վիճակ եւ փոխել հաշիվը։ Չնայած 0:1 հաշվով պարտությանը՝ Ֆրանսիան խմբում գրավեց առաջին տեղը եւ 1/8 եզրափակիչում կմրցի Լեհաստանի հավաքականի հետ։




Լրահոս