2018 թվականից սկսած՝ իր պաշտոնավարման մեկնարկից մինչեւ օրս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ մանիպուլատիվ հայտարարություններով է հանդես եկել, որոնք վերաբերել են նաեւ պաշտպանության ոլորտին, ռազմական ծախսերին: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է դրանցից եւս մեկը: 2021 թվականի հունիսին՝ Արմավիրի մարզ կատարած նախընտրական այցի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ իբրեւ թե բանակի 10 տարվա ընթացքում ձեռք բերված զինամթերքի 75-80 տոկոսն իր կառավարության օրոք է ձեռք բերվել: Ավելի վաղ նա հայտնել էր, որ 2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ՝ ավելի է մոտ 4.5 տոկոսով: ԽՈՉՍՈջրՍՌռ ցջպս պարբերականն այդ ժամանակ եւս հոդված էր հրապարակել, որտեղ պնդում էր, որ Փաշինյանը մարդկանց մոլորեցնելու համար մանիպուլյացիայի է դիմում, ստում է՝ հատկապես սպառազինության վրա ծախսված միջոցների առումով: Հոդվածից մեջբերումներ այդ ժամանակ կատարել էր 168.am-ը: «Զենքի մատակարարման վերաբերյալ բոլոր պայմանագրերը կնքվել են մինչեւ 2018 թվականը, որից հետո դրանք միայն կատարվել են, այն էլ՝ ոչ ամբողջությամբ, խիստ կրճատված եւ աղավաղված: Մասնավորապես, ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի՝ 2019 թվականի ծախսերի մեծ մասը՝ 190 միլիոն դոլարը, ուղղվել է ավիացիային, այսինքն՝ հենց այն «Սու-30»-ների գնմանը, որոնք մատակարարվել էին առանց զինամթերքի եւ չէին ներգրավվել պատերազմին: Եթե սրանք չհաշվենք, ապա Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանին ՀՕՊ-ի եւ հրթիռների համար բաժին է ընկնում ընդամենը 58 միլիոն դոլար, ընդ որում՝ ՀՕՊ-ից ավելի վաղ նախատեսված ՁԿՀ-երի գնումները, ինչպես նաեւ Հորդանանից ձեռք բերված անպետք «Օսա-ԱԿ»-ները, որոնք ոչնչացվել են առաջին իսկ օրը»,- ասվում է հոդվածում: Այսինքն՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիա է արել:
Արցախի նորանշանակ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, որ միայնակ տեղափոխվել է Արցախ մշտական բնակության եւ աշխատելու նպատակով, արդեն քաղաքական մի շարք պայմանավորվածություններ է խախտել: Մասնավորապես, պայմանավորվածություն է եղել, որ Արցախի նախարարները մինչեւ հունվարի վերջ պետք է աշխատեն, որից հետո Վարդանյանը կձեւավորի կաբինետը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ռուբեն Վարդանյանը, ըստ էության, չի պահել խոստումը եւ աշխատանքային նպատակով նոյեմբերի վերջին հրավիրել է գործադիրի անդամներին, ապա անակնկալ կերպով 1 օր ժամանակ տվել հեռանալու համար: Ինչպես հայտնի է, նոյեմբերի 23-ին 9 նախարար ազատվել էին պաշտոնից. Արցախում 11 նախարարություն կա: Բացի այդ, Ռուբեն Վարդանյանը ոչ միայն պայմանավորվածություն է խախտել, այլ նաեւ Արցախում առկա ավանդույթները: Բանն այն է, որ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում ավանդույթ է առկա, որ նախկին նախարարներին ըստ պատշաճի են ճանապարհում՝ աշխատակազմի հետ հրաժեշտի օր կազմակերպելով, սակայն նախարարներ են եղել անգամ, որ իրենց աշխատասենյակի դուռը փակել, բանալին տվել են քարտուղարությանը կամ պարեկին եւ դուրս են եկել շենքից, առանց պատշաճ շնորհակալության արժանանալու այս տարիների աշխատանքի համար: Այն, որ Ռուբեն Վարդանյանը ռեսուրս չունի եւ չի շտապում նոր նախարարներ նշանակել, ապացուցում է այն հանգամանքը, որ, Արցախի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքի համաձայն, 11 նախարարություններից 9-ը ղեկավարում են պաշտոնակատարները. միայն առկա են ՀՀ պաշտպանության նախարար եւ ներքին գործերի նախարար:
«Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի զոհերի ֆոնին PR անող փոխքաղաքապետը այժմ էլ որոշել է «Եվրատեսիլ» երգի մրցույթն օգտագործել ապագա քաղաքապետի պաշտոնում իր դիրքերն ամրապնդելու համար: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Տիգրան Ավինյանն արդեն հարմար տեղավորվել է քաղաքապետի «աթոռին» եւ իրեն արդեն քաղաքային իշխանության ղեկավար է զգում: Այս խոսքերի վառ ապացույցը նաեւ երեկ Երեւանի քաղաքապետարանում անցկացված մամուլի ասուլիսն էր, որին միանգամից երկու փոխքաղաքապետ էր մասնակցում, բայց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չկար ու չկար: Եվ այս օրերին էլ, երբ մեծ աղմուկ են հանել Հանրապետության հրապարակում իրականացված լուսազարդարման աշխատանքները, արձագանքները հենց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մակարդակով է: Վերջինս քաղաքապետարանում իր ձեռքն է վերցրել ամեն ինչ եւ իրեն լիովին քաղաքապետ է զգում: Երեկ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Տիգրան Ավինյանը եւս իրեն զգում էր որպես քաղաքապետ, որոշում, թե բանախոսներից ով որ հարցին պետք է պատասխանի, սակայն այդպես էլ խուսափեց պատասխանել հարցին՝ ամանորյա զարդարանքներն իր PR-ի համար են արվում, թե ոչ: Ավելին՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 5-ին հենց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակիցների հետ միացնելու ամանորյա տոնածառերի լույսերը, ինչն ավանդաբար հենց քաղաքապետն է անում: Հենց այդ օրը՝ ժամը 13:00-ին, Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան ասուլիսով է հանդես գալու եւ թերեւս կանդրադառնա նաեւ այդ հանգամանքին:
Սեփական թիմի ներսում սեւ ցուցակներ կազմող եւ թիմակիցների դեմ դավեր նյութող՝ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հերթական «զոհը» ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քոչարյանին մտերիմ մի քանի ՔՊ-ական պատգամավորներ նախապատրաստվում են դեկտեմբերի 9-ին, երբ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը պետք է ներկայանա խորհրդարան: Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը, եւ, ըստ նախնական տեղեկությունների, դեկտեմբերի 9-ին պետք է քննարկվի Ներքին գործերի նախարարության ստեղծման հարցը: Այդ օրը Վահե Ղազարյանի համար այնքան էլ հանգիստ չի լինելու, քանի որ որոշ ՔՊ-ականներ որոշել են քննադատել նրա գործունեությունը: Բանն այն է, որ ՔՊ-ում Անդրանիկ Քոչարյանի թեւն ամեն ինչ անում է, որպեսզի Վահե Ղազարյանը ներքին գործերի նախարար չդառնա, եւ, որպես նրա վատ աշխատանքի ցուցանիշ, քաղաքական իշխանություններին ցույց են տվել ոստիկանության որոշումներից մեկը, որը կապված է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի անվան հետ: Ըստ այդմ, կարծիքներ են հնչել, թե իրենք նախկինների գործողությունների դեմ են պայքարում, իսկ ոստիկանապետը նրանց հետ գործարքի է գնում: Մամուլը գրել էր, որ Մհեր Սեդրակյանի անվան հետ կապվող «Բիդեք» ՍՊԸ-ն հաղթել է ոստիկանության կողմից հայտարարված մրցույթը, որի ընդհանուր արժեքը 1 մլրդ 275 միլիոն դրամ է՝ 3 մլն դոլարից ավելի։ Մամուլը նաեւ գրել էր, որ «Բիդեք» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի նախկին սեփականատեր Գառնիկ Ավետիսյանը ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի մտերիմ ընկերն է, անգամ գրվել էր նաեւ, որ իրականում ընկերությունը պատկանում է Մհեր Սեդրակյանին, բայց գրանցված է ընկերոջ անունով։ Բացի այդ, Քաղաքաշինության կոմիտեն ու Երեւանի քաղաքապետարանը 2022 թվականի ընթացքում մոտ 3,2 միլիարդ դրամի գնում են կատարել այդ ՍՊԸ-ից: Գնումների գործընթացը համակարգչային բաշխումով է կազմակերպվում, ու շատ հաճախ մարդկային գործոնը զերոյական է դառնում: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը կհետեւի ՔՊ-ականների արշավին Վահե Ղազարյանի դեմ, քանի որ ակնհայտորեն Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ականների մի մասի ձեռքերով «պատերազմ է հայտարարել» ՀՀ ոստիկանապետին: